2015 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ պետական բյուջեում արտացոլված չեն ԵՏՄ անդամակցության ռիսկերը:
«Մենք անդամակցում ենք ԵՏՄ-ին, կարող է տրանսֆերների անկում լինի, ռուբլու արժեզրկում: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը մի տեղ է գնում, իսկ ամբողջ աշխարհը` այլ»,- ընդգծեց Զուրաբյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը նշեց, թե այս հարցին բազմիցս պատասխան տրվել է և քանի դեռ Հայաստանը չի անդամակցել ԵՏՄ-ին, չէր կարող դրա հետ կապված գործընթացներն արտացոլել պետական բյուջեում:
«Ինչ վերաբերվում է տրանսֆերների անկմանը, ապա երեկ Կենտրոնական բանկի նախագահը հայտարարել է, որ առաջիկա մի քանի ամիսներին տրանսֆերների անկում չի լինի: Իսկ ինչ վերաբերվում է ռուբլու արժեզրկմանը, ասեմ, որ իմ անձնական տեսակետը կայանում է նրանում, որ դա քաղաքական դրդապատճառներ ունի»,- ընդգծեց Մինասյանը: