ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ
ՌԴ դաշնային ժողովի պաշտպանության եւ անվտանգության դաշնային խորհրդի կոմիտեի պատվիրակության` Հայաստան կատարած այցի ծրագրի շրջանակներում երեկ հանդիպումներ են կայացել ՀՀ պաշտպանության նախարարությունում, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ 102 ռազմակայանի զորամասերի եւ ստորաբաժանումների տեղաբաշխման պայմաններին ու ռազմակայանի կողմից իրականացվող գործունեության առանձնահատկություններին վերաբերող հարցեր:
ԷԼԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ
Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Գուրգեն Արսենյանը Tert.am-ին ասել է, որ չի պատկերացնում համատեղ աշխատանք գործող կառավարության եւ կառավարության ղեկավարի հետ։ «Ես քաղաքացի Տիգրան Սարգսյանի դեմ ոչինչ չունեմ, ես խոսում եմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանի մասին, որն այս տարիների ընթացքում երկիրը հասցրել է աղետալի վիճակի»,-ասել է ՄԱԿ նախագահը` շեշտելով, որ դա իր անձնական կարծիքն է:
ԴՈԼԱՐԸ ԹԱՆԿԱՑԱՎ
Երեկ դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կազմել է 401,95 դրամ: 2010թ. ապրիլից հետո դոլարն առաջին անգամ է բորսայում վաճառվում 400 դրամից բարձր փոխարժեքով: Ընդ որում նախորդ կայացած նստաշրջանի (մայիսի 18) արդյունքների համեմատ դոլարը միանգամից թանկացել է 2,45 կետով, ինչը մեկ նստաշրջանի ընթացքում վերջին 1,5 տարում ամենաբարձր աճն է:
ԴԻԱԿ ԵՆ ԳՏԵԼ
Մայիսի 22-ին ստացած ահազանգի հիման վրա Հայաստանի ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցները մեկնել են Օհանովի փողոցի 2-րդ շենք, որի դուռը բացելով` հայտնաբերել են 46-ամյա Սեդրակ Սաֆարյանի դին: Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
ԿԾԱՂԿԵՑՆԻ ԱԺ-Ն
Henaran.am-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին զբաղված է ԲՀԿ ցուցակը «մաքրելով»: Վերջին երկու օրերին նա իր մոտ է կանչում թե՛ գործադիր մարմնի ԲՀԿ ներկայացուցիչներին, թե՛ ԲՀԿ ապագա պատգամավորներին, տեղեկացնում` մնալու են իրենց «պոստում», ստանալու են պատգամավորական մանդատ, թե ոչ: Երկուշաբթի նրա մոտ է եղել Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո): Նա, որոշ լուրերի համաձայն, ինքնաբացարկի դիմում էր գրել: Դիմումը գրելիս իր «կողմից անչափ հարգված Ծաղիկ Ռուբոյին Ծառուկյանն ասել է` Ռուբո՛ ջան, հենց կոալիցիա մտանք, իմացի` առաջինը դու ես մտնելու պառլամենտ»: Իսկ քանի որ Ծառուկյանի խոսքը նաեւ գործ է, երեկ նա Ռուբեն Գեւորգյանին կանչել ասել է` շնորհավոր, ախպե՛րս, գործերդ ուղարկում եմ ԿԸՀ, որովհետեւ արժանի ես: