Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության  նախարար Հովհաննես  Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը  աշխատանքային այցով նոյեմբերի 8-ին գտնվում էր Վրաստանում:  Այցի ընթացքում  կայացել են հանդիպումներ, քննարկումներ Վրաստանի  մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նախարարը հանդիպել է Վրաստանի Պրոբացիայի և պատիժների կատարման հարցերով նախարար Գեորգի Մգեբրիշվիլիին: Հանդիպման առաջին մասում քննարկվել են երկու երկրների իրավական համակարգերին առնչվող  հարցեր: Կողմերն անդրադարձել  են  պրոբացիայի ինստիտուտի կիրառման վրացական փորձին: ՀՀ արդարադատության նախարարը, կարևորելով հանդիպումը, նշել է, որ ծանոթ է պրոբացիոն համակարգում  վրացական կողմի իրականացրած աշխատանքների արդյունավետությանը՝  ասելով, որ  այդ ուղղությամբ ակնկալում է մանրամասն քննարկում, քանի որ Հայաստանը նոր է պատրաստվում ներդնել պրոբացիոն ծառայության  ինստիտուտը:  Նախարարները  փաստել են, որ երկու երկրներն էլ, թեև բարեփոխումների դինամիկ ընթացքին,  դեռևս երկար ճանապարհ ունեն անցնելու արդյունավետ համակարգերի կառուցման ուղղությամբ և կան խնդիրներ, որոնք արմատական լուծում են պահանջում: Վրաստանի Պրոբացիայի և պատիժների կատարման հարցերով նախարարը, ներկայացնելով պրոբացիայի  համակարգում իրականացվելիք  աշխատանքները, նշել է, որ 2014 թվականի սեպտեմբերին պատրաստվել է  համակարգի բարեփոխումների փաթեթ, որի ներդրմամբ պրոբացիոն ծառայության արդյունավետությունը  էականորեն կբարձրանա:  Գեորգի Մգեբրիշվիլին շեշտել է, որ իրենց աշխատանքի առաջնահերթությունը քրեական պատիժների իրականացման գործընթացում  մարդու իրավունքների ապահովումն է, որն էլ հենց այս բարեփոխումների անկյունաքարն է: ՀՀ արդարադատության նախարարը հետաքրքրություն է հայտնել պրոբացիոն համակարգի վրացական տարբերակի հանդեպ՝ նշելով, որ չնայած վրացական համակարգի հիմքում եվրոպական լավագույն փորձն է, այնուամենայնիվ վտահ է, որ գործընկերներին հաջողվել է տեղայնացնել այն:  Հովհաննես Մանուկյանը կարևորել է բաց քննարկման ձևաչափը, ինչը թույլ կտա յուրաքանչյուրին ազատ ներկայացնել իր երկրի փորձը՝ վեր հանելով սխալները և բացառելով դրանց հետագա կրկնությունը:  Նա նշել է նաև,   որ պրոբացիոն համակարգի ներդրման հիմնական նպատակը մեկն է՝  մարդկանց հնարավորություն ընձեռել  արդյունավետ վերինտեգրվել հասարակություն: Հանդիպման երկրորդ հատվածում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներն իրենց գործընկերների հետ առավել  մանրամասն  անդրադարձել  են Հայաստանում պրոբացիոն հայեցակարգի նախագծին, քննարկել են Վրաստանի պատժի կատարման համակարգի բարեփոխումները: Քննարկման ավարտին  ՀՀ արդարադատության նախարարը գործընկերոջը հրավիրել է Հայաստան:  Հրավերը սիրով  ընդունվել է:

ՀՀ արդարադատության նախարարը հանդիպել է նաև Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Բադաշվիլիին:  Գլխավոր դատախազին փոխանցելով հայաստանյան գործընկերոջ ողջույնը՝ ՀՀ արդարադատության նախարարը  կարևորել  է հանցագործության դեմ պայքարի գործում երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունը:  Վրաստանի գլխավոր դատախազը  նախարարի ուշադրությունն է հրավիրել երկու երկրների միջև ձևավորված աշխատանքային առողջ և արդյունավետ համագործակցությանը՝ շեշտելով, որ բարեկամ երկրների միջև հանցավորության դեմ համատեղ  պայքարի հարցում   չկան չլուծված խնդիրներ, սակայն իրավական ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացման համար միշտ էլ անհրաժեշտ են պատշաճ ջանքեր գործադրել:

ՀՀ արդարադատության նախարարը ընդգծել է, որ երկու երկրներում էլ իրավական տեղեկատվության փոխանակման հարցում դեռևս անելիքներ կան և համագործակցությունն այս ուղղություններով անհրաժեշտ է խորացնել:

Կողմերը մտքեր են փոխանակել իրենց երկրներում ընթացող դատաիրավական բարեփոխումներից: ՀՀ արդարադատության նախարարն անդրադարձել է նաև ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի դատաիրավական բարեփոխումներին վերաբերող հատվածին: Այս համատեքստում փոխանակվել են մասնագիտական կարծիքներ: Կողմերն անդրադարձել են նաև քրեական պատիժների կատարման օրինականության նկատմամբ  դատախազական   հսկողության խնդիրներին:Հանդիպման ավարտին ՀՀ արդարադատության նախարարը ևս մեկ անգամ կարևորել է համագործակցությունն ու փորձի փոխանակման  արդյունավետությունը:

Հովհաննես Մանուկյանի հաջորդ հանդիպումը Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի  հետ էր:   Հանդիպմանը կողմերն անդրադարձել են տեղական իշխանությունների հետ Վրաստանի հայ համայնքի համագործակցության խնդիրներին:

Հովհաննես Մանուկյանը Թբիլիսիի քաղաքապետին է փոխանցել Երևանի քաղաքապետի ողջույնները և հրավերը աշխատանքային այցով այցելել Երևան:

 




Լրահոս