ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ ՓԵՍԱՆ ԴԺԳՈՀԵԼ Է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻՑ

«Վիկիլիքսի» հրապարակած հերթական փաստաթուղթը պատմում է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի եւ Սերժ Սարգսյանի փեսա, ներկայումս Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի ու ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի՝ 2007թ. նոյեմբերին տեղի ունեցած հանդիպման մասին: Կողմերը քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական դրությունը՝ անդրադարձ կատարելով ընդդիմության նկատմամբ իշխանությունների ցուցաբերած գործողություններին, Հայաստանում խոսքի ազատության հիմնախնդիրներին եւ Իրանի հետ Հայաստանի հարաբերություններին:

Նկատենք, որ իշխանության ներկայացուցիչները ոչինչ չեն ունեցել հակադրելու ամերիկացիների մեղադրանքներին ընդդիմության հանդեպ ձեռնարկած տնտեսական հալածանքների կապակցությամբ: Ուշագրավ են նաեւ Մինասյանի տեսակետները ներքաղաքական իրավիճակի եւ ՀՀԿ-ականների կատակները Իրանի նախագահի շուրջ:
Այսպես՝ Փենինգտոնը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանի խորհրդականների առաջ բարձրացրել է ընդդիմության նկատմամբ իշխանությունների սանձազերծած տնտեսական բռնությունների հարցը: Այդ համատեքստում կենտրոնական թեման եղել է այն ժամանակ ընդդիմության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցություն հայտնած գործարար Խաչատուր Սուքիասյանի բիզնեսների նկատմամբ իրականացվող ագրեսիվ հարկային քաղաքականությունը: Փենինգտոնը հայտնել է, որ ընդդիմադիր լրատվամիջոցների եւ գործարարների նկատմամբ ցանկացած բռնություն Հայաստանի իշխանությունների համար լուրջ խնդիրներ կարող է ստեղծել: Դիվանագետը նկատել է, որ թեպետ իրենք մանրամասնորեն չեն տիրապետում իրադարձություններին, այդուհանդերձ, առկա կարճ ժամանակահատվածում իրավիճակն ամբողջականորեն դիտարկելով՝ Վաշինգտոնի ու Եվրոպայի ղեկավարությունը բավականին բացասաբար է նայելու ստեղծված դրությանը: Հեղինակը փոխանցում է, որ իր ակնարկը Մինասյանը շատ լավ է հասկացել եւ պատասխանել է, որ ինքը միանշանակորեն համաձայն է դիվանագետի գնահատականների հետ: Հետաքրքիր է՝ Սարգսյանի փեսան օտարերկրյա դիվանագետների առաջ փաստորեն ընդունել է փաստը, որ ՀՀ կառավարությունը ռեպրեսիաներ է իրականացրել ընդդիմության դեմ:
Ուշագրավ է, որ Մինասյանը փորձել է մեղմել դրությունը՝ հավելելով, թե Խաչատուր Սուքիասյանը երկար տարիներ է ստվերային ու երկակի գործունեություն ծավալել: Փենինգտոնը, սակայն, թույլ չի տվել խոսակցությունը հեռացնել գործնական հարթությունից եւ պնդել է, որ Սուքիասյանն իրականում երկար տարիներով նույն կերպ էլ աշխատել է ու իշխանություններն ակնհայտորեն ոչ մի խնդիր չեն ունեցել դրա հետ եւ նրա առաջ նմանօրինակ ստուգումներ ու հալածանքներ չեն բանեցրել: Եվ ահա, «ինչո՞ւ է հանկարծ կարիք առաջացել նրա տնտեսական գործունեությունը դնել միկրոսկոպի տակ հատկապես այն օրերին, երբ Սուքիասյանն ակնհայտ քաղաքական աջակցություն է ցուցաբերել ընդդիմադիր թեկնածուի հանդեպ»: Միքայել Մինասյանը, անկարող լինելով որեւէ տրամաբանական հակափաստարկ ներկայացնել, ստիպված է եղել ընդունել, որ իրավիճակը խնդրահարույց տպավորություն է թողնում:
Անդրադառնալով «Ազատություն» ռ/կ հանդեպ նախագահի աշխատակազմի (նախկին) ղեկավար Արմեն Գեւորգյանի սպառնալիքների հարցին՝ Փենինգտոնը նկատել է, որ ռադիոկայանի հանդեպ ցանկացած ոտնձգություն համարվելու է լրջագույն սեւ բիծ Հայաստանի ժողովրդավարական փորձառնության նկատմամբ: Մինասյանն այստեղ իր անհամաձայնությունն է արտահայտել ամերիկացի դիվանագետի հետ՝ շեշտելով, որ «Ազատություն» ռ/կ-ի հայաստանյան ծառայությունը նման է այն երեխային, որին ծնողները թույլ են տվել վազվզել փողոցում եւ չեն էլ հետեւում, թե ինչով է նա զբաղվում: Համեմատությունն ավարտելով՝ Սարգսյանի փեսան պնդել է, որ այդ ռադիոկայանի հայաստանյան ծառայությունը ղեկավարվում է մի խումբ մարդկանց կողմից, ովքեր ուղղորդվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի հին ու մտերիմ ընկեր Հրայր Թամրազյանի կողմից: Մինասյանը հավելել է, որ ռադիոկայանի ղեկավարությունը չտիրապետելով հայերենին՝ չգիտի, թե ինչ որակի հաղորդումներ են հեռարձակվում Հայաստանում: Նրա պնդմամբ՝ հաղորդումներից մեկում Ռ.Քոչարյանին անգամ «թուրք» են անվանել: Նրա կարծիքով՝ իշխանությունները հատկապես տհաճություն են զգում ռադիոկայանի «քծնանքից Տեր-Պետրոսյանի հանդեպ» եւ որ այդ ամենը կատարվում է՝ ԱՄՆ կառավարության աջակցությունը թիկունքում ունենալով: Եզրափակելով թեման՝ Մինասյանը խոստացել է մտահոգությունները հասցնել Ա. Գեւորգյանին ու մեղմել նրա կոշտ դիրքորոշումը: Արձանագրենք, որ Մինասյանը հերթական անգամ գնացել է զիջման ու ամերիկացիների աչքին նախընտրելի երեւալու նպատակով խոստացել «մեղմել» իշխանությունների բարկությունը: Հատկանշական է, որ եթե վերոնշյալ լրատվականն իսկապես այդքան վտանգավոր էր Հայաստանի համար, հազիվ թե ազնիվ իշխանությունն աչք փակեր դրա նկատմամբ:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունները, որի առնչությամբ Փենինգտոնը ներկայացրել է ԱՄՆ մտահոգությունները: Ամերիկացիներին հատկապես զայրացրել էր Իրանի՝ այժմ նախկին նախագահ Ահմադինեժադի՝ Հայաստան կատարած այցելությունն ու ԵՊՀ-ի կողմից նրան պատիվների արժանացնելը: Ամերիկացին զգուշացրել է, որ Հայաստանի կողմից իրանական գազի՝ Վրաստան արտահանումը յուրօրինակ ազդակ կհանդիսանա ԱՄՆ համար: Սարգսյանի թիմակիցները հապճեպորեն ժխտել են իրանական գազի՝ Հայաստանի միջոցով արտահանման հավանականությունը: Ավելին՝ նրանք նկատել են, որ ԵՊՀ-ն նման կոչումներ է շնորհում յուրաքանչյուր օտարերկրացու, որ հայտնվում է ասպարեզում: Նկատենք, որ Սերժ Սարգսյանի թիմակիցները դժվար թե նման արհամարհական տոնով խոսեին ԵՊՀ-ի շնորհած կոչումների մասին Իրանի դեսպանի առաջ: Նրանք այդ պահվածքով ծաղրել են թե՛ ԵՊՀ-ին, թե՛ Իրանի նախագահին՝ վերջինիս կարգավիճակը նույնացնելով մի սովորական օտարերկրացու:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՁՎԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԴԵՖԻՑԻՏ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրությունը մի շարք քաղաքացիներից ահազանգ ստացավ այն մասին, որ երեւանյան որոշ խանութներում եւ սուպերմարկետներում ձու չկա: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի հետ, ով հայտարարեց, որ ներքին շուկայում ձվի դեֆիցիտ չկա, այն արհեստական է:

-Պարո՛ն Ստեփանյան, արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ»-ը ահազանգեր է ստանում, որ երեւանյան խանութներում ձու չկա: Իսկ լինելու դեպքում մարդկանց իրենց ուզած քանակությամբ չի հասնում: Ո՞րն է խնդիրը:
-Այսօրվա տվյալներով արտադրության ծավալները բավարարում են ներքին շուկայի պահանջարկը: Շատ գործարարներ, հավանաբար, պարապ են մնացել ու ցանկանում են ներկրել, քանի որ այն ավելի էժան է, քան արտադրելը: Հիշո՞ւմ եք այս տարեսկզբին ինչ պատկեր ստեղծվեց, երբ «Սովրանո» ընկերությունը ձու ներկրեց: Արդյունքում՝ տեւական ժամանակ խանութներում ժամկետանց հավկիթ էր վաճառվում:
-Այսինքն՝ Դուք պնդում եք, որ ահազանգերը ձվի դեֆիցիտի հետ կապված կե՞ղծ են:
-Ես ենթադրում եմ, որ այդ ահազանգերը կազմակերպված բնույթ են կրում: Այն գործարարները, ովքեր ձու ներկրելու հայտ են ներկայացրել, բայց թույլտվություն դեռ չեն ստացել ներկրելու, այսօր արհեստական դեֆիցիտ են ստեղծում ներքին շուկայում, որպեսզի ոլորտի պատասխանատուները տեսնեն, որ ձու չկա, եւ թույլ տան նրանց ներկրել: Բայց, վստահեցնում եմ, որ ձու արտադրող ընկերությունները նույնիսկ հավկիթի ավելցուկ ունեն:
-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք այն լուրերը, ըստ որի՝ հավկիթը թանկացել է:
-Ձուն չի թանկացել: Այս մասով մենք էլ ենք ահազանգեր ստանում: Բայց ես հայտարարում եմ, որ մատակարարող ընկերությունները կապ չունեն այդ թանկացումների հետ: Նրանցից եւ ոչ ոք չի թանկացրել իր արտադրանքը: Օրինակ՝ Վանաձորից ահազանգ եղավ այն մասին, որ ձուն վաճառվում է 85 դրամով: Բայց ձու մատակարարող ընկերությունը հաշիվ ապրանքագրերով ապացուցեց, որ իրենց մոտ գնային փոփոխություն չի եղել: Տնտեսվարող սուբյեկտներն են որոշում ձուն ինչ գնով վաճառեն: Իսկ այս ամենն ունի վերահսկող մարմին՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:
-Այնուամենայնիվ, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում՝ ե՛ւ արհեստական դեֆիցիտը, ե՛ւ թանկացումը կանխելու համար:
-Մենք արդեն մի քանի օր է, ինչ դիտարկումներ ենք անցկացնում հավկիթի շուկայում, որպեսզի թույլ չտանք, որ սպառողը տուժի: Ուսումնասիրում ենք խնդիրները: Հետեւում ենք, որ խանութներում ձուն չպակասի: Բացի այս՝ յուրաքանչյուր խանութում կամ սուպերմարկետում թեժ գծի հեռախոսահամար կա փակցված, եւ դժգոհությունների դեպքում մեր քաղաքացիները հանգիստ կարող են զանգել:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

ԱՆ-ՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՉԿԱ՞

Արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 7-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի խաղողի եւ պտղատու այգիներում «Եղվարդշին» ԲԲԸ-ի կողմից իրականացված ոռոգման ջրագծի ապամոնտաժման աշխատանքների ժամանակ հրդեհ է բռնկվել, որը մեծ վնաս է պատճառել գյուղացիներին:

Նոյեմբերի 3-ին Վերին Կարմիրաղբյուրի մի խումբ գյուղացիներ Երեւանում՝ նախագահական նստավայրի առաջ, արտահայտել են իրենց բողոքը: Նախագահի աշխատակազմի աշխատակիցներն ընդունել են նրանց, լսել սահմանամերձ գյուղի բնակիչների մտահոգությունները: Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն ասաց, որ դեռեւս տեղյակ չէ, թե նախագահի աշխատակազմից իր համագյուղացիներին ինչ են հայտնել: Գյուղապետի խոսքերով՝ սեպտեմբերի կեսերին իրենց գյուղ է եկել «Եղվարդշին» ԲԲԸ տնօրեն Սամվել Վարդանյանը, ում պահվածքը դուր չի եկել սահմանամերձ գյուղի բնակիչներին:
Գյուղապետի տպավորությամբ Ս. Վարդանյանը Վերին Կարմիրաղբյուր էր եկել գյուղացիների հետ կոնֆլիկտ հրահրելու նպատակով: Ս. Վարդանյանն ասել է, թե պատրաստ է հրդեհի հետեւանքով կորսված խաղողի բերքի յուրաքանչյուր կիլոգրամի համար 100 դրամ փոխհատուցել, իսկ խաղողի` մեկ հեկտարից սպասված, բայց ոչնչացված բերքի չափն էլ համարել է 7 տոննա: Սամվել Վարդանյանն այդ հանդիպման ժամանակ Վերին Կարմիրաղբյուրի բնակիչներին ասել է, որ նրանց հետ փոխհամաձայնության չգալու դեպքում իրենց ընկերության եռակցողը կարող է բանտ նստել, բայց ինքը հետո բանտից կհանի նրան, իսկ գյուղացիները ձեռնունայն կմնան: Գյուղապետն ասաց, որ իրենք այս տարի խաղողը մթերել են 140 դրամով, խաղողի այգու 1000 քառակուսի մետրից էլ 1-1.5 տոննա բերք են ստացել: Նա հայտնեց, որ հարուցված քրեական գործի քննության ընթացքում նվազել են հրդեհից վնասներ կրած ընտանիքների եւ այգիների տվյալները: Եթե նախկինում խոսք էր գնում 48 ընտանիքներին պատկանող 12 հա այգիների մասին, ապա այժմ 37 ընտանիքին պատկանող 6.8 հա այգու մասին է նշվում: Գյուղապետը տեղեկացրեց, որ այդ հանդիպումից հետո Սամվել Վարդանյանն առանձին-առանձին հանդիպել է նյութական վնասներ կրած գյուղացիների հետ, փորձել նրանց համոզել, որ ցածր գներով փոխհատուցի կրած վնասները, սակայն գյուղացիները չեն համաձայնել:
Նշենք, որ հրդեհի կապակցությամբ հարուցված քրեական գործը քննվում է Բերդի ոստիկանությունում: Մեզ հետ զրույցում Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետն ասաց, թե քննիչն ասել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը չունի համապատասխան փորձագետ, ով կկարողանա գնահատել այգիների կրած վնասների չափերը:
Ի դեպ, «Եղվարդշին» ԲԲԸ-ն հրդեհի պատճառ դարձած աշխատանքները կատարել է առանց շինարարական թույլտվության: Հետաքրքիր է՝ արդյոք դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործում ուշադրություն կդարձվի այդ կարեւոր հանգամանքին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 




Լրահոս