Ս.Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի նորանշանակ դեսպանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից armlur.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունգարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շանդոր Սաբոյը: Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Երկուստեք ընդգծվել է, որ հայ-հունգարական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և հատկապես վերջին տարիներին զգալի ակտիվություն է նկատվել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու, տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու գործում, ինչին նպաստել է նաև 2009թ. ՀՀ նախագահի Հունգարիա կատարած պետական այցը: Զրուցակիցների համոզմամբ, երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները դեռևս զիջում են քաղաքական հարաբերություններին, որոնք զարգացնելու համար լավ հնարավորություններ և մեծ ներուժ կա: Դեսպան Շանդոր Սաբոյը վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի հնարավորը այդ ներուժն առավելագույնս օգտագործելու և երկկողմ տնտեսական կապերն ակտիվացնելու համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության զարգացմանը:




Լրահոս