Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացավ “Եվրատեսիլ- 2012” երգի մրցույթի եզրափակիչը, որի արդյունքում հաղթողը դարձավ Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը իր Euphoria կատարումով, որը միավորների հսկայական առավելություն ապահովեց շվեդ երգչուհուն։ Այս մասնակցի հաղթանակը բավական ակնկալելի էր, քանի որ այն համարվում էր ֆավորիտներից մեկը։
Ակնկալելի էին նաև Ռուսաստանը ներկայացնող “Բուրանովյան տատիկների” բարձր արդյունքները։ Շնորհիվ իրենց “Party For Everybody” երգի նրանք զբաղեցրեցին երկրորդ տեղը։
Երրորդ տեղը զբաղեցրեց Սերբիան՝ շնորհիվ այդ երկրի ներկայացուցիչ Զելկո Ջոկսիմովիչի Nije Ljubav Stvar երգի։
Եզրափակիչում հանդես էին գալիս 26 երկրներ՝ Լիտվան, Բոսնիա–Հերցեգովինան, Սերբիան, Ուկրաինան, Շվեդիան, Մակեդոնիան, Նորվեգիան, Էստոնիան, Մալթան, Թուրքիան, Ռումինիան, Մոլդովան, Իսլանդիան, Հունգարիան, Դանիան, Ալբանիան, Կիպրոսը, Հունաստանը, Ռուսաստանը, Իռլանդիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և կազմակերպիչ երկիր Ադրբեջանը։
Անցյալ տարվա “Եվրատեսիլին” Էլդար Կասումով–Նիգյար Ջամալ դուետի ելույթի շնորհիվ Ադրբեջանը վաստակեց մրցույթն իր երկրում անցկացնելու իրավունք։
Հայաստանը հրաժարվեց մասնակցել այս մրցույթիн՝ պատճառաբանելով, որ նպատակահարմար չէ հանդես գալ մի երկրում, որը թշնամական վերաբերմունք ունի մեր երկրի նկատմամբ։
Ի դեպ, հայաստանցիների համար հիմնական ինտրիգներից մեկը ընդհուպ մինչև այսօր մնում էր այն, թե կհեռարձակի Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն այս մրցույթը, թե չէ, ինչը պարզվեց, որ դրական պատասխան ուներ։