ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՊՐՈԳՐԵՍԻԱ՝ ԸՍՏ ՌԵԺԻՄԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զարմանալի երկիր է Հայաստանը: Իշխանությունները մի կողմից հետեւողականորեն ձախողումներ են գրանցում բոլոր ոլորտներում, մյուս կողմից ընտրությունից ընտրություն ավելի ու ավելի շատ ձայն ստանում: Ցանկացած նորմալ երկրում եթե որեւէ իշխանություն այսքան ձախողում գրանցեր, ապա ոչ միայն չէր վերընտրվի, այլեւ ինքնակամ հրաժարական կտար: Համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո հերթով հրաժարական տվեցին եվրոպական գրեթե բոլոր երկրների կառավարությունները: Մինչդեռ Հայաստանում, ընդհակառակը, նույնիսկ որեւէ նախարար իր պաշտոնից չազատվեց: Դեռ ավելին, Սերժ Սարգսյանը ցանկանում է այս իրավիճակի հիմնական պատասխանատուին՝ Տիգրան Սարգսյանին, կրկին կարգել վարչապետ:

Ռեժիմի ձախողումների մասին կարելի է անվերջ խոսել: Երեկ էլ ազգային վիճակագրական ծառայությունն է հրապարակել «Պարենային ապահովություն եւ աղքատություն. 2012թ. հունվար-մարտ» զեկույցը: Այնտեղ ներկայացված ցուցանիշները գալիս են ապացուցելու պարզ ճշմարտություն. չկա մի ոլորտ, որտեղ գրանցված լինի փոքր առաջընթաց: Օրինակ՝ աղքատության ցուցանիշը վերջին տարիներին միայն աճել է, իսկ ծայրահեղ աղքատների թիվը՝ երկու տարվա մեջ կրկնապատկվել: Ըստ այդմ՝ 2008թ. Հայաստանում աղքատության ցուցանիշը եղել է 17,6 տոկոս, ընդ որում ծայրահեղ աղքատության թիվը՝ 1,6 տոկոս: 2009թ. այս ցուցանիշը բարձրացել է՝ դառնալով 34,1 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատության թիվը՝ 3,6 տոկոս: Իսկ 2010թ. աղքատության ցուցանիշն ավելի է բարձրացել՝ հասնելով 35,8 տոկոսի: Ծայրահեղ աղքատության ցուցանիշն էլ հասել է ավելի քան 3 տոկոսի:
Նույն պատկերն է նաեւ գործազրկության բնագավառում: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարիներին բավական ավելացել է նաեւ գործազուրկների թիվը. եթե 2008թ. եղել է 231 հազար 600 գործազուրկ, ապա 2009թ. այս թիվը հասել է 265 հազար 900-ի: Իսկ 2010թ. ՀՀ-ում եղել է ավելի քան 278 հազար գործազուրկ, 2011թ.՝ 265 հազար 700:
Նույն զեկույցում անդրադարձ կա նաեւ արտաքին պարտքի ցուցանիշներին. այս տարիներին իշխանությունները հետեւողականորեն ավելացրել են նաեւ արտաքին պարտքի բեռը. 2007թ. արտաքին պարտքը կազմել է 1 մլրդ 449 մլն դոլար: 2009թ. սկսած՝ այդ գումարը բարձրացել է՝ դառնալով 2 մլրդ 966 մլն դոլար: 2010թ. արտաքին պարտքը դարձել է 3 մլրդ 300, իսկ արդեն 2011թ.՝ ավելի քան 3,5 մլրդ դոլար: Ընդ որում սա կազմել է ՀՆԱ 35,2 տոկոսը:
Այս տարիներին գրանցվել է նաեւ մեծ գնաճ. 2007թ. գնաճը եղել է 4,4 տոկոս, իսկ 2011թ. այդ թիվը հասել է 7,7 տոկոսի: Միայն այս տարվա առաջին եռամսյակում գնաճը կազմել է 3,3 տոկոս: Ի դեպ, այստեղ դեռ չեն հաշվել մայիս ամսվա ընթացքում գրանցված գնաճը. իսկ ԱԺ ընտրություններից հետո կրկին թանկացումներ են նկատվում գրեթե բոլոր խանութներում: Ասել է թե ընտրությունների օրն առատաձեռնություն ցուցաբերելով ընտրակաշառքի հարցում՝ իշխանությունները հիմա հետ են վերադարձնում իրենց գումարները:
Սրանք ընդամենը հրապարակված տվյալների մի մասն են: Սակայն եթե անգամ չլինեին այս թվերը, ժողովուրդը, միեւնույն է, սեփական մաշկի վրա է զգում երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը: Դրա հետեւանքով վերջին տարիներին սոսկալի ծավալների է հասել արտագաղթը. երկիրը տարեկան լքում է միջինը 60-70 հազար հոգի:
Այդ բոլոր ցուցանիշներից հետո անհասկանալի է, թե ինչպես են ընտրություններում իշխանական ուժերը գնալով ավելի շատ ձայն ստանում: Բանն այն է, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2003թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն ստացել էր 23,6 տոկոս, 2007թ.՝ 33,9 տոկոս: Իսկ ահա 2012թ. ՀՀԿ-ն պաշտոնապես ստացել է 44 տոկոս ձայն: Իշխանական մյուս կուսակցությունների հետ միասին ռեժիմն իր օգտին գրել է ավելի քան 70 տոկոս: Թե ինչպես են սոցիալ-տնտեսական ձախողումներին զուգահեռ նման բարձր արդյունքներ ստացվում, անհասկանալի է: Այս ֆենոմենի պատասխանը դեռ ոչ ոք չի տվել. դժվար թե հայ հասարակությունն այնքան մազոխիստ է, որ ոչ միայն ցանկանա հանդուրժել այս իշխանություններին, այլեւ ընտրությունից ընտրություն ավելի շատ ձայն տա նրան: Ուրեմն մնում է եզրակացնել մեկ բան. ռեժիմն այնքան է լկտիացել, որ չի խորշում ամենաստոր ձեւով ընտրությունները կեղծելուց՝ ընդ որում շատ հաճախ դրան մեղսակից դարձնելով նաեւ հասարակության մի ստվար հատվածի: Միայն թե, ինչպես ցույց է տալիս պատմությունը, նման ռեժիմները փլուզվում են այն ժամանակ, երբ իրենց թվում է՝ հզոր են ու անպարտելի: Ու հիմա, փաստորեն, հասունանում է հենց այդ իրավիճակը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս