ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱՄՈԹ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԷԼԻ ՍԽԱԼՎԵՄ»

90-ականների սեքս-խորհրդանիշ Լիլիթ Կարապետյանը շոու-բիզնես վերադառնալով՝ իրեն ամբողջովին վերագտել է այդ դաշտում: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է առանց հովանավորների աշխատելու բարդությունների, իր կարիերային եւ անձնական կյանքին առնչվող բացթողումների եւ այլ թեմաների շուրջ:

-Լիլի՛թ, «Ժամանակին» երգով նշանավորվեց Ձեր վերադարձը հայկական շոու-բիզնես, կարելի՞ է ասել, որ այդ կերպ փորձեցիք ապացուցել՝ 90-ականների սեքս-սիմվոլը չի խամրել:
-Այո՛, այդ հանգամանքի հետ կապը կար: Տեսահոլովակի պարը բեմադրելուց, զգեստն ընտրելուց հետո ամեն բան ինքնըստինքյան ստացվեց: Ի դեպ, ստացված արձագանքները գերազանցեցին մեր սպասելիքները:
-Հիմա, արդեն, հաջորդ տեսահոլովակի վրա եք աշխատում. փաստորեն, կարողացել եք վերագտնել Ձեզ այս դաշտում:
-Միանշանակ: Ճիշտ է՝ առանց հովանավորների, ակումբներում աշխատելուն, խնջույքներին երգելուն զուգահեռ ծանր է այդ աշխատանքի մեջ ներդրումներ անելը, բայց դա միշտ էլ ինձ հաջողվել է: Երբեք չի եղել, որ լռեմ՝ ֆինանսական խնդիրներից ելնելով: Եթե այս տեմպը պահվի, հետագայում էլ կկարողանամ հոգալ բոլոր հարցերը:
-Ակումբում աշխատելու միջոցո՞վ:
-Եթե կողքից օգնություն չունես, չես կարող ակումբում չաշխատել: Մարդիկ, ովքեր միշտ էկրաններին են, նման խնդիր չունեն, իսկ ես, որ երկար ժամանակ լռել եմ, չեմ կարող ինձ այդպիսի բան թույլ տալ:
-Վերջին շրջանում Ձեր անվան շուրջ անընդմեջ ինտրիգային խոսակցություններ էին պտտվում. սկզբում խոսում էին գաղութում Ձեր «էրոտիկ» կատարումից, ապա՝ Ձեր լուսանկարի ներքո Աշոտ Աղաբաբյանի «սիրավառ» մեկնաբանությունից, կարծես արդեն սովոր եք նման քննարկումներին, այո՞:
-Եթե իմ մասին չխոսեին, ես կնեղվեի. ինչքան անհետաքրքիր, մոխրագույն, գորշ մարդ կլինեմ, որ իմ անվան շուրջ ոչինչ չշրջանառվի… Իմ ամբողջ կյանքում է այդպես եղել…
-Ինչպե՞ս է ստացվել, որ Ձեր անձի նկատմամբ անտարբեր չեն անգամ քաղաքական գործիչները…
-Այն, որ քաղաքական գործիչը սիրով հետեւում է երգարվեստի ներկայացուցչին, համարում եմ առավելություն նրա համար: Այդպիսի գործիչներ շատ կան, ովքեր հարազատ մարդիկ են, սրտացավ են, որոնց կարող եմ համարել իմ լավ ընկերը: Ի վերջո, 90-ականներից այս ասպարեզում եմ. պատկերացրեք՝ որքան ծանոթներ կարող եմ ունենալ:
-Գիտենք, որ կանանց գաղութից շատ երկրպագուներ ունեք, այդ մտերմությունն ինչպե՞ս ստեղծվեց:
-Մինչեւ իրենց մոտ համերգի մեկնարկը շփվելու ցանկություն հայտնեցին, ասացին, որ ես ժամանակին իրենց կուռքն եմ եղել, իմ երգերի ներքո են սիրահարվել: Մինչեւ հիմա նրանցից ձեռագործ զարդեր եմ նվեր ստանում: Երբեմն ցավում եմ, որ հոգեբանի մասնագիտություն չեմ ընտրել. իմ մեջ կա մարդկանց դժվար իրավիճակներից հանելու, մխիթարելու հատկությունը:
-Ձեր կյանքում քիչ չեն եղել դեպքերը, երբ անձնականը զոհել եք հանուն կարիերայի: Եթե կրկին նման ընտրության առջեւ կանգնեք, ինչպե՞ս կվարվեք:
-Արդեն ամոթ կլինի, եթե էլի սխալվեմ, այս տարիքում էլ գնամ-գամ, այնպիսի ընտրություն կատարեմ, որը կխոչընդոտի իմ կարիերային: Նախորդ դեպքերից դասեր ես քաղում…
-Գիտենք, որ ժամանակին շատ գրավիչ առաջարկներից եք հրաժարվել. ընդհուպ մինչեւ Բրիթնի Սփիրսի նախկին պրոդյուսերի հետ 10 տարով պայմանագիր կնքելուց. հիմա չե՞ք փոշմանել:
-Աստիճանաբար ավելի եմ համոզվում, որ կյանքում մեծ բացթողումներ եմ ունեցել: Այդ որոշիչ պահերին ես մտածել եմ իմ հարազատների, մասնավորապես՝ մորս մասին, բայց դա սխալ էր. հետագայում նրանց ապագան է՛լ ավելի լավը կլիներ:
-Այդպիսի ճակատագրական բացթողումներ անձնական կյանքում է՞լ եք ունեցել:
-Վերջերս մտածում էի, որ կային կարեւոր խոսքեր, որոնք ժամանակին պետք է ինչ-որ մեկին ասվեին, նաեւ ասվել են խոսքեր մարդկանց, ովքեր արժանի չեն եղել դրանց:
-40-ի շեմին հայտնված գեղեցկուհի երգչուհին չի՞ վախենում միայնակ մնալուց:
-Իհարկե՝ ոչ. ես վստահում եմ իմ ուժերին (ծիծաղում է): Դեռ չեմ գտել իմ կեսին, բայց մի բառ ասացիք՝ «գեղեցկուհի». ուրիշ բան որ չլինի՝ գեղեցկությունը պետք է, որ դեր խաղա (ծիծաղում է):
-Ձեր հնգամյա որդին ԱՄՆ քաղաքացի է. նրա ապագայի շուրջ ի՞նչ մտորումներ եք ունենում:
-Ինքս չեմ կողմնորոշվում՝ նրա ապագան որտեղ ավելի լավ կդասավորվի: Չեմ կարող ասել՝ Հայաստանը տարիներ անց ինչ կարգավիճակում կլինի, իր անելիքները թող որդիս որոշի: Ես ներքուստ զգում եմ, որ նա իմ ասպարեզն է ընտրելու, նրա մեջ համապատասխան հատկությունները կան: Ամեն դեպքում՝ միշտ նրան օգնելու եմ կայանալու իր ընտրած ոլորտում:

 

 

ՎՆԱՍՎԱԾ ՈՐՄՆԱՆԿԱՐՆ ԱՄՐԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Դեռեւս դեկտեմբերից ՀՀ մշակույթի նախարարությունում քննարկվում էր ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի՝ 1989-ին ստեղծած «Հայաստան» որմնանկարին նորահայտ հուշարձանի կարգավիճակ շնորհելու հարցը: Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի զինվորական զորամասի շենքերից մեկում գտնվող որմնանկարի վտանգված լինելու ահազանգը նախարարությանը հասել էր գրեթե մեկ տարի առաջ, սակայն խնդիրը շարունակում է մնալ չլուծված անգամ որմնանկարի՝ նոր կարգավիճակ ստանալուց հետո: Նկարի համահեղինակ Խաչիկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ որմնանկարն ամեն ցնցումից տատանվում է, դրա վրա ճաքեր են գոյացել, եւ այն հարկավոր է շտապ ամրացնել:

«Ինչ-որ վանդալներ որմնանկարի ներքեւի մասում խզբզել էին, հետո վերականգնման փորձեր էին արվել՝ առանց որեւէ մեկի թույլտվության, եւ որմնանկարը վնասվել էր»,-տեղեկացրեց նկարիչը: Կազմվել է հանձնաժողով, որը որոշել է՝ որմնանկարն արվեստի բարձրարժեք ստեղծագործություն է եւ վերականգնման կարիք ունի: Նկարիչն այդ խնդրով դիմել է պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն, սակայն իրեն պատասխանել են, որ այս տարի այդ նպատակով գումարներ հատկացնել չեն կարող, քանի որ որմնանկարի խնդիրն իրենց ծրագրերում չկա:
Գործակալության տնօրեն Արմեն Աբրոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ իրենք հորդորել են պաշտպանության նախարարությանը, որ վերջինս՝ որպես հուշարձանի օգտագործող, ստանձնի այն չվնասելու, իսկ վնասելու դեպքում՝ վերականգնելու պարտավորություն: Մեր այն հարցին, թե որմնանկարն ամրակայելու, պատը հաստացնելու համար ով պետք է վճարի, Ա. Աբրոյանը պատասխանեց. «Այլեւս՝ օգտագործողը, տվյալ դեպքում՝ պաշտպանության նախարարությունը»:
Նկարչի խոսքով՝ խնդրահարույց է այն հարցը, որ ակումբը, որտեղ գտնվում է որմնանկարը, ԽՍՀՄ փլուզումից հետո դարձել էր «Գազպրոմի» սեփականությունը, հետո անցել այնտեղ տեղակայված զորամասին, որն ամեն րոպե կարող է օտարվել այնտեղից. «Այս պահին տարածքից վտանգ դեռ չկա, մենք հնարավորինս ամեն բան անում ենք՝ որմնանկարը պահպանելու համար»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ համաձայնելով մեր այն պնդման հետ, որ ՊՆ-ն, բացի չվնասելուց, ուրիշ ոչինչ չի կարող անել խնդիրը լուծելու համար: Նա մշակույթի նախարարությանն առաջարկեց համատեղ հանձնախումբ ստեղծել՝ որմնանկարի ճակատագիրը որոշելու համար:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՆՈՐ ԴՈՒԵՏ
Որդու՝ Ռոբերտ Քոչարյանի ծնունդից հետո Սիրուշոն շարունակում է բուռն ստեղծագործական կյանքով ապրել: Վերջին շրջանում ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհին բացի այն, որ պատրաստվում է նոյեմբերի 9-ին Լոս Անջելեսում կայանալիք մենահամերգին, մտադիր է մեկ այլ անակնկալ էլ մատուցել երկրպագուներին: Նա «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում տեղադրել է իր եւ երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի լուսանկարները եւ գրել. «Շուտով»: Ավելի վաղ համացանցում տարածվել էին լուսանկարներ Սիրուշոյի նոր տեսահոլովակից: Արդեն հայտնի է, որ այն նկարահանվել է Ձախ Հարութի հետ դուետի հիման վրա:

 

ԿՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՄՆ-ում օրեր առաջ կյանքից հեռացած դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին կհուղարկավորեն Հայաստանում: News.am-ի փոխանցմամբ՝ մինչ այդ ԱՄՆ-ի նրա հարազատներն ու ընկերները հնարավորություն կունենան վերջին հրաժեշտը տալ սիրելի դերասանուհուն: Նրա ամուսինը՝ Ներսես Աբրահամյանը, տեղեկացրել է, որ Հասմիկ Ղարիբյանի վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա ԱՄՆ-ում՝ Սբ. Լեոն եկեղեցում: «Այն բոլոր մարդկանց, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին, տեղեկացնում եմ, որ հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 11-ին, ժամը 19:00-ին»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին կյանքից հեռացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը՝ Կարգին Հասոն: Նրա մահվան պատճառը քաղցկեղն էր:

 

ԳՈՎԵԼ Է ԿՈՆՉԻՏԱՅԻՆ
«Եվրատեսիլ-2014» մրցույթի հաղթող Կոնչիտա Վյուրսթը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում: Նա Վիեննայում խոսել է հարգանքի ու հանդուրժողականության թեմաներով եւ կատարել երկու երգ՝ « Believe»-ը եւ «Rise Like a Phoenix»-ը: Նրա ելույթի ժամանակ ներկա է եղել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: «Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ելույթ ունենալ Պան Գի Մունի առջեւ եւ երգել ՄԱԿ-ում»,-«Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է Կոնչիտան:
Պան Գի Մունն իր հերթին հայտնել է, որ շատ էր ցանկանում ծանոթանալ Կոնչիտա Վյուրսթի հետ, մեկի, ով խտրականությունների դեմ պայքարի խորհրդանիշ է:

 




Լրահոս