ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ից
Երեկ Կասկադի տարածքում տեղի ունեցած «Անոնիմուսների երթի» ժամանակ, որն անցկացվել է ի պաշտպանություն նոյեմբերի 5-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների, ձերբակալվել է 8 քաղաքացի: Երթին մասնակցել են նաեւ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանն ու Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը:
ՀԱՐՑ. Ինչպես գիտենք՝ Սիրիայի հայտնի դեպքերից հետո բազմաթիվ սիրիահայեր են բնակություն հաստատել հայրենիքում: Կցանկանայի տեղեկանալ՝ քանի՞ սիրիահայ է դիմել «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն, եւ քանի՞սն Է ապահովվել աշխատանքով:
Հեղինե Սահակյան (35 տարեկան, երկրաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից սիրիահայերի հետ տարվող աշխատանքների վերաբերյալ՝
01.10.2014թ.-ի դրությամբ 2013-2014թթ. ընթացքում Զբաղվածության տարածքային կենտրոններն աշխատել են շուրջ 950 սիրիահայերի հետ, որոնցից 177 անձ տեղավորվել է աշխատանքի: Այս թվից 20-ը աշխատավարձի փոխհատուցման, 40-ը աշխատանքի տոնավաճառների, 1-ը այլ վայր աշխատանքի տեղափոխման, 12-ը մասնագիտական ուսուցման ծրագրերի աջակցությամբ:
2013թ. 2-րդ կիսամյակի ընթացքում գործակալության միջոցով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվեց նաեւ «Աջակցություն սիրիահայերի զբաղվածության խթանմանը» ծրագիրը, որի շրջանակներում իրականացվեցին հետեւյալ միջոցառումները.
Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում Երեւան քաղաքում. մասնակցել են 52 գործատու, 287 աշխատատեղ, շուրջ 2.000 աշխատանք փնտրող, որից շուրջ 300-ը սիրիահայ, աշխատանքի տեղավորվել է 27 անձ:
Մասնագիտական ուսուցման դասընթացներ.
Իրականացվել են երկամսյա ուսուցման դասընթացներ՝ թվով 47 սիրիահայերի ընդգրկմամբ:
Ծրագրերում ընդգրկվածներից 41-ն արդեն ավարտել է ուսուցումը, նրանցից արդեն 12-ը ծրագրի ավարտից հետո տեղավորվել է աշխատանքի:
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս թվերից ակնհայտ երեւում է, որ գործազուրկ սիրիահայերի թիվն ավելի մեծ է, քան աշխատողներին: Ցավալի է, բայց փաստ, որ հայրենիքում իրենց փրկությունն ու ապահովությունը գտած հազարավոր սիրիահայեր այդպես էլ չկարողացան ինտեգրվել, գտնել իրենց հարմար գործունեության դաշտ եւ արդյունքում ստիպված եղան հեռանալ Հայաստանից: Մինչդեռ աղետալի չափերի հասնող արտագաղթի պայմաններում պետության կողմից էլ ավելի պիտի կարեւորվեր ներգաղթի այս բացառիկ հնարավորությունը, եւ սիրիահայերի համար շատ ավելի մեծ արտոնություններ պետք է տրամադրվեին:
ՀԱՐՑ. Նույն հասցեում գրանցված ենք ես եւ քույրս: Մեր անունները նման են, բայց, բնականաբար, նույնը չեն՝ Նաիրի եւ Նաիրա: Այնպես է ստացվել, որ չնայած այն բանին, որ մեքենաս գրանցված է իմ անունով, տուգանքների վերաբերյալ ակտերը ստացվում են քրոջս անվամբ, որի հետեւանքով սառեցվել են նրա բանկային հաշիվները: Դիմել եմ ԴԱՀԿ-ին, սակայն խնդիրը չի լուծվել: Խնդրում եմ պարզաբանեք՝ ու՞մ կարող եմ դիմել եւ ինչպե՞ս կարգավորել այս խնդիրը:
Նաիրի Ասրյան (52 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ տրանսպորտային միջոցների հաշվառման էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ քաղաքացի Նաիրի Ասրյանի անվամբ հաշվառված է MERSEDES-BENZ E-240 մակնիշի 87 UU 007 համարանիշի ավտոմեքենա, որով կատարված եւ տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված բոլոր խախտումներով վարչական տույժ նշանակելու մասին որոշումները կայացվել են Նաիրի Ասրյանի անվամբ եւ առաքվել տրանսպորտային միջոցի հաշվառման հասցեով: Խնդիրն առաջացել է չվճարված տուգանքներով ԴԱՀԿ ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթների ընթացքում պարտապանի անունը վրիպակով նշելու պատճառով:
Մինչ խնդրատուի՝ Ձեզ հարցում ուղարկելը, Նաիրի Ասրյանի՝ ճանապարհային ոստիկանություն այցելության ընթացքում ԴԱՀԿ պատասխանատուներին ներկայացվել է խնդրո առարկան, այն կարգավորվել է, եւ բոլոր կատարողական վարույթները վերաձեւակերպվել են Նաիրի Ասրյանի անվամբ:
ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թվում է, թե կատարվածն ընդամենը թյուրիմացության արդյունք է, որը կարող է պատահել ամենուր, ցանկացած գործունեության ընթացքում: Խնդիրն այն է, սակայն, որ կոնկրետ վերը նշված ոլորտում նման թյուրիմացություններն արդեն գրեթե օրինաչափ բնույթ են ստացել, ինչը խոսում է այն մասին, որ արագաչափերի եւ տեսախցիկների արձանագրած խախտումների դիմաց տուգանքների գանձման ողջ գործընթացը կազմակերպված է էական բացթողումներով: