Ընտանեկան թշնամանքը վերջնականապես վարկաբեկում է Մկրտումյաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որևէ մեկի համար նորություն չէ, որ Հայաստանում դատարաններն ամենավարկաբեկված մարմիններն են, և այս փաստը մեկ անգամ չէ, որ ապացուցվել է: Իսկ այն, որ Վճռաբեկ դատարանն այս առումով առավել քան կոռումպացված է, բազմիցս հայտարարել են հենց ոլորտի աշխատողներ, այդ թվում՝ դատավորներ:

ՎԴ նախագահի՝ «անհասկանալի» հանգամանքներում ձեռք բերած ահռելի հարստությունն ու գործելաոճը ևս բազում քննարկումներից անմասն չի մնում: Սակայն երբ բուռն քննարկումներին մասնակցում են նաև Արման Մկրտումյանի հարազատները՝ ի դեմս հոր և եղբոր, դա արդեն զավեշտալի է դառնում գոնե առավել կարևոր գործերով իրենց օրն անցկացնող մարդկանց համար:

Օրեր առաջ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի եղբայրը` Ռուբեն Մկրտումյանը, ոչ միայն եղբոր մասին սկանդալային հայտարարություններով հանդես եկավ, այլև հավելեց, թե իր ճառը ոչ թե ներանձնային խնդիրներից է բխել, այլ՝ արդարության կայացման ակնկալիքից:

Տեղեկացնենք, որ դեռևս տարիներ առաջ լուրեր էին տարածվել, թե Մկրտումյան եղբայրների միջև լարվածությունն առաջացել է ժառանգության հողի վրա: Այսպես, շրջանառվող լուրերի համաձայն՝ Արման Մկրտումյանին հասել է ժառանգության առյուծի բաժինը, ինչից կրտսեր եղբայրը՝ Ռուբենը, վրդովվել է: Իսկ ավելի ուշ, երբ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոն է ստանձնել, Արման Մկրտումյանը ապրուստի գումար է հատկացրել հորը, ինչը երկար չի տևել: Ընտանեկան խժդժությունների հետևանքով որդին հրաժարվել է հորը գումար տրամադրել և աստիճանաբար այս հունով զարգացող իրադարձությունների արդյունքում եղավ այն, ինչ եղավ:

Այդուհանդերձ, գաղտնիք չէ, թե ինչ է կատարվում Վճռաբեկ դատարանի պատերի ներսում, ինչ սկզբունքով և ինչի ազդեցության ներքո են աղմկահարույց գործերով վճիռները կայացվում: Եվ Ռուբեն Մկրտումյանի պարզաբանումը, թե աղմկալի հայտարարություններն այս պահին է անում, քանի որ իր վրա խորը ներգործություն է ունեցել ՄԻՊ զեկույցը, մեղմ ասած, այնքան էլ համոզիչ չէ: Թարմացնելով Վճռաբեկի նախագահի եղբոր հիշողությունը՝ հարկ ենք համարում նշել, որ ՄԻՊ նշված զեկույցը հրապարակվել է 2013 թվականին, ավելին՝ մի քանի շաբաթից հրաժեշտ կտանք նաև 2014-ին:

Ինչևէ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և միջազգային կառույցներին ուղղված բաց նամակն արդեն պատրաստ է՝ հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանի մեծամտությունը, ամբարտավանությունը, արհամարհական վերաբերմունքը շրջապատի, հատկապես հարազատների հանդեպ, և ամենակարևորը՝ փողի, շարժական և անշարժ գույքի նկատմամբ անսահման սերը և, ընդհանրապես, նրա էությունը, բնավորությունը ես ճանաչում եմ այնքան լավ, որքան ոչ ոք …»:

Նշված նախաբանից հետո Ռուբեն Մկրտումյանը սահուն անցում է կատարում ՎԴ նախագահի՝ կարճ ժամանակում ձեռք բերած կարողություններին՝ դրանց ձեռք բերելու հանգամանքներում կոռուպցիոն ռիսկեր տեսնելու վախը շեշտելով: Արման Մկրտումյանի իրավաբան եղբայրը նամակում նշում է, թե վախենում է, որ եղբոր նկատմամբ հանրության ատելությունը կանդրադառնա իր երեխաների վրա: Ավելին՝ նա, դիմելով ՀՀ նախագահին, նշում է, թե Արման Մկրտումյանի նշանակումը Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականության ամենախոշոր սխալն է:

Թե ինչ հույսեր է կապում Ռուբեն Մկրտումյանը նշված նամակի հետ, թերևս գիտի միայն ինքը, սակայն ավելորդ չենք համարում հիշեցնել նաև այն, թե ինչ հետևանք ունեցավ 2009 թվականին Մկրտումյանների հոր՝ Յուրի Մկրտումյանի բարձրացրած աղմուկը նախագահական նստավայրի առջև. Արման Մկրտումյանը սրան անգամ ջանք չարեց անդրադառնալ՝ բավարարվելով այն խոսքով, թե հայրը խելագար է: Ի դեպ, իր նամակում այս մասին ևս հիշատակում է գործազուրկ դարձած Ռուբեն Մկրտումյանը՝ վստահեցնելով, որ իրենց հայրն առողջ միտք ունի, նա իմաստուն մարդ է և գիտի, թե ինչ է գրում: Ռ. Մկրտումյանի խոսքով՝ ինքն այլևս ոլորտում չի աշխատում, քանի որ չի ցանկանում եղբոր պատճառով վարկաբեկվել: Բայց մի՞թե առավել վարկաբեկիչ չեն ընտանեկան խմորումներն ու խնդիրներն ի ցույց դնելը, հանրության քննարկման առարկան դարձնելը… Մկրտումյանների համար, կարծես թե, ոչ:

Եվ այն, որ Արման Մկրտումյանն անսահման իշխանություն ունի բոլոր դատարանների վրա, նրա եղբայրը չէ, որ պետք է ապացուցեր. դատական կառույցների հետ առնչվող յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն դա զգացած կլինի սեփական մաշկին: Իսկ պե՞տք էր արդյոք նման աղմուկ բարձրացնել, վրդովված եղբոր կերպարը հրապարակայնացնել, թողնում ենք Ձեր դատին:

Տաթև Հարությունյան




Լրահոս