ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ամիսներ առաջ կառավարության նիստին տեղի ունեցած դեպքին, երբ նիստում Սյունիքի մարզպետ նշանակվեց Սուրիկ Խաչատրյանը: Փաշինյանը նշեց, թե այդ օրը տեղի է ունեցել կանոնակարգի խախտում և Ս. Խաչատրյանը մարզպետ է նշանակել առանց քվեարկության և անօրինական:
Նիկոլ Փաշինյանը կառավարությանը հարցում էր ուղարկել՝ ստանալու քվեարկության պատկերը: Սակայն նրան ոչ մի փաստաթուղթ չի ուղարկվել և պատգամավորը հետաքրքրվեց, թե ի վերջո քվեարկություն եղել է, թե ոչ:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը խորհուրդ տվեց չառանձնացնել հարցերը և հայտարարեց, որ բոլոր որոշումներն էլ դրվում են քվեարկության: Նա նշեց, թե ձեռնպահ քվեարկություն նախատեսված չէ, իսկ կողմ և դեմ քվեարկություն լինում է: «Վարչապետը հարցի քննարկումից հետո հարցնում է, թե ինչ հարցեր կան և ով է դեմ: Դրանից հետո արձանագրվում է և որոշվում: Եթե որևէ մեկը դեմ չէ, ապա վարչապետը հայտարարում է, որ որոշումը ընդունվել է», – ընդգծեց նա:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը միացրեց այդ օրվա ձայնագրությունը, երբ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր Ս. Խաչատրյանի՝ մարզպետ նշանակման մասին, ապա նշեց.
«Այսինքն՝ ոչ մի քվեարկության մասին խոսք չի գնացել: Ես ուզում եմ արձանագրել, որ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ չի նշանակվել: Նա Սյունիքի մարզպետ չէ և չի կարող լինել: Գործ ունենք քրեական հանցակազմի հետ: Ես ցանկանում եմ, որ Հատուկ քննչական ծառայությունն իմ այս հայտարարությունն ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին», – հայտարարեց նա:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե ընդունված չէ հեռախոսի ձայնագրություններ միացնելը և ընդգծեց, որ հաջորդ անգամ կանջատի խոսափողը: