Armlur.am-ը շարունակում է ներկայացնել, թե հայրենի օրենսդիրները 2013թ. որքան են ծախսել գործուղումների վրա:
ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի տվյալները ներկայացնելուց հետո այսօր կանդրադառնանք իր պատգամավորական գործունեությամբ ոչ այնքան աչքի ընկնող ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանին:
Մինչ վերջինիս մասին տվյալներ ներկայացնելը, ընդգծենք, որ ՀՀԿ կանանց շրջանում գործուղումներ մեկնելու համար մշտապես կռիվներ են լինում: Նրանք մշտապես իրար «տակ են փորում» և փորձում արժանանալ գործուղման մեկնելու պատվին:
2013թ. ընթացքում երիտասարդ պատգամավոր Ն. Կարապետյանը գործուղման է մեկնել 4 անգամ, իսկ 2014-ի հունվար-հուլիս ժամանակահատվածում` 3 անգամ: Այս տարի նա 3 անգամ մեկնել է Ստրասբուրգ, որտեղ մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ): 2013թ. նա վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Ստրասբուրգ է մեկնել երկու անգամ:
2013թ. օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը Կարապետյանը գտնվել է Արցախում և մասնակցել Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությանը նվիրված տոնակատարությանը: Սեպտեմբերի 8-11-ը նա ԵԽԽՎ-ի աշխատանքներին մասնակցելու նպատակով մեկնել է Փարիզ: Այդ նպատակով պետբյուջեից տրամադրվել է 456 հազար դրամ:
Սեպտեմբերի 29-ից նոյեմբերի 5-ը Ն. Կարապետյանը կրկին ԵԽԽՎ-ի աշխատանքներին մասնակցելու համար մեկնել է Ստրասբուրգ: Վեհաժողովի հայ մասնակիցների համար ձեռք է բերվել 5 բիզնես կարգի և 9 էկոնոմ կարգի տոմս: Այս տոմսերի արժեքը կազմել է 7 մլն 499 հազար 068 դրամ:
Իսկ ոկտեմբերի 23-27-ը ՀՀԿ-ական պատգամավորուհին գտնվել է Սանկտ Պետերբուրգում և մասնակցել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Հայաստանյան երկու անդամից բաղկացած պատվիրակության մասնակցությունն ապահովելու համար պետբյուջեից տրամադրվել է 400 հազար դրամ, որից Ն. Կարապետյանի ավիատոմսի համար` 200 հազար դրամ:
Համեմատության համար նշենք, որ պատգամավորը շատ քիչ է հանդես գալիս հարցերով կամ ելույթներ ունենում: Սա այն տարբերակն է, երբ պատգամավորն ավելի շատ ինքնաթիռից ինքնաթիռ է տեղափոխվում, քան թե խորհրդարանում զբաղվում պատգամավորական գործունեությամբ:
Նաիրա Հովհաննիսյան