ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ՄՈՐԻՑ ԽՆԴՐԱԳԻՐ ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քարվաճառի շրջանի Հավսաթաղ համայնքի բնակիչ Աստղիկ Արսենյանի խնդրագիրը.
Հարգարժան պարոն Վարչապետ:
Ձեզ է դիմում ԼՂՀ Շահումյանի շրջանի Հավսաթաղ համայնքի բնակիչ՝ 1964 թ. ծնված Աստղիկ Արամայիսի Արսենյանը:
2000 թվականից ի վեր ես իմ հինգ երեխաների հետ բնակվում եմ Շահումյանի շրջանի Հավսաթաղ համայնքում: Այս տարիների ընթացքում, հաճախ՝ գործազրկության պայմաններում, միայնակ մեծացրել եմ իմ երեխաներին՝ ապավինելով միայն սեփական ուժերին: Այժմ երկու որդիներս՝ Ավետիք Հովիկի Հովհաննիսյանը (ծնված՝ 1986 թ.) և Հովհաննես Հովիկի Հովհաննիսյանը (ծնված՝ 1987 թ.) չափահաս են, իսկ ավագ դուստրս՝ Անին ամուսնացել և բնակվում է Երևանում: Մյուս դստրերս՝ Հերիքնազ (ծնված՝ 1996 թ.) և Մարիամ (ծնված՝ 1987 թ.) Հովիկի Հովհաննիսյանները շարունակում են բնակվել մեր տանը՝ Հավսաթաղում:
2010 թ. ավագ որդիս՝ Ավետիք Հովհաննիսյանն ամուսնացել է Ստեփանակերտում բնակված Ռուզաննա Կարապետի Հովսեփյանի հետ (ծնված՝ 1990 թ.), որոնց 2011 թ. ծնվել է առաջին դուստր՝ Յաննա Ավետիքի Հովհաննիսյանը: Ավետիքը կնոջ և երեխայի հետ միասին դարձյալ բնակվում են մեր տանը:
Տեղեկացնեմ Ձեզ, որ վերաբնակվելու համար ընտանիքիս հատկացված տան ընդհանուր մակերեսը շուրջ 60 քկմ է, որը խիստ անբավարար է այդտեղ բնակվող 7 հոգու համար:
Տեսնելով ընտանիքիս ունեցած բնակարանային դժվարությունները՝ Հավսաթաղի համայնքապետ Սայաթ Մելքոնյանը և համայնքի ավագանին 2012 թ. մարտ ամսին օրինական ընթացակարգի շրջանակներում որոշել են ավագ որդուս՝ Ավետիք Հովհաննիսյանի ընտանիքին հատկացնել համայնքի տարածքում գտնվող 2000 թ. վերակառուցված, բայց միանգամայն անպիտանացած ու քայքայված վիճակում գտնվող ու տարիներ լքված շինությունը՝ 70 քկմ ընդհանուր մակերեսով:
Հիշյալ շինությունը, ինչպես արդեն նշել եմ, գտնվում է խիստ վատթար վիճակում: Տան մի պատն ամբողջությամբ քայքայված և փլուզված է, փտել ու վերացել է հատակը, թափվել է սվաղը և մասնակիորեն վնասվել տանիքը: Ցավոք, Շահումյանի շրջվարչակազմը միջոցների սակավության պատճառով ի վիճակի չէ ընդառաջել մեզ՝ տան վերակառուցմանն աջակցելու հարցում:
Հարգարժան պարոն Վարչապետ: Մեր բազմամարդ ընտանիքի հոգսն այնքան մեծ է, որ մենք ի վիճակի չենք տան վերակառուցման ծախսերն ամբողջությամբ հոգալ: Բայց իմ որդիները և, անգամ, աղջիկները կարող են սեփական ուժերով իրականացնել անխտիր բոլոր շինարարական աշխատանքները: Ձեզ ուղղված մեր միակ խոնարհ խնդրանքը՝ մեզ անհրաժեշտ շինանյութով աջակցելն է: Եթե Դուք կարողանայիք մեզ գոնե 3 տոննա ցեմենտ հատկացնել, ապա դրանով իսկ ի դեմս Արցախի իշխանության կդառնայիք մեր ընտանիքի և ազատագրված արցախյան հողից կառչած հայ օջախի մեծ բարերարը:
Հարգանքով և Ձեր աջակցության խոնարհ ու անկեղծ ակնկալիքով՝
Աստղիկ Արսենյան
ԼՂՀ Շահումյանի շրջան
Հավսաթաղ համայնք




Լրահոս