Մայիսի 9-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը միջոցառում էր կազմակերպել` նվիրված ԼՂՀ բանակի կողմից Շուշիի ազատագրման 20-ամյակին: Ն. Դումբաձեի անվան Թբիլիսիի պետական երիտասարդ հանդիսատեսի թատրոնում անցկացված հանդիսավոր նիստին ու համերգին մասնակցել են ինչպես Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը` արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդը, թբիլիսահայ մտավորականությունը, տարբեր հասարակական կազմակերպություններ եւ Վրաստանի նախագահի ազգամիջյան հարցերով խորհրդական Վան Բայբուրդը: Բայց այն դուր չի եկել ոչ միայն ադրբեջանցիներին, այլեւ «Վիրահայերի միությանը»:
Մասնավորապես, ադրբեջանական շահերը սպասարկող «Գրուզինֆորմ» ընդդիմադիր կայքը հանդես է եկել այդ միջոցառումը դատապարտող մի քանի հրապարակումներով: Նշված կայքի տխրահռչակ ղեկավարը` Առնո Խիդիրբեգիշվիլին, որն, ըստ որոշ տեղեկությունների, ծագումով հայ է, սակայն իր ազգուրացության մեջ այնքան հեռու է գնացել, որ անգամ ծնողների տապանաքարերի վրայից է ջնջել նրանց հայկական ազգանունները: Ուրեմն նա իրեն իրավունք է վերապահել Վրաստանի հայ համայնքին ցուցումներ տալ` թե որտեղ, ինչպես եւ ինչ միջոցառումներ պիտի նրանք իրականացնեն, այլեւ ոչ ավել, ոչ պակաս` գնահատել, թե որքանով են լավ կամ վատ աշխատում ՀՀ դեսպանները Վրաստանում. «Հայաստանի դեսպանը եւ նրա գործընկերները համարում են իրենց գործողությունները հարի՞ր դիվանագիտական կոչմանը: Այո, որպես հայեր, այլ ոչ որպես դիվանագետներ, նրանք, իհարկե, իրավունք ունեն նշելու ցանկացած իրենց հոգեհարազատ օր, բայց ոչ Վրաստանի պետական մշակութային հիմնարկներում, այլ հայկական ազգային մշակութային կենտրոններում, ինչպես նրանք հաճախ անում են Թբիլիսիում. Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Մեյդանի Սուրբ Գեւորգ եկեղեցում, Խոջիվանքի հայ գրողների եւ հասարակական գործիչնեի պանթեոնում, կամ, ծայրահեղ դեպքում, Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում, բայց ոչ Ն. Դումբաձեի անվան երիտասարդ հանդիսատեսի թատրոնում»: Ահա այսպես, այս պարոնը, որն, ի դեպ, հրաշալի տեղեկացված է, որ օրինակ, Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնն արդեն 3 տարի է՝ փակ է` շենքի վթարայնության պատճառով, եւ նաեւ այն պատճառով, որ վրաց իշխանությունները խոստացված միջոցներն այդպես էլ չեն հատկացնում թատրոնի վերանորոգման համար, փորձում է Վրաստանի հայ համայնքի իրավունքներն ու դրանց դրսեւորման շրջանակները նեղացնել մինչեւ դեռեւս չփլուզված կամ չյուրացված հատուկենտ հայկական եկեղեցիների կամ Խոջիվանքի տարածքը:
Սակայն այստեղ վրդովեցուցիչը ոչ այնքան ադրբեջանական շահերի այս նսեմ սպասարկուի կեցվածքն է, որն իր սեփական կայքում եւ ադրբեջանական լրատվամիջոցներում ՀՀ դեսպանատան գործողությունները որակում է որպես «սրբապղծություն», որքան այդ կայքի` «խորին վրդովմունքին» հետեւած «Վիրահայերի միության» խայտառակ արձագանքը: Սույն կազմակերպությունը, որն իր անվամբ իրեն է վերագրել Վրաստանում ապրող հայերի հավաքական կարծիքն արտահայտողի դերը, սակայն իրականում շատ հեռու է դրանից, շտապել է հանդես գալ այնպիսի մի նվաստացուցիչ արդարացմամբ, որը պարզապես նողկալի է: Այսպես. «Վիրահայերի միություն» կոչվող այս կառույցի ղեկավար Գենա Մուրադյանն արդեն մայիսի 12-ին «Գրուզինֆորմին» ուղղված հայտարարությունում հերքել է իր ղեկավարած կազմակերպության առնչությունը տվյալ միջոցառմանը` շեշտելով, որ իրենք անգամ հրավիրված չեն եղել միջոցառմանը: ««Վիրահայերի միություն»-ը իր սուր բողոքն է արտահայտում սադրանքների եւ ապատեղեկատվության դեմ»: Սադրանքն էլ, ուշադրություն դարձրեք` Շուշիի ազատագրման 20-ամյակի միջոցառումն է, որի կազմակերպիչ կամ մասնակից լինելը յուրաքանչյուր հայի համար պատվաբեր պետք է լիներ: Եւ միանգամայն ողջունելի է, որ միջոցառման կազմակերպիչները չեն հրավիրել իրենց հայ լինելուց վախվորած եւ Շուշիի ազատագրման օրը նշելը սադրանք համարող այդ լպրծուն գործիչներին:
Ընդ որում, արժե հիշատակել, որ այս տխրահռչակ կազմակերպության փոխնախագահներն են նույն Պետրոս Ադամյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, պատգամավոր Արմեն Բայանդուրյանը, որը ապրիլի 24-ին Վրաստանի խորհրդարանում ծավալված ձեռնամարտի ժամանակ այդպես էլ ծպտուն չհանեց, եւ Վրաստանի նախագահի ազգամիջյան հարցերով խորհրդական Վան Բայբուրդը, որը թեեւ մասնակցում էր միջոցառմանը, բայց նրան, չգիտես ինչու, ադրբեջանամետ կայքի խմբագիրը շտապել էր ապահովագրել այս ամենի պատասխանատվությունից` նշելով, որ վերջինս «դեմ էր տվյալ միջոցառման անցկացմանը»:
Ամփոփելով` նշենք, որ թեեւ Վրաստանում ՀՀ դեսպանն ու Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը ակտիվորեն աշխատում են եւ մեծ ջանքեր են գործադրում, այնուամենայնիվ, առանց Հայաստանի ուշադրության եւ հստակ ձեւակերպված քաղաքականության, հնարավոր չի լինի էական տեղաշարժ արձանագրել: Միեւնույն ժամանակ, տեղի հայկական կազմակերպությունները պետք է հասկանան, որ իրենց դրսեւորած ստորաքարշ վարքագծով չեն նպաստելու հայ համայնքի խնդիրների լուծմանն ու երկու երկրների բարեկամության խորացմանը:
«ՎԻՐԱՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ»-Ը ԴԵՄ Է ՇՈՒՇԻԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ