ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանը նոյեմբերի 12-ին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:
Երկկողմ համագործակցության շրջանակներում կշարունակվեն հայրենիքի պաշտպանության և նրա սահմանների անձեռնմխելիության համար մարտնչած ազատամարտիկների և զինծառայողների սոցիալական պաշտպանության ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու միջոցառումները, մասնավորապես` կճշտվեն արցախյան հերոսամարտին մասնակցած ազատամարտիկների թվաքանակը, կհստակեցվեն նրանց կարգավիճակները, կգնահատվեն ընտանիքների բոլոր անդամների կարիքները: Խնդիրների լուծման, որոշումների կայացման գործընթացին մասնակից կլինեն նաև ազատամարտիկները:
«Սա մեծ հնարավորություն և առիթ է ևս մեկ անգամ իմաստավորելու և արժեվորելու մեր ազատամարտիկերի կատարած գործը: Այն ծրագրերը, որոնք ապագայում համատեղ իրականացնելու ենք, առավել հասցեական կդարձնեն պետական սոցիալական ապահովության քաղաքականությունը ազատամարտիկների, զոհված զինծառայողների, հաշմանդամների ընտանիքների համար»,-իր խոսքում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Հուշագրի շրջանակներում կիրականացվեն սոցիալական ծրագրերի մշակում, նշանակալից իրադարձությունների և հիշատակի օրերի հանդիսավոր միջոցառումների կազմակերպում, համապատասխան տեղեկատվության փոխանակում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին