Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի պետական համալսարանում ներկա է գտնվել սոցիալական աշխատողի օրվան ու սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի 10-ամյակին նվիրված համաժողովի հանդիսավոր բացմանը:
ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով սոցիալական աշխատողներին մասնագիտական տոնի առթիվ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Սոցիալական աշխատողները մեր երկրում կարևոր առաքելություն են իրականացնում, ինչը պահանջում է մեծ կազմակերպվածություն, ջանքերի կենտրոնացում, երբեմն նաև գերլարում, հատկապես երբ գործ ունեն բնակչության առավել խոցելի շերտերի հետ: Դրան զուգընթաց այն պահանջում է նաև մարդկանց իրավունքների հանդեպ հարգանքի և հումանիզմի սկզբունքների վրա հիմնված հատուկ վերաբերմունք, ես կասեի՝ սրտացավ մոտեցում»:
Վարչապետի խոսքով՝ սոցիալական ոլորտի ներկա բարեփոխումներն իրականացվում են սոցիալական ծառայությունների համալիր մատուցման նոր մոտեցումներով և նպատակ ունեն ոչ միայն արձագանքել առկա կարիքներին, այլև կանխատեսել ու հնարավորինս կառավարելի դարձնել հետագա ռիսկերը: Իսկ ոլորտում հաջողությունների գրանցումը կախված է ոչ միայն բարելավված օրենքներից և կատարելագործված ընթացակարգերից, այլև դրանք կյանքի կոչելու հանձնառությունից: «Մենք դեռևս շատ անելիքներ ունենք աղքատությունը կրճատելու, հասարակության բոլոր անդամների համար հավասար հնարավորություններ երաշխավորելու, մարդկանց կարիքները հոգալու համար: Դուք և այս դահլիճից դուրս գտնվող սոցիալական ոլորտի հազարավոր մյուս ներկայացուցիչները կոչված եք ձեր ամենօրյա աշխատանքով օգնել մարդկանց հնարավորինս թեթևացնել իրենց հոգսերը, լուծել իրենց սոցիալական խնդիրները: Թեև հեռու ենք դեռևս մեր՝ սոցիալապես զարգացած հասարակություն ունենալու վերջնական նպատակից, սակայն կատարվող աշխատանքը, գործադրվող ջանքերն արժանի են բարձր գնահատականի, քանի որ օգնում են գնալ դեպի նպատակների իրականացում», – հավելել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու սոցիալական ոլորտի զարգացմանն ու հետագա կատարելագործմանն առնչվող խնդիրները և նորանոր հաջողություններ մաղթել սոցիալական աշխատողներին իրենց կարևոր առաքելության իրականացման գործում:
Հովիկ Աբրահամյանը սոցիալական ոլորտում ներդրած ավանդի, բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքի, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար և սոցիալական աշխատողի օրվա առթիվ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Միրա Անտոնյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, իսկ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի սոցիալական աշխատող Նառա Բաղդասարյանին, Իջևանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության գլխավոր մասնագետ Տիգրան Պողոսյանին, Նոր Նորքի սոցիալական ծառայության տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Ալվարդ Սարգսյանին, Արտաշատի զբաղվածության տարածքային կենտրոնի հաշվառման, խորհրդատվության և ծրագրերի իրականացման բաժնի պետ Սոնիկ Եղիազարյանին, «Երևան N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի բուժքույր Էմմիկ Իվանյանին և «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի հետազոտությունների և վերլուծություների բաժնի պետ Սեդա Իսրայելյանին՝ խրախուսել ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
Այնուհետև կառավարության ղեկավարը շրջել է համաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի տաղավարներով, որոնք ներկայացված էին Հայաստանում սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև մի շարք նախարարությունների ու ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի կողմից: Հովիկ Աբրահամյանը զրուցել է աշխատակիցների հետ, հետաքրքրվել իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքով և հետագա քայլերով: