«Քո մորը հայհոյել ա, ի՞նչ տղա ես, խփի ու փախի». վերադասը վիրավորել էր շարքայինի մորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի՞նչ պետք է անի շարքային զինվորը, երբ պետը խմում և աչք է դնում իր մոր վրա. ավելին` փորձում է հենց իր ենթակա զինվորից պարզել` նրա մայրը բարոյական ի՞նչ նկարագիր ունի. այս հարցի պատասխանը դատարանը, թերևս, խիստ գնահատեց:

Դեպքը տեղի է ունեցել 2011թ. հուլիս ամսին: Ըստ արդեն դատապարտյալ Անդրանիկ Ղահրամանյանի այդ ժամանակվա ցուցմունքի` կապիտան Անդրեյ Հարությունյանն իրենց տանը հյուրընկալվելուց հետո իրեն ասել է. «Անդրանիկ, բայց մամադ լավն ա, սիրուն ա. տեսե՞լ ես՝ ո՞նց ա նայում, կարո՞ղ ա… »: Սրան զինծառայողը պատասխանել է. «Պարոն կապիտան, սպասի, հետո ես քեզ կասեմ»:

Զորամաս վերադառնալուց կապիտան Հարությունյանը նորից է խոսել նույն թեմայի շուրջ: Դրանից հետո Անդրանիկը որոշել է հարցը այլ կերպ լուծել: Ստանալով ինքնաձիգը` Ա. Ղահրամանյանը լիցքավորել է այն, ապահովիչը դրել է մենահատ կրակոցի վրա, մտել վրան, որտեղ քնած է եղել Ա. Հարությունյանը, և 30 սմ հեռավորությունից երկու անգամ կրակել կապիտանի գլխին, ով ստացված վնասվածքներից տեղում մահացել է:

Ա. Ղահրամանյանն ընդունել է մեղքը և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել ազատազրկման` 12 տարի ժամկետով: Դատավճռի բողոքարկումը մինչև Վճռաբեկ է հասել, արդյունքում՝ վերադարձվել:

Ղահրամանյանի հետ նույն գործով ազատազրկման են դատապարտվել նաև նրա զինծառայող ընկերներից երկուսը՝ Դավիթ Ղահրյանն ու Մուշ Հովհաննիսյանը: Վերջինս արդեն կրել է սահմանված պատիժը, իսկ Ղահրյանն այդ ժամանակ դատապարտվել էր 8 տարի 3 ամիս ժամկետով: Նրանք Ղահրամանյանին են տվել զենքը, որով սպանվել է կապիտանը, ապա գաղտնի են պահել դեպքի մանրամասները: Ի դեպ, Հարությունյանը սպանվելու պահին քնած է եղել, իսկ Ղահրամանյանի բնակարան է այցելել վերջինիս հոր հրավերով:

Իսկ ի՞նչ է եղել իրականում, և ի՞նչ ապացուցեց դատարանը:

Այսպես, մոր հասցեին վերադասի կողմից հնչեցրած արտահայտությունից վրդովված , զինծառայողը որոշում է սպանել նրան: Դեպքի օրը, իմանալով, որ Հարությունյանը քնած է, որոշում է օգտվել առիթից և տեղում իրագործել մտադրությունը: Այս մասին հայտնում է կացարանում գտնվող շարքային Մուրադյանին (այստեղ այդ պահին քնած էր Հարությունյանը) և խնդրում նրան իրեն փոխանցել ինքնաձիգը: Շարքայինը հրաժարվում է, սակայն Ղահրամանյանը կարողանում է նրան համոզել: Այսպիսով՝ Մուրադյանը ևս դառնում է հանցակից և դատապարտվում ազատազրկման:

Ղահրամանյանն ընդունել է մեղքը, ասել է, որ չի փոշմանում, իսկ ավելի վաղ զինվորներից մեկից լսել է. «Քո մորը հայհոյել ա, ի՞նչ տղա ես, խփի ու փախի» արտահայտությունը, ինչից հետո ավելի է բորբոքվել ու կատարել է սպանություն:

Այսուհանդերձ, դատարանը կայացրել է ամենադաժան վճիռը՝ հաշվի չառնելով այն հանգամանքները, որ զինվորն ընդունել է մեղքը, արարքն անելու պահին եղել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և չեն բացառվում պատիժը մեղմացնող այլ հանգամանքներ ևս:




Լրահոս