Այսօր կմեկնարկի հինգերորդ գումարման Ազգային ժողովի հերթական քառօրյան: Այս քառօրյայի ժամանակ տեղի են ունենալու մի շարք կարևոր նախագծերի քննարկումներ:
Մասնավորապես, արտահերթ քննարկման է դրվելու Կառավարության կազմում կառուցվածքային փոփոխություններ կատարելու հարցը: Հիշեցնենք, որ այս որոշմամբ նախատեսում են իրար միացնել Տարածքային և Արտակարգ իրավիճակների նախարարությունները: Բացի այդ, որոշվում է կայացվել ստեղծել նոր՝ Միջազգային տնտեսական ինտեգրացիա և բարեփոխումների նախարարություն:
Այս օրինագծից բացի արտահերթ է ճանաչվել նաև 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը: Համապատասխան հանձնաժողովներում քննարկումներ անցկացնելուց հետո այն կքննարկվի քառօրյայում, ապա կդրվի քվեարկության:
Նախատեսված է նաև քննարկել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հանրապետական խմբակցությունն առաջարկում է մինչև մեկ միլիոն աշխատավարձ ստացող մայրերին փոխհատուցել 100 տոկոսի չափով, իսկ չաշխատող մայրերը կստանան նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով անաշխատունակության նպաստ: