
Այսօր երևանյան հիվանդանոցներում ստացիոնար բուժում է ստանում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում գազով լիցքավորված փուչիկների բռնկումից տուժած 12 քաղաքացի, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։ Վերակենդացման բաժանմունքում հիվանդներ չկան, 9 տուժած արդեն վիրահատության է ենթարկվել: Վիրահատության ծախսերը հոգացել է պետությունը, վիրահատությունն իրականացրել Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը, ինչպես և նախօրոք որոշվել էր: