ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՇԽՈՂ ԿԼԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՇԱԽ ԵՎ ՄԱՏ ԱՆԵԼ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով 1998-ին իշխանությունից հեռացավ` հայտարարելով, որ «հայտնի ուժերի» պահանջով է հրաժարական տալիս, կարող է երկրորդ անգամ նույն մարդկանց կողմից «քցվել»: Բոլոր զարգացումներն ընթանում են հենց այդ ուղով: Իսկ ամենազավեշտալին այն է, որ այս անգամ եւս իրադարձությունները կարող են հանգուցալուծվել հենց հունվարի վերջին եւ փետրվարի սկզբին (Տեր-Պետրոսյանը հրաժարական է տվել 1998-ի փետրվարի 3-ին):

Պատմական ակնարկ
Հայաստանի քաղաքական դաշտում ընթացող գործընթացները ճիշտ գնահատելու համար անհրաժեշտ է մի փոքր ետ գնալ եւ վերհիշել, թե ում կողմից, ինչպես եւ ինչու է 2006-ին հիմնվել ԲՀԿ-ն: Այդ կուսակցությունը ստեղծվեց Ռոբերտ Քոչարյանի անթաքույց օժանդակությամբ, իշխող էլիտայի կողմից: Այդ իսկ պատճառով իշխող էլիտայի մի մասը, այսինքն՝ վարչական լծակների եւ ֆինանսական միջոցների տիրապետող մարդկանց մի ստվար մասը, ոչ առանց ուղղորդման համալրեց այդ կուսակցության շարքերը: Ենթադրվում էր, որ այդպիսով ԲՀԿ-ն պետք է դառնար Հայաստանի «երկրորդ» խոշոր քաղաքական ուժը (իբրեւ «առաջին» այդ ժամանակ դիտարկվում էր ՀՀԿ-ն): Ըստ այդմ, իշխանության համար հիմնական պայքարը պետք է ընթանար ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: Իսկ քանի որ այդ երկու կուսակցությունների թիկունքում կանգնած էին իշխող կլանի երկու պարագլուխները` Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, նրանց մրցակցությունը պետք է լիներ «ազնիվ»: Այսինքն՝ ով որքան կարողանում, ձայն է գնում, վարչական ռեսուրսն է օգտագործում եւ իր վերահսկողության տակ գտնվող կրիմինալին է օգտագործում: Ի սկզբանե ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ռեսուրսները` վերը բերված երեք գործոնների մասով, եղել են հավասար: 2007-ին ՀՀԿ-ն «ազնիվ» պայքարում հաղթեց ԲՀԿ-ին, ու պատահական չէր, որ Ռոբերտ Քոչարյանն անձամբ գնաց «առաջինի» գրասենյակ` շնորհավորելու: Քաղաքական դաշտի ծրագրված ապագայի սցենարը խախտեցին 2008-ի նախագահական ընտրությունները, որոնք զարգացան իշխող էլիտայի համար վտանգավոր սցենարով: Իշխանությունը կորցնելու ռեալ վտանգի առաջ կանգնելով` իշխող էլիտան ստիպված էր իրենից կիսած «մասը» վերստին միավորելով` ընդհանուր ճակատով պատերազմել իշխանության պահպանման համար: ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի հետագա գործողությունները եւս ուղղված են եղել ընդհանուր իշխանության պահպանմանը: Սակայն 2008-ից հետո ակնհայտ դարձավ, որ Հայաստանի քաղաքական դաշտում անվերահսկելի խմորումներ են տեղի ունենում, եւ ոչ հեռու ապագայում` մի քանի տարի անց, իշխող էլիտան կարող է փաստի առաջ կանգնել: Ուստի անհրաժեշտ էր ամեն ինչ անել, որպեսզի ԲՀԿ-ն վերադառնար այն ուղեծրին, որի համար ստեղծվել էր: Ավելին՝ ակնհայտ էր, որ առանց այդ ժամանակվա ընդդիմադիր հիմնական ուժի` ՀԱԿ դաշինքի աջակցության ԲՀԿ-ի, որպես առանձին քաղաքական միավորի, «վերակենդանացումը» հնարավոր չէր լինի կազմակերպել: Ուստի եւ որոշվեց «Կովկասի գերուհի» ֆիլմի հերոսի հայտնի կոնցեպցիայով առաջնորդվել. ով իրենց խանգարում է, նա էլ կօգնի:
Թերեւս քչերը գիտեն, որ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ղեկավարության մի մասի եւ ԲՀԿ-ի «համագործակցությունը» սկսվել է դեռեւս 2009-ին` Երեւանի ավագանու ընտրություններից առաջ: Այդ «համագործակցության» արդյունքը եղավ այն, որ իշխող կլանի «առաջին» մասին` ՀՀԿ-ին, հաջողվեց Երեւանի ավագանու ընտրություններում հաղթել, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց կլանի «երկրորդ» մասը` ԲՀԿ-ն, մինչդեռ ՀԱԿ դաշինքը` Երեւանի ավագանու անդամի 13 մանդատով, զբաղեցրեց «պատվավոր» երրորդ տեղը: Քանի որ 2009-ի մարտի 1-ի դեպքերից ընդամենը մեկ տարի էր անցել, եւ հանրության լայն շերտերին հնարավոր չէր լինի համոզել, որ ՀԱԿ-ԲՀԿ շփումները «ազնիվ» մղումներով են, դրանք ընթացան կուլիսային մակարդակում: ՀԱԿ դաշինքում շատ քչերն են այդ մասին տեղեկություն ունեցել:
2011-ի մայիսի 27-ից հետո, երբ վերջին քաղբանտարկյալները բանտերից ազատ արձակվեցին, իսկ նրանց մեջ կային մարդիկ, որոնք կուլիսային քաղաքականությանը դեմ էին, ՀԱԿ-ԲՀԿ շփումները հրապարակայնացվեցին: Ի վերջո, 2011-ի աշնանը Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իր հայտնի քաղաքագիտական վերլուծությամբ: ՀԱԿ դաշինք- ԲՀԿ համագործակցության արդյունքը եղավ այն, որ իշխող կլանի «առաջին» մասը 2012-ի Աժ ընտրություններում մեծամասնություն ունեցավ, հաջորդ ամենամեծ խմբակցությունն ունեցավ իշխող կլանի «երկրորդ» մասը, իսկ ՀԱԿ դաշինքը 7 պատգամավորով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Դրանից մի քանի ամիս անց ՀԱԿ դաշինքը, որպես այդպիսին, դադարեց գոյություն ունենալ:
Չնայած՝ 2012-ի ԱԺ եւ 2013 թվականի նախագահական ընտրություններում իշխող կլանին հաջողվեց իր առջեւ դրված խնդիրները լուծել, բայց դա չէր նշանակում, որ «Երկրորդը» պետք է նաեւ պաշտոնապես վերադառնար կլանի շարքերը եւ կոալիցիայի մաս կազմեր: ԲՀԿ-ն պետք է դե յուրե մնար դրսում եւ պահեր կլանի թիկունքը` սպասելով 2017-ի ԱԺ ընտրություններին, որոնց արդյունքում «առաջինը»` ՀՀԿ-ն, եւ «երկորդը»` ԲՀԿ-ն, «ազնիվ մրցակցությամբ» պետք է տեղերով փոխվեին, 2018-ին էլ տեղերով պետք է փոխվեին իշխանական կլանի երկու պարագլուխները` Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը:
Սակայն, երբ 2013-ի սեպտեմբերին Սերժ Սարգսյանը հայտարարեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նախաձեռնելու մասին, հասկանալի դարձավ, որ ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ի ու Ռոբերտ Քոչարյանի հետ տեղերով փոխվելու ցանկություն չունեն: Այլ կերպ ասած՝ «առաջինը» որոշել էր քցել «երկրորդին»: Իրավիճակի լրջությունը ի ցույց դնելու համար իշխանական կլանի հանգստի մեկնած պարագլուխը` Ռոբերտ Քոչարյանը, անձամբ խոսեց` հանդես գալով 2013-ի դեկտեմբերի վերջի աղմկահարույց հարցազրույցով:

Շաբաթն ուրբաթից շուտ եկավ
Ակնհայտ է, որ ՀՀԿ-ի համար նախընտրելի կլիներ, որ իր կեսի` ԲՀԿ-ի հետ հարաբերությունները 2017-ի ԱԺ ընտրություններում պարզվեին «ազնիվ» մրցակցության արդյունքում: Սակայն «երկրորդը» չի ցանկանում այդքան սպասել: Մյուս կողմից իշխող կլանին սկսել են մտահոգել պարբերաբար գլուխ բարձրացնող ակտիվիստների խմբերը: Դժվար է ասել, թե առաջիկա երեք տարվա զարգացումների արդյունքում այդ խմբերն ինչպես կփոխակերպվեն: Բացառված չէ, որ այդ խմբերն իշխող կլանի համար լուրջ սպառնալիք դառնան, իսկ այդ դեպքում երկու կեսերի «մրցակցության» մասին խոսք գնալ չի կարող, որովհետեւ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ: Մի խոսքով՝ իշխող կլանը սպասելու ժամանակ չունի, նրա կեսերն իրենց հարաբերությունները որքան հնարավոր է՝ շուտ պետք է պարզեն` Հայաստանում հնարավոր զարգացումներն առնվազն եւս հինգ տարի վերահսկելու նպատակով:
ԲՀԿ-ի նախաձեռնած «ժողովրդական շարժումն» այս խնդիրը լուծելու` իշխանական կլանի համար ամենալավ տարբերակն է: Մեր տեղեկություններով՝ առաջիկայում իշխող կլանի երկու կեսերը կհայտարարեն իրար հետ քաղաքական «բանակցություններ» սկսելու մասին: Այնուհետեւ կհայտարարվի, որ կողմերը համաձայնության են եկել, ըստ որի՝ ՀՀԿ-ն կհրաժարվի սահմանադրական հանրաքվեի միջոցով Հայաստանի կառավարման կարգը փոխելուց, մասնավորապես` նախագահի պաշտոնը չի վերացվի: Փոխարենը ԲՀԿ-ն կհամաձայնի, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, առավել եւս, որ այդ փոփոխություններով խորհրդարանը կդառանա 100 տոկոս համամասնական, այսինքն՝ ԲՀԿ-ի հռչակած պահանջը եւս այդպիսով կկատարվի: Սահմանադրական փոփոխությունների անցումային դրույթներում կսահմանվի, որ դրանց ուժի մեջ մտնելուց հետո, ասենք՝ ոչ ուշ, քան 80 օր, պետք է տեղի ունենան ԱԺ ընտրություններ` նոր 100 տոկոս համամասնական ընտրակարգով: Արդյունքում՝ իշխանության կլանի երկու կեսերն իրենց համար լիարժեք վերահսկելի իրավիճակ կունենան:
Քաղաքական համաձայնության մասին հայտարարելուց երկու ամիս անց՝ 2015-ի փետրվարի սկզբին, կարող են հաստատել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Դրանից հետո Սերժ Սարգսյանի հրամանագրով այն կդրվի հանրաքվեի, ասենք, 2015-ի ապրիլի կեսերին, իսկ արդեն հունիսի վերջին կարող են տեղի ունենալ ԱԺ ընտրությունները: Դրանց արդյունքում իշխանական կլանի կեսերը կորոշեն, թե ով է «առաջինը», եւ ով՝ «երկրորդը», ու ըստ այդմ, կբաշխվեն դերերը: Իհարկե, ԲՀԿ-ի թեւի տակ ծվարած նախկին ընդդիմադիրները հետագայում կհասկանան, թե իրենք հերթական անգամ ինչ վատություն են արել Հայաստանի ժողովրդին, բայց արդեն ուշ կլինի: Զավեշտն այն է, որ 1998-ին իշխանությունից հեռացվածները կկանգնեն նույն մարդկանց կողմից երկրորդ անգամ «քցվելու» վտանգի առջեւ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՏԱՐԲԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
ՀՀ Կառավարության այսօր կայանալիք հերթական նիստի ժամանակ, ի վերջո, Վայոց ձորի նոր մարզպետ կնշանակվի: ՀՀ իշխանությունները որոշել են այդ պաշտոնում նշանակել Վայքի ներկայիս քաղաքապետ Հարություն Սարգսյանին: ՀՀ Կառավարության համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
Նշենք, որ նախքան Վայքի քաղաքապետ ընտրվելը Հարություն Սարգսյանը 1996-ին աշխատել է Վայքի հարկային տեսչությունում` զբաղեցնելով պետի պաշտոնը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նա այդ պաշտոնը ստացել է իր մտերիմ ընկերոջ` Արամ Սարգսյանի աջակցությամբ, ով միջնորդել էր եղբորը` Վազգեն Սարգսյանին: 2000-ից 2001 թվականներին նա եղել է Վայոց ձորի հարկային տեսչության պետի տեղակալ: Իսկ արդեն 2001-ից 2005 թվականներին աշխատել է ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի Վայոց ձորի մարզային վարչության պետ: 2005 թվականին Հարություն Սարգսյանը նշանակվել է ՀՀ սոցիալական ապահովագրության Եղեգնաձորի տարածքային կենտրոնի տնօրեն: 2008թ.-ին նա զբաղեցրել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնը, նույն թվականին ընտրվել է Վայքի քաղաքապետ: Հիշեցնենք, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը նշանակվեց Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

 

ՉՈՐՈՎ ԴՆԵԼ ԿՏԱՆ
Քաղաքագետ Արա Պապյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստան-Արցախ սահմանին մաքսակետեր դնելը կդառնա անխուսափելի: «ԵՏՄ-ի անդամակցությունը Հայաստանի համար ունի իր դրական եւ բացասական կողմերը: Ամեն ինչ կախված է նրանից, թե ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Փաստորեն շուրջ 800 ապրանքատեսակների շուրջ պայմանավորվածությունն առկա է, բայց փոխարենը հստակեցում չկա, մենք չգիտենք` ի՞նչ ապրանքներ են, ցանկը հայտնի չէ: Դա իրականում բավականին լուրջ հանգամանք է եւ ուշադրության արժանի»,-ասաց քաղաքագետը: Ըստ նրա՝ ովքեր որ խոսում են դրական փոփոխությունների մասին, ասում են` հնարավորություն կտրվի մտնելու ռուսական, բելոռուսական շուկա: «Անկեղծ ասած, ոչ տնտեսագետի դիտարկմամբ չեմ կարողանում հասկանալ դա: Մենք ԱՊՀ անդամ ենք, եւ ի՞նչն է խանգարում մեզ մտնել այդ շուկաները»,-ասաց Արա Պապյանը: Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ սահմանին մաքսակետ տեղադրել-չտեղադրելու խնդրին, քաղաքագետն ասաց. «Հնարավոր է՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում ձգձգեն եւ մաքսակետ չտեղադրեն, սակայն, եթե մերոնք չհամաձայնեն Հայաստան-Արցախ սահմանին մաքսակետեր դնել, ապա չորով դնել կտան»:

 

 




Լրահոս