Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի հարցում տրանսպորտի և կապի նախարարությունը մեղք չունի: Ճանապարհի՝ վտանգավոր լինելու վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Բեգլարյանն ասաց, որ վերջին երկու տարիներին ճանապարհի այդ հատվածում վթար չէր եղել.
«Արդեն երկու տարուց ավելի է՝ մենք հանձնաժողով ենք ստեղծել և հանրապետության այն տարածքներում, որտեղ հաճախակի ավտովթարներ են լինում, ուսումնասիրություն ենք անում: Հոռոմի այդ խաչմերուկը նաև այդ վտանգավոր տեղերի ցանկում չէ»,- ասաց նախարարը:
Գագիկ Բեգլարյանը նշեց, որ լրագրողներն իրեն ստիպում են հայտարարել, որ տրանսպորտի և կապի նախարարությունն այդ վթարի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի: «Յուրաքանչյուր անբարեխիղճ վարորդի վարքագծի համար տրանսպորտի և կապի նախարարությունը պատասխանատու չէ»:
Հարցին, թե այդ դեպքում որ պետական մարմինն է մեղավոր, որ հանրապետության ավտոճանապարհների մի մասն անբարեկարգ են, չեն լուսավորվում և այդ պատճառով վթարներ են լինում, Բեգլարյանը վրդովված պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ եք դուք վերցնում, որ որևիցե մի նախարարություն վթարի հետ կապված մեղավոր է: Ես էս դեպքով չեմ ասում. եթե մի խմած վարորդ մի տեղ վթարի է ենթարկվում, ինչ-որ մի նախարարությո՞ւն է մեղավոր»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ հնարավոր չէ լուսավորել մարզային ճանապարհները, քանի որ Հայաստանն այդ միջոցները չունի: «Ուսումնասիրե՛ք, ամբողջ աշխարհում միջմարզային, միջհամայնքային ճանապարհները լուսավորվում են երկու-երեք երկրներում, մեկը Կանադան է, մյուսը Բելգիան է, եվրոպական շատ երկրներում միջմարզային ճանապարհները չեն լուսավորվում: Հայաստանում մենք մի քայլ առաջ ենք գնացել, այն նշանները, որոնց մասին խոսում էի. բոլորը մեքենայի լույսից միանգամից երևում են, և մենք ավելի լավ նշաններ ենք այսօր օգտագործում, քան մի քանի այլ պետություններ»,- ասաց նա