Ադրբեջանցիների թանկարժեք նվերները՝ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկինը, երեքշաբթի հրապարակված հաշվետվության համաձայն, անցած տարի թանկարժեք նվերներ են ստացել ադրբեջանցի պաշտոնյաներից, տեղեկացնում է Turan-ը:

Մասնավորապես, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը նախագահ Օբամային 6560 դոլար արժողությամբ ադրբեջանական մեծ գորգ է նվիրել: Իսկ Միշել Օբաման նրանից նվեր է ստացել ադրբեջանական գլխաշոր, որի արժեքն է 435 դոլար:
Պետքարտուղար Ջոն Քերրին 760 դոլարանոց ձեռագործ մետաքսյա գորգ է նվեր ստացել, իսկ Բաքվում ամերիկյան դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին նվիրել են 625 դոլարանոց գորգ:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը Վաշինգտոնում իր ամերիկյան գործընկեր Չակ Հեյգլին է նվիրել 600 դոլար արժողությամբ գինիների հավաքածու:

Բացի նվերներից, Ադրբեջանը վճարել է նաև որոշ ամերիկյան պաշտոնյաների ճանապարհածախսերը:

Հետաքրքրականն այն է, որ այս փաստաթուղթը հրապարակվել է դեսպան Սուլեյմանովի կողմից ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների պատվին նոյեմբերի 12-ին Վաշինգտոնում կազմակերպվող շքեղ ընթրիքից մի քանի ժամ առաջ:
Միջոցառման պաշտոնական կազմակերպիչն է Ադրբեջանաամերիկյան դաշինքը, որի ղեկավարն է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի որդին՝ Անար Մամեդովը:

Foreign Policy ամսագրի տվյալներով, Անար Մամեդովը 2012թ.-ին ավելի քան 2 մլն դոլար է ծախսել՝ նման ընթրիք կազմակերպելու վրա: Նույն աղբյուրի համաձայն, անցած տարի Մամեդովի կազմակերպությունը 5 մլն դոլար է վճարել Fabiani & Co լոբբիստական խմբին՝ ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ հարաբերությունների հաստատաման դիմաց:




Լրահոս