«Բանդայի» պարագլուխը զուգագուլպան քաշեց գլխին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի «բանդայի» գործով դատական քննությունը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվում է:

Դատական նիստին «բանդայի» պարագլուխ համարվող Արտյուշա Հակոբյանն ու նրա պաշտպան Հովիկ Արսենյանը հանդես եկան միջնորդությամբ: Նրանք միջնորդեցին քրեական գործի նյութերին կցել իրենց կողմից ներկայացված սկավառակը և լուսանկարներ, որոնցում երևում են դեպքի վայրից հայտնաբերված իրեր, որոնք գործին չեն կցվել: Մյուս միջնորդությունը ընթերականերին դատարան հրավիրելու մասին էր. ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանը ցանկություն հայտնեց լսել գործով ներգրավված ընթերականներին` իմանալու համար` ի՞նչ են նրանք տեսել դեպքի վայրում, ինչպիսի՞ն են եղել իրականում դիմակներն ու զուգագուլպաները, և ընդհանրապես ինչ է իրականում կատարվել նրանց` այնտեղ գտնվելու ժամանակ: Հակոբյանն ու Արսենյանը հանդես եկան մեկ այլ միջնորդությամբ ևս, որի համաձայն` իրենք ցանկանում են՝ դատարան բերվեն այն բոլոր գաղտնալսումներն ու գաղտնի կատարված նկարահանումների ձայնագրությունները, որոնք կատարվել են Արտյուշա Հակոբյանի մասով:

Իրեղեն ապացույցների պահման սենյակից դահլիճ բերվեց սպորտային պայուսակը, որը ըստ Ա. Հակոբյանի՝ քննչական մարմինը զննել է առանց պաշտպանական ձեռնոց կրելու, ինչը, սակայն, փաստել չկարողացավ: Այդուհանդերձ, «բանդայի պարագլուխը» ճանաչեց պայուսակը` նշելով, որ նրա պարունակությունն է իրեն պետք տեսնել, իսկ դատարանը, ի պատասխան հարցրեց` արդյոք նա չի՞ տեսել այն իրերը, որոնք նախաքննական մարմնի կողմից ապացուցողական նշանակության են արժանացել: Ամբաստանյալը դրական պատասխան տվեց:

Այսպիսով` դատարանը բավարարեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կողմից արված տեսաձայնագրություններն ու դրանցից արված լուսանկարները որպես այլ փաստաթղթեր գործին կցելու մասին միջնորդությունը:

Ապա Արտյուշա Հակոբյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Քննչական բաժնում հարյուր հատ գուլպա եմ փորձել քաշել գլխիս, բայց ոչ մեկը չի մտել: Հիմա ուզում եմ մի հատ փորձեմ էն գուլպան, որ տեսնենք` կմտնի՞ իմ գլուխը, թե՞ չէ»: Սրան ի պատասխան նրա պաշտպանն ասաց, որ սա իր պաշտպանյալի կողմից օբյեկտիվ քննության անցկացմանը նպաստելու ցանկությունն է, իսկ դատարանը բավարարեց միջնորդությունը: Րոպեներ անց դատարանի նիստերի դահլիճ բերված զուգագուլպան Արտյուշա Հակոբյանը փորձեց դնել գլխին, և դատավորի հարցին` եղա՞վ այն, թե՞ ոչ, Արտյուշա Հակոբյանը դրական պատասխան տվեց:

Ապա պաշտպան Հովիկ Արսենյանը միջնորդություն ներկայացրեց Արտյուշա Հակոբյանի մեքենայի զննության արձանագրությունն անհիմն ճանաչել և հանել գործի նյութերից, այն պատճառաբանությամբ, որ մեքենան ամբողջ գիշեր մնացել է ոստիկանության տուգանային հրապարակում, որտեղ տարվել է «Ագուլիս» ռեստորանային համալիրից: Հետևյալ միջնորդությունը դատարանը հետաձգեց և հայտարարեց, որ դրա հետ կապված որոշումը կհրապարակվի վերջնական դատական ակտ կայացնելիս:

Ապա Սամվել Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանը մյուս երեք պաշտպանների և իր անունից հանդես եկավ դատարանի` ինքնաբացարկ ներկայացնելու մասին միջնորդությամբ: Պաշտպանի պատճառաբանությամբ` դատարանը հանդես է գալիս մեղադրող կողմի շահերից, չի ապահովել կողմերի մրցակցությունը` այսպիսով խախտելով արդար դատաքննության սկզբունքը:

Պաշտպանը որպես օրինակ բերեց որոշ դրվագներ, երբ դատավոր Մակյանը պաշտպանական կողմի միջնորդությունները հետաձգել է:

Մեղադրող դատախազ Սասուն Խաչատրյանը խնդրեց մերժել միջնորդությունը այն պատճառաբանությամբ, որ պաշտպանի հիմնավոր հանգամանքներ չի ներկայացրել նման միջնորդություն անելու համար:

«Իհարկե, բոլորս էլ կցանկանանք, որպեսզի դատավորը բավարարի մեր բոլոր միջնորդությունները: Սակայն միջնորդությունների հետ կապված դատարանի կայացրած ամեն որոշում չէ, որ կարող է մեր սրտով լինել: Միջնորդությունը պետք է մերժվի, քանի որ անհիմն է և առանց լուրջ պատճառների: Բերվածներն էլ ենթադրություններ են»,- հավելեց մեղադրողը:

Այս պահին դատարանը խորհրդակցական սենյակում է: Միջնորդության մասին որոշումը կհրապարակվի քիչ անց:




Լրահոս