Երեկ՝ 16:15-ի սահմաններում, Կասկադի մոտից «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» եւ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ «Մշակութային բազմազանություն» խորագրով երթ պետք է մեկնարկեր դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ, այլ կերպ ասած՝ երկնագույնների պաշտպանության երթ: Սակայն այն խափանվեց պահպանողականների կողմից:
Նշենք, որ նախքան շքերթի մեկնարկը, սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվել, որ «Մշակութային բազմազանություն» անվան տակ իրականում «գեյ-շքերթ» է կայանալու, ինչն ազգային պահպանողական գաղափարներ կրող մի խումբ երիտասարդների սրտով չէր: Նրանք էլ շուրջ 20 հոգուց կազմված խմբով հավաքվել էին Սարյանի արձանի մոտ, որպեսզի կանխեին այդ երթը: Իհարկե, երթի մասնակիցներն էլ պնդում էին, որ իրենք պարզապես մշակութային միջոցառում են անցկացնում եւ առնչություն չունեն միասեռականների հետ:
Երբ պահպանողականները փորձում էին «երկնագույնների» պաստառները խլել, քաշքշուկ առաջացավ, ինչը հանդարտեցրեց ոստիկանությունը: Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը՝ Բազազը, փորձում էր ամեն կերպ զսպել, որպեսզի երիտասարդները չբախվեն իրար:
«Մշակութային» ակտիվիստները բացականչում էին՝ «Բազմազանությո՛ւն, հավասարությո՛ւն», իսկ նրանց դեմ հանդես եկող, «Ամո՛թ, ամո՛թ», «Գոմիկներին՝ Բաքու», «Մաքուր Հայաստան», «Սրանք գոլուբոյ են», «Ոչ այլասերմանը» եւ նմանատիպ գրություններով պաստառներով երիտասարդները փորձում էին ամեն կերպ խանգարել երթի մասնակիցների մուտքը դեպի Նկարիչների միություն: Պահպանողականները բռունցքները իրար վրա էին դնում՝ միմյանց խոստանալով հաղթել:
Իհարկե, ոստիկանների օգնությամբ «մշակութասերները» կարողացան մուտք գործել Նկարիչների միություն: Օրինապահներն էլ յուրատիպ «չեզոք գոտի» էին կազմել՝ բացի լրատվամիջոցներից, արգելելով բոլորի մուտքը Նկարիչների միության շենք:
«Եթե ձեր երեխային ձեր աչքի առաջ մորթեն, դուք ի՞նչ կանեք, ամեն մի ճանապարհ կգտնեք, որ նրան սատկացնեք, չէ՞: Նույնը սրանց հետ ենք անելու մորթելու ենք»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց պահպանողական ակտիվիստներից Հարությունը:
Մանկավարժական համալսարանի դասախոսներից մեկը նույնպես միացել էր ակցիային: «Ո՞ւմ է ձեռնտու այլասերել այս փոքրիկ ազգը: Ոչ ոք իրավունք չունի այլասերություն քարոզել, ես այս երիտասարդների հետ եմ եւ դեմ եմ այլասերությանը»,-մեզ հետ զրույցում նշեց նա՝ չցանկանալով հրապարակել իր անունը:
Մոտ մեկ ժամ պահպանողական երիտասարդները կանգնեցին Նկարիչների միության շենքի առջեւ եւ տեղեկանալով, որ «շքերթի» ակտիվիստները շենքի հետնամասով գնացել են, վազեցին նրանց հետեւից, սակայն վերջիններիս հաջողվել էր հեռանալ:
Ի դեպ, բողոքի ակցիայի ժամանակ պահպանողական երիտասարդներից մեկին ոստիկանները բերման ենթարկեցին լրագրող Սիրանույշ Պապյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանք տալու համար:
ՄԻԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԻ ԲԱԽՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ