19-ամյա ժամկետային զինծառայող Հայկ Ղազարյանը մահացել է ապրիլի 7-ին Սիսիանի հոսպիտալում: Նրա մահվան պատճառը կայծակնային մենինգիտն է եղել: Զինվորի ծնողներն արդեն հաշտվել են իրականության հետ ու չեն ցանկանում բողոք կամ դժգոհություն ներկայացնել:
ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության լրատվական բաժնից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ Հայկ Ղազարյանի գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ պատրաստ չէ:
Հիշեցնենք, որ զինվորի մահվան առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանք, նախատեսում է ազատազրկում՝ 3-6 տարի ժամկետով):
«Ժողովուրդ»-ը զրուցեց Հայկի հոր` Արմեն Ղազարյանի հետ. «Ոչ մի նորություն չունեմ: Գնացի, ինչ աչքովս տեսել եմ՝ դա է: Մահացած տղայիս տեսա: Երեւանի ճարտարագիտական համալսարանում էր սովորում՝ հեռակա: Ամեն ինչ ձեռքից գալիս էր: Համակարգչին լավ էր տիրապետում, շատ էր սիրում սպորտով զբաղվել: Ընկերասեր էր: Մենք չէինք ուզում, որ գնար բանակ, բայց ինքը հակառակն էր պնդում»:
Հոր պատմելով՝ որդին գլուխ պահել չգիտեր, սիրում էր անընդհատ զբաղված լինել. «Բազմաթիվ շնորհակալագրեր են եկել բանակից լավ ծառայելու եւ լավ կրակելու համար: Նույնիսկ անկախության 20-ամյակի շքերթին եկավ մասնակցեց: Լավ քայլելու համար խրախուսանք տվեցին` տասնօրյա արձակուրդ: Իսկ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին էլ լավ կրակելու համար տասնօրյա արձակուրդ էին տվել, բայց Հայկը հրաժարվել էր` ասելով, որ ամռանը կգնա»:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ իր որդին առողջությունից երբեւէ չի դժգոհել, հատկապես ծառայության ընթացքում: «Բայց դե մյուս երեխաների նման նա էլ գրիպով հիվանդացել է: Միայն ալերգիկ էր` գարնանը ծաղիկներից փռշտում էր, բայց Գորիսում ծառայության ժամանակ անցավ դա»,-տխրությամբ հիշեց հայրը:
Մեր հարցին, թե ինչ քայլեր է պատրաստվում անել, նա պատասխանեց. «Ո՞ւմ դիմեմ: Որ դիմեմ, էրեխուս հե՞տ կբերեն: Ես գիտեմ, որ որդուս ո՛չ խփել են, ո՛չ սպանել: Մենք նրա մահվան նախօրեին խոսեցինք Հայկի հետ: Անընդհատ հարցնում էինք` հո հիվա՞նդ չես: Նա էլ բարկացավ մեր հարցերից ու ասաց` ի՞նչ եք ուզում ինձանից, սարի պես առողջ եմ: Դրանից մի տասը օր առաջ էլ skype-ով խոսեցինք, տեսանք, բայց ոչ մի բան չկար»:
Նշենք, որ Հայկը նույն զորամասում ծառայում էր իր մորեղբոր որդու հետ: Հայկին մնացել էր 7 ամիս, որ վերադառնար տուն: «Ես ոչ ոքի չեմ մեղադրում ու չեմ էլ հավատում, որ նա հիվանդ է եղել: Չգիտեմ, դա թող իրենք որոշեն: Ասում են, որ վարակիչ հիվանդություն է եղել: Միեւնույն է, էրեխուս էլ հետ չեն բերի»,-ասաց Ա. Ղազարյանը: Նրան նույնիսկ չի էլ հետաքրքրում դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:
Բայց միեւնույն ժամանակ Հայկի հայրը ճիշտ է համարում, որ սպանված զինվորների մայրերը պայքարում են իրենց որդիների սպանության գործերի արդար քննության համար. «Սպանողները չեն պատժվել, դրա համար պետք է նրանք շարունակեն իրենց պայքարը: Աստված ոչ աներ, իմ էրեխուն մեկը ծեծեր, ես չեմ կարող ասել, թե ինչ կանեի: Բայց իմ էրեխուն ոչ ոք մատով չի կպել: Ես փոքր ախպեր եմ Ղարաբաղում կորցրել, մեծ եղբայրս Ղարաբաղում հրամանատար է եղել, ծանոթ եմ զինվորական աշխարհին»:
ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ՈՐԴՈՒՍ ԷԼ ՀԵՏ ՉԵՆ ԲԵՐԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ