Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը դրական քայլ է համարում Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունների միացմանը ու նոր՝ Միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարության ստեղծումը: Այս մասին նախարարը նշեց Armlur.am-ի հետ զրույցում:
Նրա խոսքով՝ արտաքին տնտեսական քաղաքականություն, արտաքին տնտեսական համագործակցություն և տնտեսական ինտեգրացիա հասկացությունները տարբեր են, և այդ առումով նոր նախարարության ստեղծումն անհրաժեշտություն էր:
Կարեն Ճշմարիտյանը հետագա քննարկվելիք նյութ է համարում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն առաջարկը, թե կարելի է Ներքին գործերի նախարարություն ստեղծել: Մեր այն դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու դա էլ հիմա չի ներկայացվում, նա նշեց. «Ամեն ինչ իր ժամանակն ունի, ըստ անհրաժեշտության», – նշեց նա, հավելելով, թե նախարարությունների միացումն իրոք անհրաժեշտություն էր:
Էկոնոմիկայի նախարարն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունն է որոշել միանալ ԵՏՄ-ին, և նոր ստեղծվելիք նախարարությունը պարտադրանք չէ: