Լոս-Անջելեսում դատարանը վճիռ է կայացրել 39-ամյա Մհեր Դարբինյանի գործով, ով Armenian power («Հայկական ուժ») հանցավոր խմբավորման ղեկավարներից մեկն է: Ինչպես նշում է BBC-ն, 2011թ.-ին Armenian power-ի գործով ներգրավվել էին 90 մեղադրյալներ:
Այս պահին նրանցից 87-ը դատապարտված են, երկուսը գտնվում են փախուստի մեջ, սակայն գործի քննությունը դեռևս շարունակվում է:
Մեկ ամիս տևած դատավարությունից հետո Դարբինյանը, ով հայտնի է Հոլիվուդյան Նայք և Կապոնե մականուններով, մեղավոր է ճանաչվել մեղադրանքի 57 կետերով: Ինչպես նշվում է դատախազության ապրիլյան մամլո հաղորդագրությունում, նրան ընդհանուր առմամբ սպառնում էր 973,5 տարվա ազատազրկում:
Դատավոր Հարի Կրալուզները Դարբինյանի կատարած հանցագործությունները համարել է հրեշավոր և նրան 32 տարվա ազատազրկման դատապարտել: Նա մեղադրվում էր շորթման, բանկային խարդախության, կրեդիտ քարտերի հետ կապված խարդախության, անձնական տվյալների գողության, հրազենի պահման և այլ մեղադրանքների մեջ: