ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԿԱՆՅԱՉՆԻ»-ՈՒՄ ԲՀԿ-Ն ՀԱՆԴԻՊԵԼՈՒ Է ՀԱԿ-Ի ՀԵՏ

Արդեն հայտնի է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունենում ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հետ: Օրերս նա հանդիպել էր ՀՅԴ «պատվիրակության» հետ, իսկ այսօր էլ նախատեսված է ՀԱԿ ներկայացուցիչների հետ: «Ժողովուրդ»-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանից փորձեց պարզել, թե ինչո՞ւ է Գ. Ծառուկյանը որոշել նման ֆորմատով հանդիպումներ անցկացնել:

-Պարոն Մարգարյան, ինչո՞ւ է ԲՀԿ առաջնորդը որոշել նման ֆորմատով հանդիպումներ ունենալ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի հետ: Ինչո՞ւ են հենց հիմա նման հանդիպումներ կազմակերպվում:
-Նախ նշեմ, որ որեւէ հերթականություն` նախապատվության իմաստով, չկա, հերթականությունը տեխնիկական է, բոլոր ուժերի հետ հանդիպում լինելու է: Ինչու է որոշվել հիմա` դժվար է ասել, մի օր պե՞տք է լիներ, թե՞ չէ: Որովհետեւ բավականին ակտիվ է խորհրդարանական ոչ իշխանական ուժերի համագործակցությունը՝ խորհրդարանի ներսում եւ, բնականաբար, այդ ձեւաչափով հանդիպումների ժամանակ հարցեր են առաջանում ամեն մեկի կողմից ճշտելու: Ավելի շատ դետալների մեջ երկկողմանի ճշտումների համար անհրաժեշտություն առաջացավ, իսկ այդ հանդիպումների ժամանակ հիմնականում երկկողմանի մոտեցումներ են: Ամեն մեկն իր տեսակետն է ասում, իսկ մյուս կողմը փորձում է միասին քննարկել:
-Նկատենք, սակայն, որ այդ հանդիպումները մեկնարկեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից հետո, երբ նա հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանն էլ Հայաստանի Իվանիշվիլին կարող է լինել: Հնարավո՞ր է, որ հենց առաջին նախագահի այդ զուգահեռի ներգործությամբ է Գագիկ Ծառուկյանը նախաձեռնել այդ հանդիպումները:
-Ուրմեն` նույնիսկ եթե չլիներ միտինգը, եթե չլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, բնականաբար հանդիպումներ նախատեսվում էին, որովհետեւ կրկնում եմ` մի բան է խորհրդարանական ուժերի ձեւաչափով համագործակցությունը, մեկ այլ բան` ավելի ընդլայնված հանդիպումներ ունենալը:
-Այսինքն` Գ. Ծառուկյանի ոգեւորությունը Տեր-Պետրոսյանի ելույթի հետ կապ չունի՞:
-Դժվարանում եմ կապել, իհարկե չէ, որովհետեւ ավելի շատ կապված է… ոչ թե ոգեւորությունը, այլ բազմաթիվ հարցերի անհետաձգելիությունն է պատճառը, որ փորձում ենք միասնական օրակարգ ձեւավորել:
-Բայց պարոն Մարգարյան, այն օրերին, երբ ՀՀ-ում լուրջ իրադարձություններ էին տեղի ունենում, Գ. Ծառուկյանը մեկնել էր Բելառուս` որսի…
-Մամուլում վերջին շրջանում փորձում են, չեմ ուզում ասել ցեխ լցնելով, դիտավորյալ սուտ ինֆորմացիա տարածել, փորձում են շատ բաներ փչացնել, հեղինակազրկել: Եթե մենք գնանք նման տրամաբանությամբ, թե պարոն Ծառուկյանը մոռացել-գնացել էր, ու հանկարծ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից հետո հետ եկավ, դա պարզապես ծիծաղելի է: Եթե կուսակցությունը ոչինչ չաներ եւ հանկարծ սկսեին այս հանդիպումները` կարելի էր ինչ-որ անուն տալ, բայց այս դեպքում դա անիմաստ է:
-Անգամ Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարության հետ է կապվում այն, որ մարզերում ԲՀԿ-ն նոր գրասենյակներ է բացում:
-Գրասենյակների բացման աշխատանքները վաղուց, այդ միտինգից առաջ էին սկսվել, ընդ որում` դա տեղի էր ունեցել ԲՀԿ համագումարից հետո: Համագումարում երբ որ ստեղծվեց քաղաքական խորհուրդ, այնտեղ քննարկվել ու ասվել է` եկեք ստեղծենք գրասենյակներ, որ ավելի ակտիվ աշխատենք: Համագումարի ժամանակ ասվել է` ավելի ակտիվ եղեք, մտեք մարդկանց մեջ, որտեղ խնդիր կա, որտեղ մարդիկ ինչ-որ բանից դժգոհում են, գտեք, հասկացեք, իսկ դրա համար գրասենյակներ են պետք:
-Այժմ քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպման հարցը: Նշվում է, որ շուտով ԲՀԿ առաջնորդը հյուր է գնալու Լ. Տեր-Պետրոսյանին: Նման հանդիպում նախատեսվա՞ծ է:
-Որեւէ պայմանավորվածություն այս պահի դրությամբ չկա, եթե հանդիպումների արդյունքում խնդիր առաջանա` իհարկե կլինի, որեւէ խուսափելու բան այդտեղ չկա: Հանդիպում կլինի նաեւ Տեր-Պետրոսյանի հետ, բայց այս պահին պայմանավորվածություն չկա: Ընդհանրապես ես նկատում եմ միտում` այս համագործակցության դեմ լուրջ աշխատանք անելու:
– ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի` այսօր կայանալիք հանդիպմանը ովքե՞ր են ներկա լինելու:
-Ես տեղյակ չեմ, թե ովքեր կլինեն, իրենք են որոշում, թե ով է գալիս: Այսօր՝ ժամը 15.00-ին ենք հանդիպելու, նախնական պայմանավորվածությունն այդպես է: Հանդիպումը լինելու է կոնյակի գործարանում: Քննարկման օրակարգը տեղում է որոշվելու ու բավականին լուրջ քննարկում է լինելու:
-Օրերս Տիգրան Կարապետյանի ղեկավարած Ժողովրդական կուսակցությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առաջարկել էր քաղաքական ուժերի համախմբման հռչակագիր հրապարակել: Գ. Ծառուկյանը հետեւելո՞ւ է Տ. Կարապետյանի կոչին:
-Այնպես չէ, որ այդ խնդիրը նոր է, չի բացառվում, որ ոչ խորհրդարանական ուժերի հետ էլ հանդիպումներ լինեն: Ի վերջո` այս հանդիպումները մի նպատակ ունեն. ձեւավորել երկրում ընթացող քաղաքական օրակարգ եւ որոշակի ճանապարհային քարտեզ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

 

 

 

 
«ՄԱՐՏԻ 1»-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՉԻ ՍՏԵՂԾՎԻ

 

Իշխող ՀՀԿ-ն երեկ մերժեց 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` ՀԱԿ խմբակցության նախագիծը: Քվեարկության արդյունքում նախագիծը ստացավ 47 կողմ, 68 դեմ եւ 1 ձեռնպահ ձայն: Միակ ձեռնպահ քվեարկողը ՀՀԿ խմբակցությունից Ռուբեն Սադոյանն էր, իսկ ՀՀԿ-ականներ Մհեր Սեդրակյանը, Վրեժ Մարկոսյանը, Համլետ Հարությունյանն ու ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը չքվեարկեցին:

Ուշագրավն այն է, որ ԱԺ նախորդ քառօրյայի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իրենց դիրքորոշումը «օդից կախված» էր թողել եւ միանգամից չէր հայտարարել, որ դեմ են, այլ` ասել էր, որ ՀՀԿ-ն դեռ քննարկելու է, թե ինչպես են քվեարկելու: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ ՀՀԿ-ի ներսում քիչ չեն եղել պատգամավորներ, ովքեր պնդել են հանձնաժողովի ստեղծմանը «կողմ» քվեարկելու անհրաժեշտությունը, սակայն ամեն ինչ որոշվել է վերջին պահին` Բաղրամյան 26-ում: «Կողմ քվեարկենք, ընդդիմությունը մեզ կհոշոտի: Չարժի նրանց նման հնարավորություն տալ»,- եղել է հիմնական փաստարկը: Երեկ Գալուստ Սահակյանը պնդում էր` ընդդիմությունը ցանկանում է հանձնաժողով ստեղծել պարզապես շոու անելու համար. «Նրանք, ովքեր մտածում են, որ կկարողանան շոուներ ստեղծել այս կամ այն հարցի վերաբերյալ, մեզ համար այդ ճանապարհներն ընդունելի չեն»: Չնայած ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց. «Բոլոր այն ուժերը, որոնց համար իրապես կարեւոր է ստանալ այս լրջագույն հարցերի պատասխանները, քվեարկեք կողմ: ԲՀԿ-ն պատրաստ է քննարկել բոլոր հարցերը, անգամ մեկ կենտրոնից կառավարվող ուժերի կողմից հրահրվող հարցերը մեզ համար տաբու չեն: Ովքեր թաքցնելու եւ վախենալու բան չունեն, կոչ եմ անում քվեարկել կողմ»: Միայն թե, ՀՀԿ-ն իր քայլով ցույց տվեց, որ իրենք ոչ միայն թաքցնելու բան ունեն, այլեւ՝ ընդհանրապես վախենում են Մարտի 1-ի թեմայով որեւէ բացահայտումից:
«Իրականում այս հանձնաժողովը պետք է ոչ թե ուսումնասիրեր Մարտի 1-ի սպանությունները, այլ՝ թե իրավապահ մարմինները արդարադատության խոչընդոտման ինչ փորձեր են կատարել: Եվ եթե չեք քվեարկում հանձնաժողովի ստեղծմանը «կողմ», դա նշանակում է, որ արդարադատության խոչընդոտման համար ամբողջ պատասխանատվությունը վերցնում եք ձեր ուսերին, ինչպես նաեւ` այդ արյան համար պատասխանատվությունը»,- ՀՀԿ-ականներին մեղադրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նախագծի հիմնական զեկուցող, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, որ իրենց ներկայացրած նախագիծը խիստ մասնագիտական է, եւ իրենք այնպիսի հարցեր էին բարձրացրել, որ ամենեւին էլ քաղաքականացում չէր լինի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

 

ԹՇՆԱՄՈՒ ԹՇՆԱՄԻՆ

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը չի մասնակցելու այսօր կայանալիք ԲՀԿ-ՀԱԿ պատվիրակության հանդիպմանը:
Ենթադրվում է, որ Գագիկ Ծառուկյանի հետ կհանդիպեն Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեց.
-Ինչո՞ւ է Ծառուկյանի հետ հանդիպման անհրաժեշտություն առաջացել:
-Եթե մենակ չի ստացվում, ուրեմն պետք է փնտրել դաշնակիցներ, տվյալ դեպքում մենք ԱԺ-ում ունենք համագործակցություն ԲՀԿ-ի հետ: Մեզ համար առաջնայինը միշտ եղել է նախագահի հրաժարականը, բայց քանի որ մեր գործընկերները փուլային տարբերակով են տեսնում ամբողջական իշխանափոխությունը, մենք ընդառաջ ենք գնում:
-Ընդդիմությունը նախկինում հայտարարում էր՝ ոչ դոդացմանը-ռոբերտացմանը-սերժացմանը, ինչպե՞ս ստացվեց, որ այժմ միայն մնացել է վերջին՝ ոչ սերժացման տարբերակը:
-Ուրեմն նախ ասեմ, որ ՀԱԿ-ը շատ ճկուն քաղաքական միավոր է ու քաղաքականության մեջ չկան հավերժ թշնամիներ ու բարեկամներ: Եթե թշնամուդ թշնամին դառնում է քո բարեկամը՝ դա արդեն արդյունք է, ու չօգտագործել այդ հնարավորությունը, եթե չկա այլ հնարավորություն՝ ավելի վատ է:
-Անգամ Լ. Տեր-Պետրոսյանը հրապարակավ կասկածի տակ էր առել Գ. Ծառուկյանի մտավոր կարողությունը…
-Ես նման բան չեմ լսել… նշվում է, որ ժամանակին մշտապես մեղադրանքներ են ներկայացվել նաեւ ԲՀԿ-ին… թող ստեղծեին Մարտի 1-ի հանձնաժողովն ու ապացուցեին, որ մասնակցություն է ունեցել: Մեզ համար հստակ է, թե ովքեր են իրական մեղավորները:

 
ԱՌԱՆՑ ՊՈՒՏԻՆԻ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս կմեկնի Մոսկվա: Լուրեր կան, որ հանդիպելու է ՌԴ նախագահին: «Ժողովուրդ»-ը Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից փորձեց պարզել լուրի իսկությունը: «Նման բան չկա, նա մասնակցելու է տնօրենների խորհրդի նիստին»,-վստահեցրեց Վ. Սողոմոնյանը: Հիշեցնենք, որ 2012-ի հունիսին Քոչարյանը վերընտրվեց տնօրենների խորհրդի կազմում եւ «Սիստեմա» ԲՖԿ բաժնետեր է 0,0009% մասնաբաժնով:

 
ԱԶՆԻՎ ԽՈՍՔ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրել է, որ գազամատակարարման հարցերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովն աշխատելու է անկողմնակալ. «Մի բան կարող եմ 100 տոկոսով ասել, որ որեւէ մեկը հետագայում չի կարողանա ասել, որ մենք կողմնապահություն ենք արել: Կարող է` թերանանք, բայց` կողմնապահություն չենք անելու: Խոսք եմ տալիս»: Մեր հարցին, թե ռուսներից չե՞ք վախենա, պատասխանեց. «Էդ որ վախենալով լինի, տանից դուրս չպիտի գանք»: Նա տեղեկացրել է, որ այժմ հանձնաժողովը զբաղված է փաստաթղթեր հավաքելով, պատկան մարմիններին ուղարկվելիք հարցաշարարերը պատրաստելով:




Լրահոս