ՀԱԿ-ը սխալ է համարում անորոշ ժամանակով քաղաքական ակտիվ գործողությունների հետաձգումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ ազգային կոնգրեսը» հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«1. Ս.թ. նոյեմբերի 6-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղխորհուրդը որոշում է ընդունել հանրապետության բոլոր կարեւոր բնակավայրերում Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ ձեւավորելու մասին։

2. Միասնական գրասենյակների ձեւավորումն ինքնին վատ գաղափար չէ, եթե այն զուգորդվում է մայրաքաղաքի Ազատության հրապարակում ընթացող ակտիվ քաղաքական գործողությունների հետ, ինչը լրացուցիչ խթան կարող է ծառայել հենց այդ գրասենյակների արդյունավետ գործունեության համար։

3. Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու եւ Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար։

4. Նկատի ունենալով նշված հանգամանքները, Հայ Ազգային Կոնգրեսը հույժ անհրաժեշտ է համարում, Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձեւավորմանը զուգընթաց, որեւէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը»։




Լրահոս