Հունիսի 1-ից Հայաստանի բոլոր մարզերում ձևավորված 40 քննակենտրոններում կմեկնարկեն պետական ավարտական և միասնական քննությունները, որին մասնակցելու հայտ է ներկայացրել 16.845 դիմորդ, իսկ ԼՂՀ-ում ձևավորված 8 քննակենտրոններում՝ հայտագրված 1.260 դիմորդ, այս մասին տեղեկացնում է ՀՀ գնահատման և տեստավորման կենտրոնը:
ՀՀ Կառավարության աշխատակազմի Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը տեղեկացրել է.
“Յուրաքանչյուր քննակենտրոնի յուրաքանչյուր քննասենյակում տեղադրված կլինեն տեսախցիկներ, որոնք քննասենյակներից մոնիտորներին կփոխանցեն այն պատկերը, որը տիրում է քննասենյակներում, և որոնց միջոցով ծնողները, դիտորդներն ու ցանկացած ոք կկարողանան հետևել քննության ողջ ընթացքին”: “Բացի այն, որ քննասենյակում տիրող իրավիճակը տեսախցիկների միջոցով կփոխանցվի մոնիտորին՝ այդ կերպ ուղիղ կապ ստեղծելով քննասենյակի ու ծնողի միջև, նաև կտեսագրվի քննության ամբողջ ընթացքը, որպեսզի հետագայում, եթե խնդիրներ առաջանան կամ հարցեր լինեն, տեսագրության միջոցով կարողանան վեր հանել այն պատկերը, որը առկա է եղել քննասենյակում”,– ասել է նա: Դիմորդը և նրան քննակենտրոն ուղեկցող ծնողը շատ լավ գիտեն, որ արգելվում է քննության ներկայանալ բջջային հեռախոսով, սակայն քննություն հանձնողների գրեթե կեսից ավելին քննասենյակ են մտնում բջջային հեռախոսներով, փորձում են թաքցնել դրանք՝ հույս ունենալով այն որպես “հուշարարե օգտագործել”,– ավելացրել է նա: Այդ իսկ պատճառով քննության կազմակերպիչները դիմում են այդ ծայրահեղ քայլին՝ քննակենտրոններում տեղադրելով խլացուցիչներ: Այս օրերին ԳԹԿ վերապատրաստումների բաժինը դասընթացներ է կազմակերպում քննական գործընթացում ներգրավված անձանց հետ (նրանք ոչ միայն ԳԹԿ աշխատակիցներ են, այլ ուսուցիչներ, ՀԿ ներկայացուցիչներ) և նրանց հստակ հրահանգվել է. դիմորդի մոտ հեռախոսի առկայության դեպքում նրան անմիջապես հեռացնել քննությունից: Ներկայացնենք հանրապետությունում դիմորդների թիվը, որոնց համաձայն էլ յուրաքանչյուր մարզում կձևավորվեն քննական կենտրոններ։
Այսպես. Երևանում դիմորդների թիվը 5.981 է ( 2010թ.՝ 6.161 է եղել), և կձևավորվի 14 քննական կենտրոն։
Արագածոտնի մարզից 727 դիմորդ կա (2010թ.՝ 730). այս մարզում կձևավորվի 2 քննակենտրոն։
Արարատի մարզում դիմում-հայտ է ներկայացրել 1.238 դիմորդ (2010թ.՝ 1.119). այստեղ կձևավորվի 3 քննական կենտրոն։
Արմավիրում 1.267 դիմորդ է հայտ ներկայացրել (2010թ.՝ 1.330). կձևավորվի 3 քննակենտրոն։
Գեղարքունիքում դիմում-հայտ է ներկայացրել 1.216 դիմորդ (2010թ.՝ 1248). կձևավորվի 3 քննակենտրոն։
Լոռու մարզից 1.437 դիմորդ կա. (2010թ.՝ 1.430). կձևավորվի 3 քննակենտրոն։
Կոտայքի մարզում 1.310 դիմորդ է հայտ ներկայացրել (2010թ.՝ 1.293). 3 քննակենտրոն կձևավորվի այստեղ։
Շիրակ մարզում դիմորդների թիվը 1.540 է (2010թ 1.522). կձևավորվի 3 քննակենտրոն։
Սյունիքի մարզում քննության դիմում-հայտ է ներկայացրել 937 դիմորդ (2010թ՝ 838). այս մարզում ձևավորվի 3 քննակենտրոն՝ 2-ը Գորիսում, 1-ը՝ Կապանում։
Վայոց ձորից քննություն կհանձնի 408 դիմորդ (2010թ.՝ 381). 1 քննակենտրոն կձևավորվի։
Տավուշի մարզում 784 դիմորդ է դիմում-հայտ ներկայացրել (2010թ.՝ 728). այստեղ կձևավորվի 2 քննակենտրոն։
Դիմորդների թվի կտրուկ աճ է արձանագրվել Արցախի Հանրապետությունում։ Այստեղ 2010թ.-ին դիմորդների թիվը եղել է 876, իսկ այս տարի դիմում-հայտ է ներկայացրել 1.260 դիմորդ։ Արցախի հանրապետությունում կձևավորվի 8 քննական կենտրոն։