ՀՀԿ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հանրապետական կուսակցությունը սկսել է նախապատրաստվել համապետական ընտրությունների: Մեր տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ գրեթե բոլոր կառույցներում այս օրերին ժողովներ են արվում, կառույցի անդամների հետ քննարկումներ են անցկացվում, ու այն մարդիկ, որոնք խորհրդարանական, նախագահական ու ՏԻՄ ընտրությունների ժամանակ ակտիվ են եղել՝ ձայն «բերելու» առումով, հրավիրվում են այդ ժողովներին: Մեծ ակտիվություն է սկսվել հատկապես դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ ուսումնական հաստատություններում: Վերջին օրերին բազմաթիվ կրթօջախների մանկավարժական կոլեկտիվների տեղեկացնում են, որ առաջիկայում ընտրություններ են լինելու, որոնց անհրաժեշտ է պատրաստվել:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` ակտիվություն է նկատվում ոչ միայն Երեւանի ուսումնական հաստատություններում, այլեւ համատիրություններում, որոնց աշխատողներին թաղապետարաններից հրավիրում են մասնակցելու ընտրությունների վերաբերյալ քննարկումներին: Իսկ երեկ արդեն Երեւանի նախկին «Դերժինսկու», այժմ՝ «Ջոն Կիրակոսյանի» անվան դպրոցում տարբեր ուսումնական հաստատություններում աշխատող ՀՀԿ-ականների հետ մեծ հավաք է անցկացվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ հավաքը տեւել է մոտ 3 ժամ, որի ընթացքում «դասախոսություն» է կարդացվել այն մասին, թե ինչպես պետք է ընտրությունների ժամանակ գործել, եւ որոնք են կանոնները: «Դասախոսության» հեղինակները նշել են, թե իրենք պետք է նաեւ առաջիկայում լիազորագրեր ստանան՝ ընտրություններին մասնակցելու համար: Հավաքի մասնակիցները նաեւ ինչ-որ թերթիկներ են լրացրել:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀԿ-ականների հետ` պարզելու համար, թե ինչ ընտրությունների են նրանք նախապատրաստվում. արդյո՞ք խոսքը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին է, թե՞ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ինչի պահանջով, հիշեցնենք, հանդես է գալիս ոչ իշխանական եռյակը:
ՀՀԿ կանանց խորհրդի եւ Երեւանի ՀՀԿ ավագանու անդամ ՆԱԻՐԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
-Տիկի՛ն Նահապետյան, նախօրեին ՀՀԿ կանանց խորհուրդը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Ի՞նչ եք քննարկել այդ հանդիպման ժամանակ:
-Կոնկրետ հարցեր չեն եղել, ուղղակի ընթացիկ ներկուսակցական հարցեր՝ կապված մեր կանանց խորհրդի հետ, կապված նրա հետ, թե ինչ աշխատանքներ ենք արել: Տարվա վերջն է արդեն, կարելի է ասել` ամփոփել ենք մեր կատարած աշխատանքները: Մենք նաեւ ողջունեցինք հղի կանանց հետ կապված օրինագծի փոփոխությունը, մենք էլ էինք ցանկանում, որ ինչ-որ կար, այդպես մնար, ու չաշխատող մայրերն էլ գումար ստանային: Նաեւ նշվեց, որ ինչքան հնարավոր է՝ կանանց խորհուրդը շատ հանդիպումներ ունենա: Ի դեպ, մարզային կառույցի ներկայացուցիչները եւս ներկա էին այդ հանդիպմանը: Ուղղակի վերջին ժամանակահատվածում շատ էինք ուզում հանդիպել, սակայն ծանրաբեռնվածության պատճառով չէինք կարողանում հանդիպել: Նախօրեին հնարավորություն եղավ, ու մոտ մեկ ժամ հանդիպեցինք ՀՀ վարչապետի հետ:
-Տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ում ընտրությունների հետ կապված ակտիվացում է սկսվել: Ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը, ինչի՞ն է նախապատրաստվում ՀՀԿ-ն: ՀՀ վարչապետի հետ հանդիպումը որեւէ կապ ունե՞ր այդ ընտրությունների հետ:
-Ինչպես կար մեր աշխատանքային վիճակը, այդպես էլ կա, տարվա վերջ է, կատարված աշխատանքների հետ կապված ներկայացվում է ամփոփումը: Այսինքն՝ ծրագրային հանդիպումներ են, այստեղ որեւէ ակտիվացում չկա: Ընդհանրապես ձեր կողմից նշված ընտրությունների հետ կապված խոսակցություն չի էլ եղել: Ընթացիկ աշխատանքային պրոցեսներ են, 2014 թվականին ինչ-որ նախատեսված է եղել, դրա ներկայացումն ենք արել: Ակտիվացում, ինչ-որ նորություն, նման բան չկա: Դա մեր բնականոն աշխատանքն է, մեր հանդիպումներն են, մեր գործերի մասին տեղեկացումն է: Անգամ սահմանադրական բարեփոխումների հետ կապված հարց չի եղել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ
-Պարո՛ն Ավետիսյան, ի՞նչ է կատարվում ՀՀԿ-ում, ի՞նչ ընտրությունների եք նախապատրաստվում, որի համար հանդիպումներ, քննարկումներ եք ունենում:
-Ես նման բան չգիտեմ, առաջին անգամ Ձեզանից եմ նման բան լսում: Ես շրջանային կուսակցական կառույցի ղեկավար եմ, նման բան չկա, մենք մեր սովորական գործունեությամբ ենք զբաղվում: Թե լրացուցիչ ինչ ակտիվացումներ են, ես չեմ կարող ասել, որովհետեւ տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում:
-Իսկ ՀՀԿ-ն չի՞ պատրաստվում հանրաքվեին:
-Սահմանադրական հանրաքվեին պատրաստվելը ո՞րն է, դեռ քննարկումներ չեն եղել, երբ որ որոշվեցին կոնկրետ ժամկետները, բնական է, որ կպատրաստվի, ինչի՞ չպետք է պատրաստվի:
-Իսկ գուցե ՀՀԿ-ն արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների՞ է նախապատրաստվում:
-Ո՛չ, արտահերթ ընտրությունների հաստատ չենք նախապատրաստվում, նման բան չկա: Ես Ձեր ասած ակտիվությունը չեմ նկատում, քանի որ մեր սովորական գործընթացներն են, եթե ինչ-որ տեղ ժողով, քննարկում անելն ակտիվություն է նշանակում, դա ինձ համար զարմանալի է, որովհետեւ մենք պարբերաբար նման ժողովներ անում ենք, որը մեր կանոնադրությունից բխող հարց է: Որեւէ արտառոց բան չկա:
Հ. Գ. Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ «Ջոն Կիրակոսյանի» անվան դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԳԼԽԱՎՈՐԸ «ՊԱՐՏԱԴԻՐ» ԲԱՂԱԴՐԻՉԸ ՎԵՐԱՑՆԵԼՆ Է
Երեկ հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել կուտակային կենսաթոշակների մասին օրենքը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ Ազգային ժողովի 34 պատգամավորների դիմումը: Քննարկումը նշանակվել է 2015 թվականի մարտի 31-ին՝ ժամը 11-ին: Այն կիրականացվի գրավոր ընթացակարգով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ իրենց պահանջը բավարարվելու է:
-Պարո՛ն Մինասյան, կուտակային կենսաթոշակների վերաբերյալ Ձեր ներկայացրած դիմումը ՍԴ-ն վարույթ է ընդունել եւ հարցի քննարկումը նշանակել մարտի 31-ին: Ըստ Ձեզ՝ ինչու է քննարկումն այդքան ուշ նշանակվել, ՍԴ-ն միտումնավո՞ր է ձգձգում գործընթացը:
-Օր նշանակելը Սահմանադրական դատարանի իրավասությունների տիրույթում է: Մարտի 31-ը ուշացած ժամկետ չեմ համարում: Այստեղ կարեւորը մարդկանց խախտված իրավունքների վերականգնումն է, գործը շահելը` հօգուտ Հայաստանի եւ ՀՀ քաղաքացիների: Մեր գլխավոր անելիքն այստեղ օրենքից «պարտադիր» բաղադրիչը վերացնելն է:
-Եթե ՍԴ-ն մերժի Ձեր պահանջը, ի՞նչ քայլեր կձեռնարկեք:
-Ես նման տրամաբանությամբ չեմ առաջնորդվում: Գնում եմ միայն հաղթանակի: Մեր դիրքերն ամուր են, եւ նահանջելու միտք անգամ չունենք: Այդ մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ առաջին փորձի ժամանակ էլ ենք մենք հաջողություններ գրանցել: Ես համոզված եմ, որ երկրորդ անգամ էլ ենք հաջողություն գրանցելու: Ուրիշ հարց է, որ ՀՀ Կառավարությունը չկատարեց ՍԴ որոշումը, ուստի անհրաժեշտություն առաջացավ երկրորդ անգամ դիմել Սահմանադրական դատարան:
-Պարո՛ն Մինասյան, որքան էլ ՍԴ-ն անկախ մարմին է, այդուամենայնիվ, հայտնի է, որ շատ հաճախ այն որոշումները կայացնում է` հաշվի առնելով քաղաքական գործոնները: Հենց նույն կուտակային կենսաթոշակների հետ կապված Ձեր նախորդ հայցի բավարարումը եւս շատերի կողմից կապվեց երկրում առկա քաղաքական իրավիճակի հետ: Այն ժամանակ Աժ ոչ իշխանական չորս ուժերը միասնական էին, մինչդեռ հիմա քառյակը պառակտված է: Այս հանգամանքն ինչպե՞ս կարող է անդրադառնալ ՍԴ-ի որոշման վրա:
-Դա աբսուրդ հիմնավորում կամ մեկնաբանություն է, որովհետեւ մեր դիմումը որեւէ կերպ կապված չէ քառյակի ֆորմատի գոյության հետ: Քառյակի երկու ուժերն էլ նպատակահարմար գտան, որ լինի այդ դիմումը, այնպես որ քառյակի պառակտումը որեւէ ազդեցություն այս ոլորտի վրա չի կարող ունենալ: Այդ մեկնաբանությունը ճշմարտությանը մոտ որեւէ հիմք չի պարունակում:
Հիշեցնենք, որ ԱԺ 34 պատգամավորներ դիմել են ՍԴ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ հարակից 10 օրենքներում Ազգային ժողովի կողմից 2014թ-ի հունիսի 21-ի արտահերթ նստաշրջանում ընդունված փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաեւ՝ վիճարկվող ակտերի հետ համակարգային կապի մեջ գտնվող «Եկամտային հարկի մասին» օրենքի 6-րդ եւ 10-րդ հոդվածները սահմանադրության 1, 3, 5, 6, 8, 14.1, 31, 34, 36, 37, 42, 42.1, 43, 44, 45, 48, 62, 75, 83.5, 89-րդ հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր ճանաչելու պահանջով:
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԻՆՉԻ ՎՐԱ ԵՆ ԾԱԽՍԵԼ ՓՈՂԵՐԸ
ՀՀ Կառավարությունը «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ին այս տարեսկզբին հատկացրել է մոտ 121.5 մլն դրամ: Այդ գումարով պետք է իրականացվեին «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության, պարկի գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների ծառայությունները: Ծրագրի վերջնաժամկետն այս տարեվերջն է: Թե ինչ է հասցրել իրականացնել ազգային պարկի տնօրինությունը, դեռ հայտնի չէ: Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին պարկի նախկին տնօրեն Աշոտ Դավթյանն իր դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից: Որոշ տեղեկություններով՝ նա մեկնել է Մինսկ: Նրան այժմ փոխարինում է Սահակ Մուրադյանը, ով ծագումով Արարատի մարզի Դաշտավան գյուղից է եւ ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին: Ի դեպ, նույն պարկի փոխտնօրեն Հենրիկ Մարտիրոսյանը, որպես մեղադրյալ, ներգրավված է մի քրեական գործում, որում նա մեղադրվում է ապօրինի վարձատրություն ստանալու մեջ: Ըստ մեղադրանքի՝ նա արգելված վայրերից` Կոտայքի մարզի երեք տարբեր համայնքներից, մեծ ծավալի սեւ հող տեղափոխելուն չի խոչընդոտել եւ օրինախախտներին վարչական պատասխանատվության չի ենթարկել, ինչի համար հազար դոլարի ապօրինի վարձատրություն է ստացել:
ՏՆԿԻՆԵՐՈՎ ՈՒ ԹՓԵՐՈՎ
Երեւանի քաղաքապետարանը «Նոր բարեկարգում» ՓԲԸ-ի հետ պայմանագիր է կնքել՝ 4 հազար հատ դեկորատիվ տարբեր տնկիներ ձեռք բերելու վերաբերյալ: Այս տնկիների նախահաշիվային գինը կազմում է 4 մլն դրամ: Դեկորատիվ տնկիներից բացի՝ քաղաքապետարանը պատվիրել է նաեւ 1.600 հատ դեկորատիվ թփեր, որոնց նախահաշիվային գինը կազմում է 1 մլն դրամ: Եւ այս ամենի համար մեր քաղաքային իշխանությունը «Նոր բարեկարգում» ՓԲԸ-ին պետք է վճարի շուրջ 5 մլն դրամ: Պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 23-ին, իսկ կատարման վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 24-ը: Հաշվի առնելով ընթացիկ տարվա բնակլիմայական պայմանները, մասնավորապես, այն փաստը, որ ձմեռը սովորականից շուտ եկավ, անհասկանալի է, թե նշված տնկիներն ինչ է անելու Երեւանի քաղաքապետարանը:
ԿԻՍԱՇՐՋԱԶԳԵՍՏ՝ ԴԱՀԿ-ԻՑ
Երեկ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն աճուրդի է հանել կիսաշրջազգեստներ: Մեկ կիսաշրջազգեստի գինն արժի 607 դրամ: Սակայն այն չի վաճառվում հատով, այլ կիլոգրամով: Շտապե՛ք, քանի որ մնացել է ընդամենը 96 կգ կիսաշրջազգեստ: Ի դեպ, աճուրդի ժամկետն ավարտվելու է 11 օր հետո: Այս պահին գնային առաջարկներ դեռ չկան: