ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿԱՅԱՆԱ՞Ն

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հնարավոր է` առաջիկայում ՀՀԿ-ն եւ ոչ իշխանական եռյակը հայտարարեն քաղաքական բանակցություններ սկսելու մասին: Եթե զարգացումներն անկանխատեսելի հունով չընթանան, ապա ենթադրվում է, որ դրանից որոշ ժամանակ անց նաեւ կհայտարարեն, որ կողմերը համաձայնության են եկել. ՀՀԿ-ն կհրաժարվի ՀՀ կառավարման` նախագահական կարգը փոխելուց, բայց կհամաձայնի խորհրդարանի 100 տոկոս համամասնական տարբերակին, ըստ այդմ, կփոխվի նաեւ ընտրական օրենսգիրքը: Այդ ամենը պետք է տեղ գտնի սահմանադրական փոփոխությունների նախագծում: Անցումային դրույթներով էլ պետք է սահմանվի, որ փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո անցկացվում են ԱԺ ընտրություններ: Ենթադրվում է, որ մինչեւ տարեվերջ «բանակցությունները» կավարտվեն: Այդ դեպքում 2015-ի փետրվարին ԱԺ-ն կարող է հաստատել ԸՕ փոփոխությունների եւ սահմանադրական փոփոխությունների նախագծերը՝ ապրիլի կեսերին նշանակելով սահմանադրական հանրաքվե: Իսկ հունիսի վերջին արդեն կարող են ԱԺ ընտրություններ տեղի ունենալ: Այս սցենարի հավանականության մասին է խոսում նաեւ «Ժողովուրդ»-ի ստացած այն տեղեկությունը, ըստ որի՝ ՀՀԿ գրեթե բոլոր կառույցներում այս օրերին ընտրությունների կազմակերպման թեմայով ժողովներ են հրավիրվում, որոնց մասնակցում են «ձայն բերող» ՀՀԿ-ականները:

 

 
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս Դուբայում հանգստանալիս նաեւ քաղաքական հանդիպումներ է ունեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա Դուբայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկի հետ: Ըստ մեր աղբյուրի՝ սա եղել է երկրորդ համանման հանդիպումը, որը հաջորդել է ավելի վաղ` Մինսկում կայացած հանդիպմանը: Ըստ էության, այս երկրորդ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը ստացել է իրեն հուզող հարցերի պատասխանները: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը նման հանդիպման մասին որեւէ տեղեկություն չունի, սակայն նաեւ չհերքեց տեղեկությունը: Իսկ Վ. Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին ուղղված մեր գրավոր հարցերն առայժմ անպատասխան են:

 

 
Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատակիցները կրկին պարապուրդի են մատնվել: Չնայած այն բանին, որ գործարանը դեռ երկու ամիս էլ չկա, ինչ գործում է, կրկին դադարել է արտադրանք տալ: Գործարանի աշխատակիցները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել են, որ գործարանի տնօրինությունը որոշել է նոյեմբերի 15-ից անորոշ ժամանակով դադարեցնել գործարանի աշխատանքները: Գործարանի աշխատակիցներին ասել են, թե հայտնի չէ` երբ նորից կսկսի գործարանը բնականոն աշխատել: Աշխատակիցները փորձել են գործարանի տնօրինությունից պարզել, թե այդ դեպքում ինչպես է լուծվելու իրենց աշխատավարձերի խնդիրը, քանի որ հուլիսից իրենք աշխատավարձ չեն ստացել: Նրանց, սակայն, պատասխանել են, որ աշխատավարձերի կեսը, հնարավոր է, ցեմենտի տեսքով ստանան: Այսինքն՝ մարդիկ պետք է մինչեւ Ամանոր հասցնեն իրացնել իրենց «աշխատավարձը», որպեսզի կարողանան գոյացած գումարով իրենց կարիքները հոգալ:

 

 
Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: «Ժողովուրդը» երկու օր առաջ տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ի այս ԳՄ նիստը հատուկ է չորեքշաբթի օրը հրավիրվել, որպեսզի այսօրվա կառավարության նիստի նախօրեին կադրային հարցերը քննարկվեն: Նիստի ավարտից հետո երեկ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ԳՄ նիստում քննարկվել է թափուր մնացած պաշտոնների հարցը: Աշոտյանն անուններ չի տվել, հայտարարել է միայն, որ նշանակումների մասին կհայտարարվի ՀՀ Կառավարության այսօր կայանալիք նիստում: Ներկայումս թափուր են ՀՀ տարածքային կառավարման նախարարի, փոխվարչապետի, նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղարի եւ Վայոց ձորի մարզպետի պաշտոնները: Երեկվա դրությամբ հայտնի էր միայն Վայոց ձորի նոր մարզպետի անունը` այդ պաշտոնում կնշանակվի Վայքի ՀՀԿ-ական քաղաքապետ Հարություն Սարգսյանը:

 

 

 

ՈՒՇԱՑԱԾ

Եվրոպական խորհրդարանում Արեւելյան գործընկերության ծրագրի մասին քննարկումների ընթացքում երեկ հետաքրքիր մտքեր են հնչել Հայաստանի անդամակցության ձախողման պատճառների եւ Արեւելյան գործընկերության ծրագրի հետագա շարունակման նոր մեխանիզմների շուրջ: ԵՄ պաշտոնյաներից շատերն իրենց խոսքում ընդգծել են այն բացը, որն առկա էր ծրագրի իրականացման նախորդ փուլում. այն է` միանման մոտեցում ԱԳ անդամ բոլոր երկրների համար: Հիմա, փաստորեն, եվրոպացիների համար ակնհայտ է դարձել, որ յուրաքանչյուր երկրի համար պետք է լինի տարբերակված մոտեցում: Ուշագրավ է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից շատերն ընդգծել են նաեւ Արեւելյան գործընկերության ծրագրերի իրականացման ընթացքում հարմարվողականության անհրաժեշտությունը, քանզի ԱԳ անդամ վեց երկրներից հինգում Ռուսաստանի կողմից հրահրվեցին եւ ապասառեցվեցին տարածքային հակամարտություններն ու վեճերը, որոնց արդյունքում այդ երկրներից երեքը չստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը, իսկ Ուկրաինայի դեպքում էլ զարգացումները հայտնի են բոլորին:
Ինչ խոսք, եվրոպացիների այս ուշացած իմաստությունը ողջունելի է, եւ չի բացառվում, որ Հայաստանը, այնուամենայնիվ, կարողանա դրանից քաղել որոշակի դրական արդյունքներ: Արդեն իսկ այն, որ ԵՄ-ն Հայաստանին տրվող աջակցության չափը չի փոփոխել` Ասոցացման պայմանագրի նախաստորագրումից մեր հրաժարվելուց հետո, եւ ավելին՝ նաեւ շարունակում է նորանոր դրամական միջոցներ ուղղել Հայաստանում բարեփոխումների իրականացման ուղղությամբ (նախօրեին ԵՄ-ն խոստացավ եւս 170 միլիոն եվրո տրամադրել. քիչ բան չէ): Խնդիրն այն է, սակայն, որ հիմա, երբ եվրոպացիներն անընդհատ կրկնում են, թե իրենք պատրաստ են Հայաստանի հետ համագործակցությունը շարունակել եւ սպասում են ՀՀ Կառավարության ճշգրտումներին, թե ինչ ոլորտներում է դա հնարավոր, մեր Կառավարության ձեռքերն այլեւս կապված են:
Եվ որքան էլ ԵՄ պաշտոնյաները հայտարարում են, թե Հայաստանը կարող է կաշկանդված լինել միայն ԵՄ հետ առեւտրատնտեսական հարաբերություններում, քանի որ այդ հարցերի տնօրինման իրավունքը հանձնել է ԵՏՄ-ին, իսկ մնացած ոլորտներում ԵՄ հետ որեւէ անհամատեղելի խնդիր չկա, ակնհայտ է, որ դա իրականության հետ կապ չունեցող հայտարարություն է: Ռուսաստանը միայն առեւտրատնտեսական շահերի համար չէ, որ ԵՏՄ-ից հրաժարված Ուկրաինան մասնատեց եւ ընկավ միջազգային պատժամիջոցների տակ, ուստի ակնհայտ է, որ ԵՏՄ-ին հեզ ու խոնարհ անդամակցած Հայաստանին ոչ մի դեպքում թույլ չի տա Եվրոպայի հետ նոր խաղեր տալ:

 




Լրահոս