Տղան փորձել է բռնաբարել մորը հոր ինքնասպանությա՞ն պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011 թվականի մայիս ամսին Վահան Խ.-ն ալկոհոլի ազդեցության տակ փորձել է բռնաբարել հարազատ մորը:

Ըստ մեղադրանքի՝ Վահանը 2011 թվականին՝ ժամը 24.00-ի սահմաններում, իրենց բնակարանում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մոր` Վալյա Ջ.-ի հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով, ամբողջովին մերկ վիճակում մտել է վերջինիս ննջասենյակ և նախապես վերցրած խոհանոցային դանակի սպառնալիքով պահանջել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ: Միաժամանակ պատռել է վերջինիս հագին եղած գիշերանոցը, այնուհետև՝ քաշ տվել իր ննջասենյակ և փորձել բռնաբարել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել, քանի որ մայրը համոզելու եղանակով` սեռական ակտը քիչ անց իրականացնելու պատրվակով կարողացել է մի պահ դուրս գալ սենյակից և դիմել է փախուստի:

Armlur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ մոտ 1 տարի առաջ 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Վահանը ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկել է մինչև Վճռաբեկ դատարան, սակայն վերադարձվել է:

Վահանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել և ասել է, թե դեպքից որոշ ժամանակ առաջ կալանավորված է եղել, զանգահարել է հորը և ասել, թե կալանավայրում խնդիրներ ունի և իրեն 1500 դոլար է անհրաժեշտ: Հայրն իրեն օգնել չի կարողացել՝ ասելով, թե բնակարանային խնդիրներ կան, և դրանք լուծելու համար պետք է նաև իր մասնաբաժինը: Սակայն Վահանը հորն ասել է, որ ինքը մասնաբաժին չունի, քանի որ նվիրատվություն է արել մորը: Օրեր անց կալանավայրում տեղեկացել է, որ հայրն ինքնասպան է եղել: Երբ դուրս է եկել բանտից, քրոջից և մորից փորձել է ճշտել՝ ինչու է հայրն ինքնասպան եղել: Սակայն նրանք կտրականապես հրաժարվել են որևէ բացատրություն տալ: Իսկ ինչ վերաբերում է մորը բռնաբարելու մտադրությանը և փորձին, Վահանն ասել է, թե նման բան չի եղել. միայն հաստատել է մոր այն խոսքը, որ ինքը հակում ունի ալկոհոլային խմիչքների նկատմամբ և հաճախ է չարաշահում: Իսկ մայրն ասել է, որ վախեցել է որդու հետ տանը մենակ մնալուց: Վալյայի խոսքով՝ դեպքից օրեր առաջ ցանկացել է կողպեք դնել իր ննջասենյակի դռան վրա, սակայն Վահանն իրեն արգելել է:

Իսկ հարազատներին կինն ամաչել է պատմել տեղի ունեցածը, կարծելով, որ որդին կզղջա արածի համար, սակայն, երբ մի քանի օր տնից հեռու գտնվելուց հետո նա վերադարձել է, նույնը կրկնվել է: Դրանից հետո միայն մայրը դիմել է իրավապահներին:




Լրահոս