ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցությունն ուրախ կլինի, եթե ԲՀԿ-ն եւս որոշի կոալիցիա կազմել իրենց հետ: Ըստ մեր զրուցակցի՝ այդպես ավելի արդյունավետ կլինի աշխատելը:
-Ըստ շրջանառվող լուրերի՝ Դուք շարունակելու եք պաշտոնավարել, քանի որ ամեն դեպքում, ԱԻՆ ղեկավարի պորտֆելը մնալու է ՕԵԿ-ին:
-Դուք արդեն գիտեք, որ ես ՕԵԿ համամասնական ցուցակի 3-րդ համարն էի, բայց ես հրաժարվեցի իմ մանդատից, քանի որ կուսակցությունը որոշեց, որ ճիշտ կլինի, եթե ես իմ աշխատանքը շարունակեմ գործադիրում: Կարծում եմ՝ արտակարգ իրավիճակների նախարարությունում ես դեռ անելիքներ ունեմ: Եթե իմ երկրի նախագահը վստահի ինձ եւ որոշի, որ ես պետք է շարունակեմ, ուրեմն ես մեծ հաճույքով կշարունակեմ իմ աշխատանքը: Ես կիսատ գործեր ունեմ եւ պետք է դրանք առաջ տանեմ: Ես այսօր շարունակում եմ պաշտոնավարել, այսօր (երեկ-Ս.Գ.) հրշեջ մասի պետերին էի հրավիրել ինձ մոտ, որոնց հանձնարարականներ եմ տվել ու ասել եմ, որ 6 ամիս հետո ստուգելու եմ:
-Եթե որոշվի, որ Դուք չեք ղեկավարելու ԱԻՆ-ը, ի՞նչ եք անելու, հնարավո՞ր է՝ լքեք հարազատ կուսակցությունը:
-Չէ՛, եթե որոշվի, որ ես չեմ ղեկավարելու, այստեղ ես ոչ մի մեղադրանք չեմ կարող առաջադրել իմ կուսակցությանը, որովհետեւ եթե վերջիվերջո կոալիցիա կազմենք եւ կազմելու ենք, քանի որ ՀՀԿ-ի հետ մենք արդեն համաձայնության ենք եկել, եթե ասեն, որ պետք է շարունակեմ պաշտոնավարել, ուրեմն կշարունակեմ, եթե ոչ` որպես գիտնական՝ կգնամ իմ դասախոսություններով կզբաղվեմ: Ինչի՞ համար նեղանամ:
-Նախարարական պորտֆելը կորցնելու:
-Դա անմտություն եմ համարում, թող այն մարդիկ զարմանան այդ պորտֆելի վրա, որ գիշեր-ցերեկ չեն քնում ու երազում են նախարարի պորտֆելը:
-Լուրեր էին շրջանառվում նաեւ, որ Ձեզ փոխարինելու է սպորտի փոխնախարար, «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը:
-Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում կա 18 նախարարություն, եւ յուրաքանչյուր նախարարություն ունի մի քանի տեղակալներ, հնարավոր չէ բոլորին ճանաչել եւ հիշել, ես էդպիսի մարդ չեմ ճանաչում ու չեմ էլ լսել, որ նման մարդ կա կամ նախարարի նման տեղակալ կա: Եթե ինչ-որ մի լուրջ գործունեություն ծավալեր, ես տեղյակ կլինեի դրա մասին: Իսկ որ ասացիք արծիվներ, դրա հետ կապված՝ Դուք երիտասարդ եք, չեք հիշի, կար «Ծիծեռնակ» բար, ճիշտն ասած՝ դրանից հետո ոչ մի թռչունի հետ չեմ առնչվել, չեմ էլ լսել:
-Չե՞ք ճանաչում Ասրյանին, նրան հաճախ նմանեցնում են Հիտլերին:
-3-րդ ռեյխի հետ ես ընդհանրապես կապ չեմ ունեցել:
-Մեր տեղեկությունների համաձայն՝ ՕԵԿ-ի ներսում ուրախություն է տիրում այն բանի համար, որ հնարավոր է՝ ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիան այդպես էլ չձեւավորվի:
-Բայց ի՞նչ կա այդտեղ ուրախանալու, մենք բոլորս էլ պետական մտածելակերպ ունեցող մարդիկ ենք, եւ ինչքան շատ կուսակցություններ լինեն կոալիցիայի անդամներ, այնքան ավելի ճիշտ կլինի: Թող բոլորն էլ մեզ հետ կիսեն պատասխանատվությունը, կողքից ասելը՝ վատ եք աշխատում, շատ հեշտ է: Կարծում եմ՝ նրանք մեզ կմիանան, եւ ես դրան երկու ձեռքով կողմ եմ:
-Իսկ որպես ՕԵԿ փոխնախագահ՝ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ չի ձեւավորվում այդքան երկար քննարկվող կոալիցիան: Հայտնի է, որ միայն ԲՀԿ-ն է «դիմադրում», քանի որ ՕԵԿ-ը կարծես Հանրապետականի «պոչը» լինի, ինչպես ՀՀԿ-ն որոշի, այդպես էլ կլինի:
-Կարծում եմ՝ հարցեր կան, որոնք դեռեւս քննարկվում են, եւ շուտով հայտարարությունը կլինի, թե որն է պատճառը: ՕԵԿ-ը չի ենթարկվում, ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն էլ իր չոր կողերն ունի. եթե տեսավ, թե մեր կուսակցության շահերը մի տեղ ոտնահարվում են, երբեք չի համաձայնի կոալիցիա կազմել: Եթե նման բան լիներ, ես այս կուսակցությունում չէի մնալու, միանշանակ ՕԵԿ-ը Ձեր ասած «պոչը» չէ:
-ԱԺ ընտրությունների ժամանակ Դուք համակարգում էիք կուսակցության աշխատանքները Կոտայքի մարզում, որտեղ ԲՀԿ-ն ջախջախիչ պարտության մատնեց ՀՀԿ-ին, ինչո՞ւ ՕԵԿ-ին չհաջողվեց այնտեղ ձայներ հավաքել:
-Էրեբունի, Շենգավիթ եւ Կոտայքի մարզ, դե երեւի այնտեղ ավելի թույլ էինք, մոտ 4 հազար ձայն ենք հավաքել, բայց ավելի ակտիվ կարելի էր աշխատել: Ինձ մոտ չկար կուսակցական փորձ, առաջին հերթին դրա համար ես ինձ եմ մեղադրում, պետք էր ուղղակի ավելի ակտիվ լինեինք, ուղղությունները մի քիչ ավելի կոնկրետ լինեին: Կարծում եմ՝ մենք կարող էինք ավելի շատ ձայներ հավաքել:
-Ի՞նչն էր պատճառը, որ չհավաքեցիք, կեղծեցի՞ն ձեր ձայները:
-Ուղղակի պետք էր մի քիչ ակտիվ աշխատել, վերջին շրջանում մի քիչ պասիվացանք, հանցավոր ինքնավստահություն ձեռք բերեցինք, որ ամեն ինչ լավ է, բայց պարզվեց, որ դեռ անելիքներ կային:
-Ըստ որոշ տեղեկությունների՝ ՕԵԿ-ում քննարկվում է, թե ում պետք է «զոհաբերեն», որպեսզի երիտասարդներ Դավիթ Կարապետյանն ու Նելսոն Զուլոյանը մանդատ ստանան…
-Բայց մենք արդեն ունենք հստակ ցուցակ, որն արդեն հայտարարել ենք, դուրս գալով չէ: Երիտասարդները հենց դրա համար են երիտասարդ, որ սպասեն:
ԹՌՉՈՒՆՆԵՐԻՑ ԾԻԾԵՌՆԱԿԻՆ Է ԾԱՆՈԹ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ