Ֆրանսիացի սենատորներն այցելեցին Ծիծեռնակաբերդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երկօրյա  այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի պատվիրակության անդամները մայիսի 26-ին այցելելով Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Սենատորներ Ֆիլիպ Մարինին, Սոֆի Ժուասենն ու Բեռնար Ֆուրնիեն եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշները, գրառում կատարեցին “Պատվո հյուրերի” հուշամատյանում։  Ֆիլիպ Մարինին գրառեց.”Ես այստեղ տեսա ցավ, կորուստ ու կոտորածներ, որոնց մասին պատմում են փաստաթղթերն ու վավերագրերը։ Մինչդեռ այսօր կան մարդիկ, ովքեր ժխտում են ցեղասպանությունը, որի արհավիրքներից ծնվեցին երկրորդ աշխարհամարտի արհավիրքները”։
Դատապարտելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպողներին` Ֆիլիպ Մարինին նշեց. “Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը՝ եւ նախկին նախագահ Սարկոզիի, եւ նորընտիր նախագահ Հոլանդի կողմնակիցները, հաշվի առնելով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման մեջ ամրագրված նախկին օրինագծի վերաբերյալ առարկությունները, երբ ձեւավորվի Ֆրանսիայի նոր խորհրդարանը՝ կներկայացնեն նոր օրինագիծ, որն իրավական տեսակետից պետք է անառարկելի լինի։ Հիմնական նպատակն է օրենսդրորեն պատժել այն մարդկանց, ովքեր Ֆրանսիայի տարածքում կժխտեն Հայոց ցեղասպանությունը”։    
Տեղեկացնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։




Լրահոս