ՏՈԿՈՍԻ ՏԱԿ ՄՆԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը միայն մեկ բանի մասին է հուշում`Հայաստանը գնալով աղքատանում է, ու թվում է, թե այս գործընթացը վերջ չունի: Հայաստանի բոլոր կառավարություններն իրենց պարտքն են համարել խոսել արտահանման խթանման մասին: Սերժ Սարգսյանն էլ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ իր նախընտրական ծրագրում հատուկ անդրադարձել էր այս հարցին: Նա, մասնավորապես, խոստացել էր. «Միջազգային շուկայում հայկական ծագում ունեցող ապրանքների հեղինակության ու ճանաչելիության բարձրացման միջոցառումներ. սրանք են լինելու երկրի տնտեսությունն արտահանմանն ուղղված զարգացման տանող առաջնային գործիքները»: Կառավարությունները գալիս ու գնում են, բայց իրավիճակը չի փոխվում. արտահանման եւ ներմուծման բացասական տարբերությունը շարունակում է աճել:
Այս տարվա անցած ինն ամիսների տվյալներով՝ Հայաստանից արտահանվել է մեկ միլիարդ 103 միլիոն դոլարի, իսկ ներկրվել է 3 միլիարդ 253 միլիոն դոլարի ապրանք: Բացի այդ՝ այս տարվա ինն ամիսներին արտերկրից դրամական փոխանցումների դրական տարբերությունը կազմել է 963 միլիոն 830 հազար դոլար: Եթե Հայաստանը դիտարկենք որպես մեկ մեծ ընտանիք, ապա ստացվում է, որ մեր ընտանիքն իր վաստակածից երեք անգամ ավել է ծախսում: Ավելին՝ հարազատների` արտերկրից ուղարկած գումարները, որոնք «ընտանիքի» վաստակած գումարի չափ են, միեւնույն է՝ խնդիրը չեն լուծում: Ինն ամիսների կտրվածքով Հայաստանն աղքատացել է մեկ միլիարդ 186 միլիոն դոլարի չափով:
Իհարկե, ցանկացած ընտանիք կարող է որոշ ժամանակ նման կերպ «յոլա գնալ»: Պակասորդը լրացնելու համար սկզբում վարկեր են վերցնում, բայց երբ բանկերը տեսնում են, որ նա ի վիճակի չէ իր պարտքերը վերադարձնելու, դադարում են գումար տալ: Դրանից հետո, եթե ընտանիքն իր եկամուտները չի ավելացնում, ապա ստիպված է լինում իր թանկարժեք իրերը վաճառել` ընտանեկան բյուջեի բացը փակելու համար: Իհարկե, լինում են մարդիկ, որոնք նախընտրում են բարձր տոկոսներով վարկեր վերցնել, բայց այդ ճանապարհը կործանման ամենակարճ ուղին է:
Պետության դեպքում էլ իրադարձությունների զարգացման ընթացքը նույնն է: Հայաստանը վաղուց հասել է այն սահմանագծին, որ միջազգային կառույցները ձեռնպահ են մնում արտոնյալ վարկեր տրամադրելուց: Իսկ պետության «վաստակած» գումարները, որոնք արտահանումների տեսքով են արտահայտվում, մնում են գրեթե նույն մակարդակի վրա, մինչդեռ ծախսերը, այսինքն՝ ներմուծումը, շարունակում են աճել:
Այս տարվա ինն ամիսներին անցած տարվա համեմատ 16 միլիոն դոլարով ավել ապրանք է արտահանվել, այն դեպքում, երբ այս տարի նախորդի համեմատ ներմուծումն աճել է 115 միլիոն դոլարով: Մյուս կողմից էլ այս տարվա տրանսֆերները եւս անցածի համեմատ նվազել են ավելի քան 83 միլիոն դոլարով:
Հայաստանում ստեղծված իրավիճակն առավել ողբերգական է դառնում, երբ խնդիրը դիտարկում ենք` հաշվի առնելով իշխող էլիտայի բնույթը: Հայաստանի իշխող էլիտան հենց այն մարդիկ են, ովքեր տիրապետում են երկրի ֆինանսական հնարավորությունների գերակշռող մասին: Նրանց մի մասը կառավարման համակարգի բարձրագույն պաշտոններն է զբաղեցնում, իսկ մյուս մասը փոխհամաձայնեցված ձեւով հանդես է գալիս իշխողներին՝ որպես այլընտրանք կամ իբրեւ ոչ իշխանական ուժեր: Ավելին՝ այս մարդիկ ուղղակի ի վիճակի չեն տնտեսությունը զարգացնել: Բանն այն է, որ նրանք բոլորը հարստացել եւ հարստանում են՝ պետական կառավարման լծակներն օգտագործելով: Նրանց բոլորի եկամուտները հիմնականում ստացվում են սպասարկման եւ առեւտրի ոլորտներից: Իշխանական լծակների օգտագործմամբ ձեռքբերած գումարները նրանք ներդնում են` հյուրանոցային եւ ռեստորանային համալիրներ, գազալցակայաններ եւ բենզալցակայաններ, սուպերմարկետներ եւ էլիտար շենքեր կառուցելու համար: Եթե անգամ նրանցից ոմանք, այնուամենայնիվ, ինչ-որ արտադրություն էլ հիմնում են, ապա, միեւնույն է, այն նախատեսված է լինում Հայաստանի ներքին շուկայի սպառման արտադրանք թողարկելու համար:
Մի խոսքով՝ մինչեւ չփոխվի Հայաստանի իշխող էլիտան, կամ այլ կերպ ասած` ընտանիքի գլուխը, այս անկումը շարունակվելու է:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՀԱՑՆ ԷԼ ԹԱՆԿԱՑԱՎ
Հացի եւ հացամթերքի թանկացումը Հայաստանում շարունակվում է: Երեկ «Ժողովուրդ»-ը արձանագրել է, որ Երեւանի որոշ խանութներում եւ սուպերմարկետներում վաճառվող հացը հերթական անգամ 10 դրամով թանկացել է: Տեղեկացնենք, որ նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ «Առեւտրի եւ սպասարկումների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են մի շարք ապրանքատեսակների դրոշմապիտակավորմանը: Ու թեեւ հացամթերքի շուկայում դրոշմապիտակավորում չկա, այնուամենայնիվ, որոշ տնտեսվարողներ առիթից օգտվելով՝ բարձրացրել են նաեւ հացի գները: Ի դեպ, հացամթերքի շուկայում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գնային վերահսկողություն չունի:
ՍԴ ՆԻՍՏԻ ՕՐԸ ՀԱՅՏՆԻ Է
Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը ՀՀ սահմանադրական դատարանը կքննի նոյեմբերի 14-ին: Այդ օրը դատարանը գրավոր ընթացակարգով քննելու է «2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված` Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխանության հարցը»: Նշենք, որ մինչ այս արդեն լուրեր էին տարածվել այն մասին, որ ՀՀ իշխանությունները մտադիր են նոյեմբերի 17-ին եւ 18-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել` ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրերը խորհրդարանում քննարկելու համար: Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ ՍԴ-ն նոյեմբերի 14-ին նոր միայն կքննարկի պայմանագրի սահմանադրականության հարցը, դժվար թե ԱԺ քննարկումները հաջողվի դրանից ընդամենը երեք օր անց կազմակերպել: Առավել հավանական է, որ արտահերթի օրերը փոխեն:
ԱՃՈՒՐԴԻ ԿՀԱՆՎԵՆ
ՀՀ կառավարության վաղվա նիստում կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը կհատկացվի 20 մլն 561 հազար դրամ: Այս գումարով կառավարությունը նպատակ ունի փոխհատուցելու 2014 թվականի 2-րդ եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից իրականացված ծախսերը: Իսկ կառավարության մեկ այլ նախագծով առաջարկվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի հինգ միավոր, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության մեկ տրանսպորտային միջոցները եւ թվով 3 մետաղե տարողություններն օտարել դասական աճուրդով: Ի դեպ, նախագծով օտարման ենթակա տրանսպորտային միջոցներն ունեն 70 եւ ավելի տոկոս մաշվածք: Օրինակ՝ «Սուբարո Forester-V-4-2.5» աճուրդի հանված մեքենայի մեկնարկային գինը կազմում է 1 մլն 43 հազար դրամ: Իսկ մետաղե տարողությունները 1930 թվականի արտադրության են:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՍԿԱՆԴԱԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՊՆ-ՈՒՄ
Վրաստանի Գլխավոր դատախազությունը մեղադրանք է ներկայացրել ՊՆ աշխատակիցներին՝ նրանց մեղադրելով 2013 թ-ին զորամասերում զինծառայողներին թունավորելու մեջ: Դատախազության տվյալներով՝ 2013 թվականին ՊՆ-ի զորամասերում գրանցվել է զինվորականների հիվանդանալու 10 դեպք, ինչի արդյունքում, ընդհանուր առմամբ, սննդից թունավորվել է 858 զինվորական, 90-ը հոսպիտալացվել է ծանր վիճակում: Բացի այդ` քրգործ է հարուցվել ՊՆ-ի 4 գործող եւ 1 նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում են մոտ 2.3 միլիոն դոլար վատնելու մեջ:
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ
«Քարֆուր» ցանցի բացումը Հայաստանում նախատեսվում է 2015 թվականի հունվարի վերջին, այս մասին երեկ հայտարարել է ցանցի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ ցանցում նախապատվությունը տրվելու է տեղական արտադրանքին, իսկ գյուղմթերքի 95 տոկոսը ձեռք է բերվելու անմիջապես հայ արտադրողներից:
ՄԱՍՆԱԿՑԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության 15-րդ տարեդարձի առիթով տեղի ունեցած Հայրապետական Մաղթանքի արարողությանը:
ԺԽՏՈՂԱԿԱՆ
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը պատրաստվում է եկող տարվա ապրիլին համաժողով հրավիրել 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ու մասնակցության հրավեր ուղարկել նաեւ Սերժ Սարգսյանին։ Թուրքական մամուլի տեղեկացմամբ` հինգ ամսվա ընթացքում նախատեսվում է երեք միջազգային կոնֆերանս անցկացնել, որին բացի պատմաբաններից՝ մասնակցելու են նաեւ Ուինսթոն Չերչիլի թոռ Սիլյա Սենդիեսը, Էնվեր փաշայի թոռ Օսման Մայաթեփեքը, Քյազիմ Կարաբեքիրի թոռ Ֆիլիզ Հանըմը եւ այլք:
ԱՆՏԵՂՅԱԿՆԵՐՈՎ
Արձագանքելով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած տեղեկատվությանը` Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ նախօրեին կայացած հանդիպման շուրջ`«Ազատությունը» դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Կայքի հարցին, թե ինչ տեղեկություններ ունի նշված հանդիպման մասին, եւ արդյոք այն կայացել է,Աժ խոսնակը պատասխանել է. «Տեղեկություններ չունեմ, չեմ կարծում»: Նույնպիսի` «տեղեկություններ չունեմ» պատասխան է տվել նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ուշագրավ է, որ թե՛ ՀՀԿ-ական, թե՛ ԲՀԿ-ական գործիչները խուսափում են ուղիղ հաստատել կամ հերքել հանդիպման փաստը, ինչն արդեն իսկ հետեւությունները դարձնում է ակնհայտ:
ԷԼԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԵՆ
Եվրամիությունն առաջիկա երեք տարիների համար Հայաստանին անհատույց կհատկացնի 140-170 միլիոն եվրո` արդարադատության, մասնավոր հատվածի ու հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը շարունակելու համար: Այդ մասին համապատասխան համաձայնագիրը երեկ Բրյուսելում ստորագրել են Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհանես Հանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: