ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը սկսել են իրար հետ շփվել հայտարարությունների լեզվով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը սկսել են իրար հետ շփվել հայտարարությունների լեզվով. իրենց մարտավարությունների մասին մեկը մյուսին տեղեկացնում են՝ հաղորդագրություններ եւ հայտարարություններ տարածելով:

Նախ՝ նոյեմբերի 6-ին ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ հրավիրեց եւ ավետեց, որ իր կուսակցականներն առաջիկայում զբաղված են լինելու իրենց կուսակցության գրասենյակներում «նոր համաժողովրդական շարժման» գրասենյակներ ստեղծելով: ԲՀԿ-ի հաղորդագրության մեջ ոչինչ նշված չէր հաջորդ հանրահավաքի մասին, տեքստի բովանդակությունից ելնելով՝ կարելի էր եզրակացնել, որ ԲՀԿ-ն միառժամանակ «պաուզա» է վերցնում, եւ որպեսզի անգործության մեջ չմեղադրեն, զբաղվելու է կուսակցության տարածքային գրասենյակները վերաբացելով` արդեն որպես «նոր համաժողովրդական շարժման» գրասենյակներ: Ի դեպ, ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստի մասին տեսանյութ տարածվեց, որն ամբողջությամբ նվիրված էր այդ կուսակցության առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի գովքին:

ՀԱԿ-ն իր հերթին այս կիրակի հանդես եկավ հայտարարությամբ, որն ամբողջությամբ նվիրված էր ԲՀԿ-ին: Մասնավորապես ՀԱԿ կուսակցության հայտարարությունում ասվում է. «Միասնական գրասենյակների ձեւավորումն ինքնին վատ գաղափար չէ, եթե այն զուգորդվում է մայրաքաղաքի Ազատության հրապարակում ընթացող ակտիվ քաղաքական գործողությունների հետ, ինչը լրացուցիչ խթան կարող է ծառայել հենց այդ գրասենյակների արդյունավետ գործունեության համար։ Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու եւ համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար։ Նկատի ունենալով նշված հանգամանքները՝ Հայ Ազգային Կոնգրեսը հույժ անհրաժեշտ է համարում համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձեւավորմանը զուգընթաց որեւէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը՝ ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը»։

ԲՀԿ-ի պատասխանը չուշացավ: Այդ կուսակցության մամուլի խոսնակը ՀԱԿ-ի հայտարարության առնչությամբ բառացի ասել էր. «Շարժմանը մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրի եւ մասնավորապես ՀԱԿ-ի իրավունքն է՝ ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում ցանկացած վայրում եւ ցանկացած պահին»: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ն արձանագրում է, որ խորհուրդների կարիք չունի եւ լավ գիտի, թե երբ եւ ինչ է պետք անել: Իսկ եթե ՀԱԿ-ում համոզված են, որ իրենք ավելի լավ են քաղաքականությունից հասկանում, ապա, ըստ ԲՀԿ-ի, նրանք ազատ են իրենց գործողություններում եւ կարող են ինքնուրույն իրենց առաջարկն իրագործել:

Ոչ իշխանական եռյակը իր գոյության այս մի քանի ամիսների ընթացքում մշտապես գործել է կուլիսային սկզբունքով: Ուստի հայտարարությունների եւ հաղորդագրությունների միջոցով տեսակետները մեկը մյուսին հաղորդելը, մեղմ ասած, լավ օրից չէ: Առավել եւս, որ այն կարող է գնահատվել որպես պառակտման առաջին նշան:

Սակայն կողմերը շատ լավ գիտեն, որ պառակտում չի կարող լինել: Պառակտում լինում է դաշնակիցների միջեւ, որոնք հանդես են գալիս հավասարի դիրքերից: Իսկ ոչ իշխանական եռյակը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, հավասարների, մոտավոր համարժեք միավորների դաշինք կամ համագործակցություն չես անվանի: Ոչ իշխանականների սկսած գործընթացում ի սկզբանե դոմինանտը կամ իրավիճակի տերը եղել է ԲՀԿ-ն, որքան էլ ՀԱԿ-ը ցանկացել է հավասարի դիրքերից հանդես գալ` հիմնականում ի հաշիվ իր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կշռի: Սակայն հոկտեմբերի 24-ի հանրահավաքով ԲՀԿ-ն արձանագրեց, որ Գագիկ Ծառուկյանն էլ կարող է հանրահավաքում երկարաշունչ ելույթներ ունենալ, ծավալուն հարցազրույց տալ` գրավոր: Մինչ այդ ոչ իշխանական եռյակը կարելի էր բնորոշել՝ ՀԱԿ-ն` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, միտքն է, իսկ ԲՀԿ-ն` ի դեմս Գագիկ Ծառուկյանի, ուժը եւ իշխանափոխության ծրագիրն իրագործելու գործիքը:

Վերջին երկու շաբաթվա իրադարձությունների արդյունքում Գագիկ Ծառուկյանը բոլորին, այդ թվում նաեւ իր հանրահավաքներում ելույթ ունեցող քաղաքական գործիչներին, հասկացնում է, որ պարահանդեսի ղեկավարն ինքն է, միտքն է՛լ է ինքը, ուժն է՛լ եւ մնացած ամեն ինչն է՛լ:

Այն, որ ԲՀԿ-ն աստիճանաբար ավելի անթաքույց պետք է սկսեր հանդե գալ որպես վերջին ներքաղաքական զարգացումների միանձնյա ղեկավար եւ խմբավար, կանխատեսելի էր, եւ այսօր արդեն իրողություն է: Իհարկե, ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչները կփորձեն ձեւացնել, թե իբր բան էլ չի եղել, ամեն ինչ առաջվա պես է: Բայց բոլորը գիտեն, որ այդպես չէ: Իսկ ժամանակն աշխատում է միայն մեկ մարդու օգտին` Գագիկ Ծառուկյանի, որն առաջիկայում փորձելու է հաստատվել «ժողովրդի առաջնորդի» դիրքերում :

Վահագն Հովակիմյան




Լրահոս