ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՂԵՏՆ ԱՐԴԵՆ ԿԱՅԱՑԱԾ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի 12 հազար 457 առեւտրի կետերում այս տարվա առաջին ինն ամիսներին իրականացվել է 714 միլիարդ 105 միլիոն 400 հազար դրամի առեւտուր: Մանրածախ առեւտրի՝ վերը բերված թվից 633 միլիարդ 86 միլիոն 500 հազար դրամի շրջանառությունն իրականացվել է մայրաքաղաք Երեւանի առեւտրի կետերում: Այսինքն՝ ընդհանուր առեւտի 90 տոկոսն իրականացվում է Երեւանում: Պաշտոնապես մայրաքաղաքում ապրում է Հայաստանի 3 միլիոն բնակչության մեկ երրորդը: Ստացվում է, որ Հայաստանի բնակչության շուրջ 2 միլիոնի շրջանում, որն ապրում է մարզերում, չնչին առեւտուր է իրականացվում, եթե չասենք` այն իսպառ բացակայում է: Իսկ մարզերում մարդիկ առեւտուր չեն անում, որովհետեւ գումար չունեն: Առանց չափազանցության սա պետական ողբերգության վառ ապացույց է, եւ էական էլ չէ, թե պետական վիճակագիրներն այս ցուցանիշի իրական իմաստը թաքցնելու համար ինչպիսի մեքենայություններ կհնարեն: Աղետն արդեն կայացած իրողություն է:

 

 
«Բորոդինո» պահածոների գործարանը ծանր կացությունում է հայտնվել: Տնօրինությունը չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընկերության փոխտնօրեն Սիսակ Աղայանը երեկ ասաց, որ իրենք խնդիրը լուծելու համար փորձել են վարկ վերցնել, բայց ապարդյուն: «Հայաստանյան բանկերը վարկ չեն տալիս, քանի որ բանկերից մեկին պարտք ենք 750 հազ. դոլար: Երկու շաբաթում կմարենք գոյացած պարտքը»,- ասել է Աղայանը: Նա խոստովանել է, որ պարտքը մարելու համար ստիպված վաճառելու են ընկերության շատ կարեւոր սարքավորումները: Պահածոների արտադրության շուկայի ներկա առաջատարը «ԱրտՖուդ» ընկերությունն է, որը, ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի համատեղ «բիզնեսն» է: Բարձրաստիճան պաշտոնյա սեփականատիրոջ ընկերությունը զարգանում է, իսկ նրա մրցակիցներն աստիճանաբար սննկանում են: Սա էլ հայկական ազատ մրցակցության արդյունքն է:

 

 
Կառավարության երեկվա նիստից հետո կարող ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունների մոտ ստեղծված կադրային «սովն» այդպես էլ չի հաջողվում հաղթահարել: Արդեն երկար ժամանակ թափուր մնացած չորս պաշտոններից ՀՀ իշխանությունները կարողացան լուծել միայն մեկի` Վայոց ձորի մարզպետի հարցը` այդ պաշտոնում նշանակելով Վայքի քաղաքապետին: Մյուս` տարածքային կառավարման նախարարի պաշտոնից որոշեցին հրաժարվել` նախարարությունը արտակարգ իրավիճակների նախարարության հետ միավորելու ճանապարհով: Փոխվարչապետի հարցը դեռեւս չեն կարողանում լուծել, բայց չեն կարող նաեւ լուծարել. ՀՀ սահմանադրությամբ է նախատեսված: Նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղարի` կես տարի թափուր մնացող պաշտոնի հարցը եւս կարելի է համարել անլուծելի: Ի դեպ, անվտանգության խորհուրդը սահմանված է սահմանադրությամբ, բայց քարտուղարի պաշտոնի մասին սահմանդրության մեջ ոչինչ նշված չէ, գուցե սա էլ լուծարեն, գնա, պրծնեն:

 

 

 

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր պետք է քննարկվի «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման եւ տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Նախագծի հեղինակ-պատգամավորների կարծիքով գործարանը հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի վրա զգալի ազդեցություն ունի, եւ անհրաժեշտ է ուսումնասիրել, թե ինչպես է տեղի ունեցել «Նաիրիտ»-ի մասնավորեցումը, եւ ինչու այն նման ծանր կացությունում հայտնվեց: Իսկ մինչ պատգամավորները փորձում են «Նաիրիտի» հարցը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, երեկ հայտնի դարձավ, որ պարտքերի մեջ թաղված քիմիական գիգանտին ՀՀ Կառավարության երաշխավորությամբ հերթական հինգ միլիարդ դրամի վարկն է տրվել: Այսինքն՝ եւս մեկ բեռ Հայաստանի հարկատուների ուսերին:

 

 

 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ

Վերջին օրերին Վրաստանում ծավալվող զարգացումները, բնականաբար, շատ կարեւոր են մեր` հայաստանցիներիս համար: Ճակատագրի հեգնանքով մենք հայտնվել ենք այնպիսի աշխարհագրական դիրքում եւ այնպիսի քաղաքական իրադրությունում, երբ անգամ մեր երկրում ընթացող քաղաքական զարգացումները, երբեմն, պակաս վճռորոշ կարող են լինել, քան մեր հարեւան երկրներում, օրինակ՝ թուրքիայում, ադրբեջանում կամ էլ Վրաստանում տեղի ունեցող իշխանափոխությունը:
Այն, ինչ այս օրերին կատարվում է Վրաստանում, իհարկե իշխանափոխություն չէ եւ դժվար թե առաջիկայում դառնա էլ: (Թեեւ Վրաստանի քաղաքական համակարգը, ի տարբերություն հայկականի, մշտապես աչքի է ընկել կայծակնային եւ անակնկալ զարգացումներով): Սակայն Վրաստանում ծավալվող ներկայիս գործընթացն իր էությամբ առավել կարեւոր է, քան զուտ իշխանության ղեկին կանգնած անձերի փոփոխությունը: Դատելով վերջին օրերի հրաժարականներից եւ իշխող կոալիցիայից հենց առավելապես եվրոպամետ ուժի հեռացումից` Վրաստանում արտաքին քաղաքական կուրս է փոխվում, ինչը, բնականաբար, ունենալու է իր ամենաուղիղ ազդեցությունը Հայաստանի վրա:
Այս օրերին որոշ արեւմտամետ փորձագետներ արդեն իսկ մտավախություն են հայտնում առ այն, որ եթե Ռուսաստանին հաջողվի Վրաստանին էլ դուրս բերել եվրոպական ուղուց, այդ դեպքում Հայաստանը վերջնականապես կկորցնի եվրաինտեգրվելու հեռանկարը: Քանզի Անդրկովկասի երեք հանրապետություններում էլ լիարժեքորեն հաստատելով սեփական անվիճարկելի ազդեցությունը` Ռուսաստանը, բնականաբար, արդեն վերջնականապես Արեւմուտքին այս տարածաշրջանից դուրս կմղի: Էլ չասած, որ Վրաստանի` եվրոպական ուղուց հետ կանգնելու դեպքում Հայաստանը կզրկվի նաեւ զուտ տարածքային առումով դեպի Եվրոպա բացվող պատուհանից:
Մյուս կողմից էլ, սակայն, նման զարգացումները կարող են նաեւ որոշակի դրական հետեւանքներ ունենալ մեզ համար: Առաջին հերթին դա կարող է լինել աբխազական երկաթուղու վերաբացումը, ինչը կհանգեցնի տնտեսական լրջագույն առաջընթացի: Եվ, ի վերջո, մեկ բան է լինել տարբեր աշխարհաքաղաքական բեւեռների ծիրում` ԵՄ-ի եւ Ռուսաստանի, մեկ այլ բան` նույն, թեկուզ եւ ոչ ամենաառաջադեմ համակարգի մեջ:
Ամեն դեպքում՝ Հայաստանը Վրաստանում ընթացող քաղաքական զարգացումների վրա ազդեցության լուրջ լծակներ չունի, ուստի մեզ մնում է միայն լինել դիտորդի դերում եւ ճիշտ ժամանակին համապատասխան քայլեր անել:

 

 




Լրահոս