Եթե ՌԴ նկատմամբ սանկցիաները երկար տևեն, խնդիրները կխորանան. Ֆինանսների նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները երկար տևեն, Հայաստանի տնտեսական խնդիրները կխորանան: Նման տեսակետ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Նա թվարկեց այն վնասները, որոնք ստացվել են արդեն այս տարի: «Տնտեսության նվազեցումներն ըստ ճյուղերի, տրանսֆերտները, ֆինանսական հոսքերը, արտահանողների հետ կապված խնդիրները: Հիմա արտահանողները խնդիր ունեն՝ պայմանավորված Ռուսաստանում դոլարի ու ռուբլու փոխարժեքով, դրանք պետք է համապարփակ գնահատել ու ասել, հիմա պետք չէ կանխատեսել: Կանխատեսումները լավ չեն, պետք է գնահատել հստակ, որպեսզի հետո կողմնորոշվել, թե ինչ ուղղություններով պետք է աշխատել»:

Գագիկ Խաչատրյանը նաև նշեց, որ Հայաստանը 84 մլն. դոլարի աջակցություն է սպասում ԵՏՄ-ից՝ անդամակցության անցումային փուլը հաղթահարելու համար:

Հարցին, թե ԵՏՄ անդամ դառնալուց հետո օտար մաքսավորնե՞ր են հայտնվելու մեզ մոտ, նա պատասխանեց. «Օտար մաքսավորներ չեն լինի, բայց համապատասխան աշխատակիցներ կլինեն, որոնց հետ միասին կաշխատենք: Բազմաթիվ հարցեր կան, մենք հիմա 240 մաքսային կարգավորումների վրա ենք աշխատում, ծավալուն ու բարդ ընթացակարգեր են»: Նախարարը հայտարարեց, որ Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսակետ տեղադրելու հարց ներկա փուլում չի քննարկվում:




Լրահոս