Ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը ողջ աշխարհին հայտնի է որպես համեստ և ամաչկոտ մարդ, ով միայն իր գործն է կատարում և ցանկանում է, որ մարդիկ իրեն գնահատեն արած աշխատանքով, այլ ոչ թե խոսքերով: Նա հանդիսանում է այն միլիարդատերերից մեկը, ով չունի նույնիսկ տասնամյա կրթություն: Իր հնարամտության և աշխատասիրության շնորհիվ նա կարողացել է զրոյից կառուցել իր այսօրվա հսկայական կարողությունը:
Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917 թվականի հունիսի 6-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Նա կրտսերն էր Միացյալ Նահանգներ գաղթած Ահարոն և Լիլյա Քըրքորյանների չորս երեխաներից: Հետագայում Քըրքորյանների ընտանիքը գումար վաստակելու նպատակով տեղափոխվում է Լոս Անջելես: Մեծ եղբայրը` Նշանը, ով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր, սկսում է նրան բռնցքամարտի դասեր տալ: Այդ դասերն իզուր չեն անցնում: Քըրքը այնպես է տարվում մարզաձևով, որ 8-րդ դասարանում թողնում է դպրոցը:
Նա իր գործունեությունը սկսել է ավտոմեքենաների բիզնեսից: Գնելով հին, օգտագործված մեքենաներ` նա ներկում և վաճառում էր դրանք և յուրաքանչյուրի դիմաց աշխատում 10-15 դոլար: Նրա կյանքը բեկումնային ընթացք է ստանում, երբ հանդիպում է Օ’Ֆլաերտին, ով զբաղվում էր պատի վառարանների տեղադրմամբ, և Քըրքը աշխատանքի է անցնում նրա մոտ ` աշխատելով ժամում 45 ցենտ:
1945 թվականին Քըրքորյանը ձեռք է բերում Cessna ուսումնական մեկ-շարժիչային ինքնաթիռ, վերադառնում է Լոս Անջելես և սկսում իրականացնել մասնավոր չարտերային չվերթներ: Առաջին անգամ Քըրքորյանը ծանոթանում է Լաս Վեգասին, որը մեծ տպավորություն է թողնում նրա վրա: Իսկ արդեն 40-50-ական թվականներին նրան այնտեղ գիտեին որպես հմուտ խաղացողի, ով ժամանակ առ ժամանակ կարող էր հաղթել, բայց ավելի շուտ պարտվել 50-80 հազար դոլար մեկ գիշերվա ընթացքում:
1947 թվականին Քըրքորյանը 60.000 դոլարով գնում է Los Angeles Air Service փոքրիկ չարտերային ավիաընկերությունը, որն օդային կամուրջ է դառնում Լոս Անջելեսի և Լաս Վեգասի միջև: Հետագայում` 1968 թվականին, նա վաճառում է այն 104 միլիոն դոլարով: 1965 թվականին Քըրքորյանը դառնում է ԱՄՆ Հեռահաղորդակցությունների արդյունաբերական միության սեփականատերը: Եկամուտները սկսում են աճել: Այդ նույն ժամանակաշրջանում էլ նա իրականացնում է մի գործարք, որը Fortune ամսագիրը հետագայում անվանեց Լաս Վեգասի պատմության մեջ ամենահաջողակ հողային գործարքներից մեկը: Քըրքորյանը 960.000 դոլարով գնում է 80 ակր հողատարածք: Հողատարածքի առանձին կտորները վարձով տալով` նա կարողանում է մինչև այն վաճառելը աշխատել 4 միլիոն դոլար:
Այնուհետև Քըրքորյանը ստեղծում է MGM հյուրանոցը` առաջին մեգա-հանգստավայրը Լաս Վեգասում: Այդ նպատակով նա ձեռք է բերում 82 ակր հողատարածք Paradise Road-ի վրա և առանց երկար սպասելու սկսում շինարարությունը: Նա գնում է նաև հարևան «Ֆլամինգո» հյուրանոցը: Համալիրի ներսում Քըրքորյանը ստեղծում է հատուկ մի վայր, որտեղ երեխաները կարող էին խաղալ, լողալ և զվարճանալ, քանի դեռ նրանց ծնողները գտնվում էին խաղատանը:
1973 թվականին Քըրքորյանը կառուցում է Լաս Վեգասի իր հերթական հյուրանոցը` կրկին ամենամեծն աշխարհում և անվանում այն Grand Hotel: Քըրքորյանը փորձում է իր ուժերը նաև մեքենաների բիզնեսում: 1980-ականներին նա դառնում է Chrysler ընկերության բաժնետեր: Նրան է պատկանում նաև General Motors ընկերության արժեթղթերի մի մեծ փաթեթ:
Զուտ կապիտալը՝ 3,3 մլրդ ԱՄՆ դոլար
Հարստության աղբյուր՝ խաղատներ, հյուրանոցներ, ներդրումներ
Forbes միլիարդատերեր՝ 412-րդ հորիզոնական
Forbes ԱՄՆ՝ 118-րդ հորիզոնական
Նաիրա Հովհաննիսյան