Դատապարտյալը կրկին դիմում է Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանը, ով այս պահին գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, հերթական անգամ բաց նամակ-խնդրանքով դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Նամակում ասվում է.

«Հարգարժան Նախագահ, դիմում եմ Ձեզ իմ հանդեպ կատարվող բոլոր ապօրինությունների, անօրինական պատվերներով խոշտանգումների հարցի շուրջ: Ես և ողջ ընտանիքս արդարադատության զոհն ենք դարձել: Ես դատապարտվել եմ 4 տարի 8 ամիս ժամկետով, պատիժ եմ կրում արդեն 4 տարի 4 ամիս: Մի շարք կաշառակեր, ուսադիր կրող պաշտոնյաներ բնակարանս վաճառել տվեցին, ինչի դիմաց պետք է ինձ պայմանական վաղաժամկետ ազատեին: Սակայն ավելի ուշ բացահայտվեց, որ նրանց միայնգումարն էր հարկավոր:
Հարգարժան նախագահ, այժմ ողջ համակարգը լարված է իմ նկատմամբ, շինծու տույժերի է ենթարկում, բնութագրում ինձ` իբրև ռիսկայնությամբ բարձր, ագրեսիվ և կոնֆլիկտային դատապարտյալի: Էլ չեն խոստովանում, որ կաշառակեր, ուսադիր կրող պաշտոնյաներն են այսպիսին դարձրել ինձ իրենց անարդարացի և ծածկամիտ վարքի դրսևորմամբ: Նրանք դրդում են ինձ սադրիչ գործողությունների, իրենք էլ իրենց հերթին բանսարկություններ են իրականացնում իմ նկատմամբ:
Գումարները յուրացրեցին, ապա 5 ամիս շարունակ անմարդկային պայմաններում պահեցին ինձ Արդարադատության նախարարության «Արթիկ» ՔԿ հիմնարկի պատժախցում: Սրա պատվիրատուն «Նուբարաշեն» ՔԿՀ պետի նախկին տեղակալ Դավիթ Կառլոսի Մուրադյանն էր, ով այս պահին գտնվում է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում: ՔԿՀ պետի նախկին տեղակալը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման` կաշառք վերցնելու մեղադրանքով: Նրան մտածելու համար երկար տարիներ են տրվել, թե ինչու ընտանիքիս անօթևան դարձրեց: Կաշառակեր այս պաշտոնյայի անօրինականության հետևանքով ծանր վիրահատութան եմ ենթարկվել և դարձել երկրորդ խմբի հաշմանդամ:
Պարոն Նախագահ, ցանկանում եմ շեշտել նաև այն հանգամանքը, որ սպորտի բնագավառում շատ մեծ հաջողությունների եմ հասել, շրջագայել եմ շատ երկրներում և որևէ այլ տեղ նման անօրինականությունների չեմ հանդիպել արդարադատության ոլորտում, ինչպիսին կա Հայաստանի Հանրապետությունում:
Բազմիցս դիմում-խնդրանքներ եմ ուղարկել ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, որպեսզի հնարավորություն տա իր հետ հանդիպելու, սակայն հարգարժան Նախարարը չի բարեհաճում այցելելու ինձ: Թեպետև դա նույնպես հասկանում եմ, կարծում եմ «երեսը չի բռնում» արդարադատության զոհ դարձած դատապարտյալին հանդիպելու: Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում քրեական ոլորտում բարեփոխումներ են իրականացվում, ինչը պետական բարձրաստիճան պաշտոնյաները հանրային սեկտորի հետ քննարկելու պատրաստակամություն են հայտնել: Հասկացել եմ նաև, որ Հայաստանում չափազանց հեշտ, թելադրանքով, ապօրինաբար պատժից պայմանական վաղաժամկետ չեն ազատում դատապարտյալներին:

Բոլոր ազատազրկվածները պետք է հասկանան, որ ոչ ոք իրեն չի պաշտպանի, քանի դեռ ինքն իրեն չի պաշտպանում, պետք է հասկանան նաև, որ որևէ մեկից օգնություն սպասելն անիմաստ է, քանի դեռ ինքն օրենքով սահմանվածկարգով չի պատերազմել իր իրավունքների համար: Դատապարտյալները պետք է հասկանան նաև, որ երբ սկսեն պաշտպանել իրենց իրավունքներ, բոլորն իր կողքին կլինեն: Սրանք կալանավայրերում և զորանոցներում ծնված կանոններ են:

Հարգելի Նախագահ, եթե մեր երկիրը շատերին է երկար ժամանակով մեկուսացնում հասարակությունից, դա հավասարազոր է դառնում մահապատժի, ընտանիքների պառակտման, նոր սերնդի` երկիր գալու վտանգին:

Մի՞թե այսքանն է մեր սերը մեր ժողովրդի, մեր երկրի նկատմամբ, պարոն Նախագահ:

Հարգարժան Սերժ Ազատի, արդարադատության անօրինականությունները վիրավորում են ՀՀ քաղաքացիներին, նրանց հարազատներին, նպաստում է արտագաղթի թվերի աճին: Ոչ ոք չի ցանկանում արդարադատության սեղմող անիվների տակ ընկնել: Իմ և բոլոր այն դատապարտյալների անունից, ովքեր գնահատում են ազատության իրական գինն ու ընտանիքի կողքին լինելու բերկրանքը, խնդրում եմ տալ պայմանական վաղաժամկետ ազատման, ընտանիք վերադառնալու, ուղղման ճանապարհին կանգնելու  հնարավորություն:

Այս կյանքում ոչ ոք ապահովագրված չէ քրեակատարողական հիմնարկներում հայտնվելուց: Խնդրում եմ Ձեզ վերանայել անկախ հանձնաժողով կոչված կառույցի առկայությունը, որը պարզապես դատապարտյալներին ագրեսիվ, կոնֆլիկտային, ինքնասպանության դրդող կառույց է:

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյան»:




Լրահոս