Ադրբեջանում խոսքի և հավաքների ազատության սահմանափակումների բոլոր գործողությունները, պետք է անհապաղ դադարեցվեն. ասված է Եվրախորհրդարանի երեկ ընդունած բանաձևում:
Բանաձևում ասվում է, որ “Եվրատեսիլ” մրցույթի անցկացումը Բաքվում` մայիսի 26-ին, պետք է հնարավորություն տա Ադրբեջանին` ապացուցելու, որ երկիրը ձգտում է ժողովրդավարացման և մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանը:
Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել խոսքի ազատության և հավաքների ազատության դեմ ճնշումները և բարեփոխումներ իրականացնել` օրենսդրական դաշտում:
Եվրախորհրդարանի անդամները քննադատել են նաև հազարավոր մարդկանց տներից վտարման գործընթացը` Բաքվում Crystal Palace-ի կառուցման համար, որտեղ էլ տեղի է ունենում “Եվրատեսիլ” երգի մրցույթը:
Եվրախորհրդարանը նաև կոչ է արել Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մշտադիտարկում անցկացնել, իսկ Եվրոպական միության երկրներին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել բոլոր նրանց դեմ, ովքեր պատասխանատու են երկրում մարդու իրավունքների խախտումների համար:
Ադրբեջանն արդեն հասցրել է հերթական հիստերիա բարձրացնել այս բանաձևի կապակցությամբ: Երկրիի արտաքին գործերի նախարարության հատուկ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի ընդունած փաստաթուղթը չմտածված և անարդար որոշում է: