ՌՈՒԲԼՈՒ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌ ՈՒՆԻ
Ռուսական ռուբլին շարունակաբար արժեզրկվում է: Պուտինյան վարչակարգի վարած քաղաքականության արդյունքում այդ երկրի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետեւանքներն իրենց սպասեցնել չեն տալիս. անցած ամիսներին ռուբլին արդեն իսկ հասցրել է գրանցել 28 տոկոսանոց անկում: Ինչպիսի՞ հետեւանքեր կունենա դա Հայաստանի տնտեսության վրա, որտեղ, ինչպես հայտնի է՝ գրեթե ամեն ինչ կախված է Ռուսաստանից: Եվ ամենակարեւորը` ինչպես կանդրադառնա ռուբլու անկումը ՌԴ-ից Հայաստան եկող տրանսֆերտների վրա, որոնք կազմում են մեր երկրի ՀՆԱ-ի 10 տոկոսը: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան, ինչո՞վ եք բացատրում ռուբլու շարունակական արժեզրկումը, արդյո՞ք պատճառը միայն միջազգային պատժամիջոցներն են:
-Ընդհանուր առմամբ, միտումը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով՝ ուկրաինական ճգնաժամ, պատժամիջոցներ, նավթի գների անկում: Դրանք են պատճառները:
-Ռուսաստանի կառավարությունը միտումնավո՞ր է թուլացնում ռուբլին: Ինչի՞ն է դա ուղղված:
-Եթե դուք ցանկանում եք ներքին արտադրությունը զարգացնել, ձեր ներսում մրցունակ տնտեսություն ունենալ, որպեսզի հետագայում կարողանաք նաեւ դրսում մրցակցել, ապա պետք է արժութային քաղաքականությունն այդպիսին լինի, բայց ոչ այդ աստիճանի, որ հիմա կա:
-Իսկ կհաջողվի՞ դրանով տնտեսությունը զարգացնել:
-Դա կախված է նրանից, թե ինչքան արտարժութային պահուստներ կան, ինչքանով են պատրաստ երկարաժամկետ դիմակայելուն, որովհետեւ դրա արդյունքում արժեզրկումն է բարձրանում, ժողովրդի կենսամակարդակն է նվազում: Պետք է պատրաստ լինեն այդ ամեն ինչին դիմակայելուն: Եթե այդ հնարավորությունը կա, իհարկե, կստացվի:
-Գաղտնիք չէ, որ մեր երկրի տնտեսությունը մեծ կախվածություն ունի Ռուսաստանի տնտեսությունից: Ինչպիսի՞ն կլինեն ՌԴ տնտեսությունում տեղի ունեցող ցնցումների հետեւանքները Հայաստանի համար, արդյո՞ք այստեղ եւս կլինեն կտրուկ բացասական հետեւանքներ:
-Արդեն կան: Ե՛ւ ներդրումների, ե՛ւ մասնավոր փոխանցումների առումով բացասական անդրադարձ կա: Իրատեսական են այն կանխատեսումները, որ Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունները սահմանափակ են լինելու:
-Պարո՛ն Խաչատրյան, Դուք նշեցիք, որ ՌԴ-ում տարվող ներկայիս արժութային քաղաքականությամբ փորձ է արվում հասնել ներքին տնտեսական ինքնուրույնության բարձրացմանը: Արդյո՞ք այդ գործընթացին զուգահեռ կան նախադրյալներ նաեւ մեր տնտեսության վերականգնման համար:
-ՌԴ-ի տնտեսության ազդեցությունն ուղղակի է: Չի բացառվում: Բայց Հայաստանի տնտեսության զարգացումը միայն դրանով չէ պայմանավորված: Մեր ներքին խնդիրներն ավելի բարդ են, քան դրսի ազդեցությունը: Եթե նկատի ունենք անմրցունակ, ոչ ազատ տնտեսություն, քաղաքական գործոնի մեծ ազդեցություն տնտեսության վրա, ապա այս ամենն իր բացասական ազդեցությունը կունենա տնտեսության վրա:
-Իսկ ինչպիսի՞ կանխատեսումներ ունեք ռուսական ռուբլու հետ կապված` առաջիկայում կհաջողվի՞ կասեցնել դրա արժեզրկումը, թե գործընթացը կշարունակվի:
-Այս տարվա փետրվարից մինչեւ հիմա տեղի է ունեցել աստիճանական եւ հետո ավելի արագ արժեզրկում, իսկ ահա մոտ օրերս տեղի ունեցավ արագ արժեւորում: Ես, կարծում եմ, որ դա պայմանավորված է ավելի շատ քաղաքական, քան ներպետական գործոններով, որովհետեւ ռուսական ռուբլու վրա մեծ ազդեցություն ունի այն, թե ինչպիսի քաղաքական հայտարարություններ են արվում կապված Ուկրաինայի հարցի լուծման եւ Եվրոպա-Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների հետ: Եւ մոտ օրերս այսպիսի մի հայտարարություն եղավ, երբ ՌԴ նախագահ Վ. Պուտինն ու ՈՒկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն որոշակի պայմանավորվածություն ձեռք բերեցին Ղրիմի հարցում: Սրան նախորդեց ռուսական ռուբլու որոշակի չափով արժեւորումը: Սա քաղաքական կողմն է: Գուցե տնտեսական մասով նորություն կա, բայց դեռեւս վերջնական որոշում չկա, որովհետեւ բոլորը սպասում են, թե այսօր ինչ տեղի կունենա:
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԲԵՆԶԻՆԻ, ԴԻԶՎԱՌԵԼԻՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողական պետական տեսչությունը բենզինի, դիզվառելիքի շուկայում ստուգումներ իրականացնելու արդյունքում բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց տեսչության պետ Լեւոն Խալիկյանի հետ:
-Պարո՛ն Խալիկյան, ոչ պարենային ապրանքներից կոնկրետ ո՞ր շուկաներում կան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ: Որո՞նք են դրանք:
-Մեզ համար բացարձակ կապ չունի, թե ովքեր են գերիշխող դիրք զբաղեցնում: Ապրանքատեսակը մարդու կյանքին ու առողջությանը վտանգ պետք է չներկայացնի: Մենք չենք ստուգում ընկերության դիրքը, մենք չենք ուսումնասիրում, թե տվյալ ապրանքն ով է ներմուծել: Մեր գործառույթն է ստուգել եւ պարզել՝ տվյալ ապրանքատեսակը սպառողի համար վտանգավո՞ր է, թե՞ ոչ: Այն տեխնիկական կանոնակարգին համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ: Իհարկե, մենք ստուգումները սկսում ենք ավելի խոշոր ընկերություններից:
-Խաղալիքի, բջջային հեռախոսների կամ կոշիկի ոլորտում ո՞ր ընկերություններն են գերիշխող դիրք զբաղեցնում:
-Մեզ դա բացարձակ չի վերաբերում: Օրինակ՝ խաղալիքի շուկայում, բնականաբար, գերիշխում են չինական խաղալիքները: Այնքան շատ են ներմուծում, որ այս պահին չեմ կարող ասել, թե որոնք են այդ ընկերությունները: Կա չինական ե՛ւ որակով, ե՛ւ անորակ խաղալիքներ: Իհարկե, ողջունելի է, որ վերջին շրջանում ավելացել են տեղական ընկերությունները, որոնք հայկական խաղալիք են արտադրում:
-Պարո՛ն Խալիկյան, վերջին շրջանում քանի՞ ընկերություն է իր գործունեությունը դադարեցրել:
-Կան բավականին կազմակերպություններ, որտեղ մենք պետք է ստուգումներ իրականացնեինք, սակայն դրանց փակվելու պատճառով չենք կատարել: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր եռամսյակում երկուսից երեք կազմակերպություն փակվում է:
-Չեք փորձել հետաքրքրվել, թե ի՞նչն է փակվելու պատճառը:
-Մարդը ժամանակին ներմուծում էր խաղալիք, հիմա՝ ոչ: Իսկ թե ինչն է փակվելու պատճառը, չեմ կարող ասել:
-Ձեր պաշտոնավարման շրջանում կոնկրետ տեսչության կողմից վերահսկվող շուկայում ի՞նչ վերադասավորումներ են տեղի ունեցել:
-Բենզինի, դիզվառելիքի շուկայում տեսչությունը բավականին մեծ աշխատանք է կատարել: Տուգանքներ են նշանակվել: Օրինակ՝ ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվել է պրեմիում տեսակի անվան տակ: Իսկ խաղալիքի շուկայում բավականին շատ խմբաքանակ է ոչնչացվել, քանի որ լաբորատոր փորձաքննությունները ցույց են տվել, որ դրանք երեխայի առողջությանը վտանգ են ներկայացնում:
-Եւ ամենից շատ քաղաքացիները ինչի՞ց են բողոքում:
-Կոշիկների որակի մասով ենք շատ դժգոհություններ ստանում: Բացի այդ՝ ջեռուցման մարտկոցների որակից:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ԷԼԻ ԺԱՄԿԵՏԸ ԽԱԽՏԵՑԻՆ
Պաշտոնապես հայտարարվել էր, որ ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ երկարությամբ շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը պետք է ավարտվեր այս տարվա հունիսին: Այն 1.8 կմ-ով կրճատելու էր ճանապարհը եւ ապահովելու էր սահմանամերձ հատվածում երթեւեկի անվտանգությունը դիմացի բարձունքներում գտնվող ադրբեջանական հենակետերից արձակվող կրակոցներից:
Ճանապարհի շինարարության մրցույթը շահած Իջեւանի ճանապարհների շինարարության եւ շահագործման ընկերությունը խոստացել էր մինչեւ այս տարվա հունիսի վերջն աշխատանքներն ավարտել եւ ճանապարհը գործարկել: Հուլիսին Տավուշի մարզ այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տեսնելով, որ ճանապարհի կառուցումը կիսատ է մնացել, հանձնարարել էր մինչեւ օգոստոսի վերջ այն ավարտին հասցրել: Սակայն դա էլ չօգնեց: Սեպտեմբերին փոխվեց ճանապարհի կառուցապատողը, գործը հանձնարարվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին: Այդ ընկերությունը պարտավորվել էր մինչեւ հոկտեմբերի վերջն ավարտել կարեւոր նշանակություն ունեցող ճանապարհի շինարարությունը: Սակայն Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանից տեղեկացանք, որ մոտ 10 օր է, ինչ դադարեցված է ճանապարհի կառուցումը:
Պատճառը եղանակային վատ պայմաններն են: Բադիրյանը հայտնեց, որ խճապատ ճանապարհն արդեն կառուցված է, հարթեցված, իսկ ասֆալտի շարժական գործարանը տեղադրված է իրենց գյուղի տարածքում. արեւոտ եղանակ լինելու դեպքում ճանապարհի ասֆալտապատումը կսկսվի: Համայնքապետից հետաքրքրվեցինք, թե նոր ճանապարհի երկայնքով կառուցված մեծ հենապատը որքանո՞վ է ապահովագրելու երթեւեկողների անվտանգությունն ազերիների կրակոցներից: Գյուղապետն ասաց, որ կառուցվող շրջանցիկ ճանապարհը թեեւ ոչ ամբողջությամբ, սակայն 90 տոկոսով կլուծի անվտանգության խնդիրները: Նա հայտնեց, որ ճանապարհի շինարարության մեջ Վազաշենից 2 բանվոր է աշխատում, աշխատանքներում ընդգրկվածները հիմնականում «Խաչհարի» մեխանիզատորներն են: Գյուղապետը նաեւ նշեց, որ մինչ այս Վազաշենում գիշերող «Խաչհարի» աշխատողները շինաշխատանքների ժամանակավոր դադարեցման պատճառով, Վազաշենից հեռացել են: Այսպիսով` ճանապարհի գործարկումն ուշանում է, եւ եթե այսպես գնա, փաստորեն, ձմռանն են ասֆալտապատում անելու: Իսկ թե ինչպիս՞ին է լինելու դեկտեմբերին փռված ասֆալտի որակը, դժվար չէ պատկերացնել:
Նշենք, որ 2013 թվականի ընթացքում այդ հատվածում ադրբեջանական կրակոցներից 3 զինվորական է զոհվել, վիրավորվել՝ 11-ը, որից 2-ը՝ քաղաքացիական անձ: Ռազմավարական նշանակություն ունեցող այս ճանապարհի գործարկման ձգձգումն անթույլատրելի է: Ի վերջո, ե՞րբ կգործարկվի նոր ճանապարհը: Այդ հարցի պատասխանը ստանալու համար «Ժողովուրդը» փորձեց կապ հաստատել «Խաչհար» ընկերության պատասխանատուների հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ