Հոկտեմբերի վերջին Փարիզում Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի արդյունքում կարևոր հետևություններ եղան: Այս մասին խորհրդարանում հայտարարությունների ժամին նշեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Առաջին՝ ԼՂ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, երկրորդ ՝ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Միսկի խմբի ձեւաչափով», – ընդգծեց նա:
Նա անդրադարձավ նաև կառավարության ներկայացրած 2015թ. պետական բյուջեի նախագծին: «Մի կողմ թողնելով ամբոխահաճո հայտարարությունները՝ նշեմ, որ 2015 թվականի բյուջեի նախագիծը իրատեսական է և ունի հստակ սոցիալական ուղղվածություն: Մեր խնդիրն է օր առաջ իջեցնել աղքատության շեմը, պայքարել կոռուպցիայի դեմ և ստեղծել աշխատատեղեր:
Մեր ընդդիմախոսները նշում են, որ դա բավարար չէ: Իհարկե, բավարար չէ, բայց բավարար ցուցանիշներ ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն խոսել ու քննադատել, այլեւ ներկայացնել առողջ եւ իրատեսական առաջարկներ»,- եզրափակեց նա: