ԱԶԳՈՎԻ ՌՈՒՍՆԵՐԻՆ ԵՆՔ ՊԱՀՈՒՄ
ՀՀ իշխանությունների կողմից էներգետիկ ոլորտում տարվող քաղաքականության արդյունքում պաշտոնապես 32 տոկոս աղքատություն ունեցող Հայաստանի բնակչությունը ստիպված է ապահովել, որ ռուսական ընկերությունները շահույթով աշխատեն:
«Գազպրոմ-Արմենիա» ընկերության հրապարակած տվյալների համաձայն՝ ինն ամիսների ընթացքում Հայաստանում օգտագործվել է մեկ միլիարդ 317.1 միլիոն խորանարդ մետր գազ, որից էներգետիկ ոլորտը սպառել է 323.6 միլիոն խորանարդ մետրը: Այսինքն՝ Հայաստանում օգտագործվող բնական գազի մեկ քառորդը սպառվում է էներգետիկ ոլորտում կամ այլ կերպ ասած՝ ՋԷԿ-երի կողմից: Հայաստանի ՋԷԿ-երը երկուսն են՝ Հրազդանի ՋԷԿ-ը եւ Երեւան ՋԷԿ-ը, որոնցից երկրորդն օգտագործում է Իրանից ներկրված գազ` դիմացը վճարելով էլեկտրաէներգիայով: Այսինքն՝ երբ «Գազպրոմ-Արմենիան» ասում է, որ իր իրացրած գազի այսինչ մասը էներգետիկ ոլորտն է օգտագործել, ապա դա նշանակում է, որ խոսքը կոնկրետ Հրազդանի ՋԷԿ-ի մասին է: Հիշեցնենք, որ Հրազդան ՋԷԿ-ը պատկանում է նույն «Գազպրոմ-Արմենիային»:
Էներգետիկ ոլորտի՝ այս տարի սպառած գազի ցուցանիշն անցած տարվա համեմատ աճել է 32,9 տոկոսով: Երբ «Հայաստանի էլեկտրական ցանցերն» այս տարվա ամռանը դիմեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու համար, իբրեւ պատճառաբանություն բերվում էր ՀԷՑ-ի կուտակած պարտքերը, որոնք գոյացել են Մեծամորի ատոմակայանի 88 օր կանգնելու եւ Հրազդան ՋԷԿ-ի թանկ էլեկտրաէներգիան սպառելու արդյունքում: Ըստ այդ պատճառաբանության՝ թանկ էլեկտրաէներգիա գնելու արդյունքում ՀԷՑ-ը 16,3 միլիարդ դրամի վնաս է կրել: Արդյունքում սակագինը բարձրացվեց ավելի քան 10 տոկոսով, որպեսզի ՀԷՑ-ը շահույթով աշխատի, եւ «վնասները» փոխհատուցվեն: Սակայն վերը բերված թվերը վկայում են, որ էլեկտրաէներգիայի թանկացումը ռուսական ՀԷՑ-ին կանաչ լույս է տվել, որպեսզի նա ավելի շատացնի մեկ այլ ռուսական ընկերության պատկանող Հրազդան ՋԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան:
Համեմատության համար նշենք, որ Երեւան ՋԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան ՀԷՑ-ը գնում է 17,6 դրամ սակագնով, Մեծամորի ատոմակայանինը` 6,1 դրամով, իսկ Հրազդան ՋԷԿ-ինը` 37,2 դրամով: Այսինքն՝ հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ է ՀԷՑ-ը Հրազդան ՋԷԿ-ից էլեկտրաէներգիա վերցնում, ինչո՞ւ, ասենք, նույն Երեւան ՋԷԿ-ի էլեկտրաէներգիան չի գնում: Էլեկտրաէներգիայի առաքման պաշտոնական հաշվետվության համաձայն՝ այս տարվա երկրորդ եռամսյակում ՀԷՑ-ը Երեւան ՋԷԿ-ից գնել է 16,2 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, իսկ Հրազդան ՋԷԿ-ից՝ 21,3 միլիոն: Իսկ ինչո՞ւ է ՀԷՑ-ը նախընտրում կրկնակի անգամ թանկ էլեկտրաէներգիան: Պարզ պատճառով, որովհետեւ ՀԷՑ-ը, Հրազդան ՋԷԿ-ը եւ «Գազպրոմ-Արմենիան» գործնականում պատկանում են մեկ ընդհանուր տիրոջ: Այս դեպքում տնտեսագիտական եւ մնացած բանական կանոնները դադարում են գործել: Մեկ սեփականատիրոջ պատկանող ռուսական ընկերությունները փորձում են՝ որքան հնարավոր է՝ փակ շրջանով գործել` ապահովելով մեկը մյուսի շահութաբերությունը: Եվ երբ այդ շահույթները մի փոքր պակասում են, նրանք անմիջապես դիմում են՝ սակագները բարձրացնելու համար: Դե, իսկ ՀՀ իշխանությունները եւ, հատկապես, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն «ով» է, որ փորձի ռուսներին հակաճառել. ասում են՝ բարձրացրե՛ք, բարձրացնում են, վե՛րջ:
Ի դեպ, ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հրազդան ՋԷԿ-ն անցած տարվա ինն ամիսների արդյունքներով հազար խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 172-րդ հորիզոնականը` մոտ 490 միլիոն դրամի հարկային վճարումներով: Այս տարի Հրազդան ՋԷԿ-ը բարձրացել է 69-րդ տեղը` 1 միլիարդ 337 միլիոն դրամի հարկային վճարումներով:
ՀՀ պաշտոնյաները այս ամենը, իհարկե, կարող են հետեւյալ կերպ ներկայացնել. պաշտոնապես 32 տոկոս աղքատություն ունեցող մեր բնակչությունն այնքան հյուրասեր ու մեծահոգի է, որ օգնում է՝ խեղճ ու կրակ ռուսական ընկերությունները մի քանի լումա փող աշխատեն, տանեն, իրենց ընտանիքները պահեն:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԴԵՌ ՉԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Արդեն տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաջորդ նախագահի հարցը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ջանքեր չի խնայում, որ հաջորդ նախագահն ինքը լինի: Նշվում է նաեւ, որ օրերս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ու ԼՂՀ ԱԺ նախագահ Արմեն Ղուլարյանի հետ եւ նրանց ասել, որ հաջորդ նախագահը նրանցից մեկն է լինելու: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանից պարզել, թե ինչ են քննարկել ԼՂՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ: ԼՂՀ վարչապետն ասաց, որ նման հանդիպում իրականում չի եղել: «Մենք որեւէ նման քննարկում չենք ունեցել: Մինչեւ 2017 թվականի սկիզբը գրեթե 3 տարի կա, ու անհասկանալի է, թե ինչու են այժմ նման հարց քննարկում: Երեք տարի առաջ նման հարց չեն որոշում: Այդ հարցի որոշողն էլ ժողովուրդն է»,-ասաց Արայիկ Հարությունյանը: Մեր դիտարկմանը, թե այնուամենայնիվ, ինքը նպատակ ունի՞ ԼՂՀ նախագահի թեկնածու առաջադրվել, վարչապետը պատասխանեց. «Ձեր նշած երեքից բացի՝ կարող է՝ մի երեք թեկնածու էլ լինել, ես ի՞նչ կարող եմ ասել, այսօր նման հարց քննարկելն անիմաստ է: Իսկ ԼՂՀ նախագահի հարցը որոշում է ժողովուրդը»:
ԿՐԻԱՅԻ ՔԱՅԼԵՐՈՎ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության հարցի քննարկումը, ինչպես հայտնի է, ՍԴ-ն նշանակել է 2015 թվականի մարտի 31-ին: «Ժողովուրդ»-ը փորձեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանից պարզել, թե ԱԺ պատգամավորների դիմումի քննարկումն ինչո՞ւ է այդքան ուշ նշանակվել: Սակայն պարզվեց՝ աշխատակազմի ղեկավարը տեղում չէր եւ երեկ այլեւս չէր վերադառնալու: Աշխատակազմի ղեկավարի օգնականը մեզ հետ զրույցում ասաց, որ Առուշան Հակոբյանը աշխատավայրում չէ եւ այսօր, այսինքն՝ երեկ, այլեւս չի վերադառնա: Նա առաջարկեց այսօր զանգահարել: Փաստորեն` ՍԴ-ում, 15-ից հետո արդեն աշխատանքային ժամ չէ: Նման պայմաններում կարելի է ասել, որ ԱԺ պատգամավորների դիմումի քննարկումը մարտի 31-ին նշանակելն այդքան էլ վատ արդյունք չէ: Դեռ մի բան էլ առաջ են գցել:
ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն այս տարի պետական բյուջեից 62 մլն 339 հազար դրամ է տրամադրել «Ագրոքիմիական ծառայություններ» ՊՈԱԿ-ին: Գումարը հատկացվել է հողերի ագրոքիմիական հետազոտության եւ բերրիության բարձրացման միջոցառումներ անցկացնելու համար: Այդ գումարով ՊՈԱԿ-ը պետք է իրականացներ նաեւ հողերի դաշտային հետազոտություններ, հողանմուշների լաբորատոր փորձաքննություններ: Տարին մոտենում է ավարտին, բայց այդպես էլ անհայտ է մնում, թե վերը նշված ՊՈԱԿ-ը ո՞ր մարզերի, ո՞ր համայնքների հողերի բերրիությունն է բարձրացրել եւ ինչպես:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԱՆՎՏԱՆԳ ԿԼԻՆԵՆ
Վերջապես Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի դպրոցի աշակերտները պաշտպանված կլինեն հակառակորդի կրակոցներից: Հայ օգնության ֆոնդի ջանքերով հաջողվել է հավաքագրել պաշտպանիչ պատի կառուցման համար անհրաժեշտ հազար ԱՄՆ դոլարը: Այն գոյացել է հարյուրավոր հայերի հանգանակության շնորհիվ: Ադրբեջանական զինուժի դիրքերի նշանառության տակ գտնվող դպրոցն ու մանկապարտեզը կունենան երեք մետր բարձրությամբ, 70 մետր երկարությամբ պաշտպանիչ պատ, որը մանուկներին հնարավորություն կտա անվտանգ ուսանելու եւ խաղալու։ Պատի շինարարությունը կսկսվի եղանակների տաքանալուն պես:
ՇԱԽՄԱՏԱՅԻՆ
Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Սերժ Սարգսյանը, ով նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է, երեկ Մոսկվայում ներկա է գտնվել շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական «Տաշիր» մրցաշարին: Նա ողջունել է միջազգային մրցաշարին մասնակցող աշխարհի մի շարք ուժեղագույն գրոսմայստերներին, մրցաշարին մաղթել հաջողություններ եւ միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանի շախմատային խաղում կատարել առաջին քայլը: Երեկ ՀՀ եւ ՌԴ շախմատային ֆեդերացիաների միջեւ կնքվել է նաեւ համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ Հայաստանի դպրոցականների ուժեղագույն թիմը կմասնակցի «Բելայա Լադյա» մրցաշարին:
ԱԶՆԱՎՈՒՐԸ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Է
Շառլ Ազնավուրի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնված գրառումը վերջ է դրել այս օրերին աղմուկ հանած հարցին. պարզվում է` շանսոնյեի սկանդալային հարցազրույցը թուրքերի հերթական ստորությունն է. «Ես հարցազրույց չեմ տվել «Posta» պարբերականին: Ես վիրավորված եմ այդ զարհուրելի մանիպուլյացիայից»,- ասված է գրառման մեջ: Հիշեցնենք, որ թուրքական «Posta»-ն հարցազրույց էր հրապարակել Ազնավուրի հետ, որում երգիչը իբր հանդես էր եկել ոչ հայանպաստ հայտարարություններով:
ՀՐԱԺԵՇՏ ԿՏԱՆՔ
ՀՀ պետական, քաղաքական եւ հասարակական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որի երեկվա նիստում որոշվել է, որ պետական գործչի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:30-14:00-ը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հուղարկավորությունը՝ նույն օրը, Երեւանի քաղաքային պանթեոնում:
ՀԱՑԱԴՈՒԼ ԿՍԿՍԵՆ
Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերը երեկ նախագահական նստավայրի մոտ հայտարարել են, թե հացադուլ կսկսեն, եթե Սերժ Սարգսյանը չարձագանքի իրենց պահանջներին: Նրանք ընդգծել են, որ դեռ հինգ ամիս առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրենց խոստացել է, որ կկազմակերպի հանդիպում երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հետ, սակայն մինչ օրս իրենց մասին ոչ ոք չի հիշել:
ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՃԱՆԱՉԻ
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե անհնար է, որ Թուրքիան ընդունի իր պապերին եւ ազգին վերագրվող Հայոց ցեղասպանությունը։ Նա նաեւ անդրադարձել է Եվրադատարանում գտնվող Դողու Փերինչեք-Շվեցարիա գործով դատավարությանը՝ շեշտելով, որ իրենք ուշադիր հետեւում են զարգացումներին։