Նախարար ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահի ուղեկցությամբ այցելեց Ավանի համալիր ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ տիկին Լորա Թաքի ղեկավարած պատվիրակության հետ այցելեց Ավանի համալիր ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն:
Տարածքային կենտրոնի շենքային պայմաններին ծանոթանալուց հետո, նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց ինտեգրված սոցիալական ծառայությունների աշխատանքները, հիմնական ուղղությունները, «մեկ պատուհանի» սկզբունքով աշխատելու կարևորագույն մոտեցումը և սոցիալական աշխատողների կողմից դեպքի վարման անհրաժեշտությունը:
Նախարարն իր խոսքում կարևորեց նաև միասնական տեղեկատվական բազաների կիրառումը և որակյալ ծառայություններ մատուցելու առաջնահերթությունը:
Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ տիկին Լորա Թաքն իր գոհունակությունն հայտնեց կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ և բարձր գնահատելով ինտեգրված սոցիալական ծառայությունների կարևորությունը Հայաստանի համար՝ ոլորտում արձանագրված ձեռքբերումները որակեց որպես կարևորագույն առաջընթաց:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նույնպես շնորհակալություն հայտնեց տիկին Թաքին և հույս հայտնեց, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը կկրի արդյունավետ և շարունակական բնույթ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին