ՕՐԵՆՔ՝ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Խորհրդարանում բավականին թեժ մթնոլորտում երեկ քննարկվում էր «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրինագիծը: Ակնհայտ է, որ այս մարմինը ստեղծվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին «անգործ» չթողնելու եւ իշխանական լծակներ տալու համար:
Հիշեցնենք՝ սկզբում նախատեսված էր, որ այդ կոմիտեի մեջ պետք է միավորվեին քննչական բոլոր մարմինները, բացի ԱԱԾ քննչական վարչությունից եւ Հատուկ քննչական ծառայությունից: Սերժ Սարգսյանը 2013թ. սեպտեմբերին նույնիսկ կարգադրություն էր ստորագրել՝ միասնական քննչական մարմին ստեղծելու մասին: Այդ փաստաթղթի համաձայն՝ նոր ստեղծվելիք համակարգում պետք է ընդգրկվեն ՀՀ ՊՆ, ոստիկանության եւ ՊԵԿ քննչական մարմինները: Սակայն, հետո, այս ցանկը «բյուրեղացվեց» ու ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի խնդրանքներից հետո ՊԵԿ քննչական մարմինը դուրս եկավ այս շարքից: Գ. Խաչատրյանը չհամաձայնեց կտրել իր կառույցի թեւերը: Արդյունքում՝ մնացին միայն ոստիկանության ու ՊՆ քննչական մարմինները: Ու հիմա իշխանությունները ՀՀ պետական բյուջեից հսկայական գումարներ են ծախսելու՝ մի նոր, լուրջ ապարատ պահելու համար:
ԱԺ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն
Երեկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը պնդում էր. «Իմ տպավորությամբ, Արդարադատության նախարարությունը վերջին պահին է մասնակցել այս նախագծի մշակման աշխատանքներին, իսկ իրականում գրվել է նախկին դատախազի կողմից, նկատի չունեմ գլխավոր դատախազին: Օրինագիծը վերաբերում է քննչական կոմիտեին, բայց նախագծի կառուցվածքը կրկնում է «Դատախազության մասին ՀՀ օրենքը»: Եվ այն միասնականության մասին սկզբունքները, որոնք արտացոլվել են այս օրենքում, եթե ճիշտ են «Դատախազության մասին» օրենքի համար, բայց բացարձակ անընդունելի են Քննչական միասնական կոմիտեի մասին օրենքի հետ կապված»:
ՀԱԿ խմբակցությունից մեկ այլ պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե հայաստանյան քաղաքական գործընթացներից քիչ թե շատ տեղյակ յուրաքանչյուր ոք գիտի՝ այս օրինագիծը իրականում օրենք է նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու մասին: «Այսօր ԱԺ-ն ոչ թե օրենսդիր իրավական հարց է լուծում, այլ ստանձնել է Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու գործակալի կարգավիճակը»,-հեգնեց նա: Փաշինյանը նաեւ նկատեց, որ այս օրինագիծն Աղվան Հովսեփյանի ղեկավարած խումբն է ստեղծել, եւ Աղվան Հովսեփյանն էլ, առիթից օգտվելով, որոշել է իր համար որոշակի սփոփիչ մրցանակներ սահմանել: «Աղվան Հովսեփյանը համեստ է գտնվել, որ օրինագծով ինքն իր համար ընդամենը գեներալ-լեյտենանտի կոչում է կանխորոշել: Արդարադատության պետական խորհրդականի կոչումն, ըստ ամենայնի, սկսել է իրեն չբավարարել»,-շարունակեց հեգնել նա:
Փոխարենը երեկ այս նախագիծը պաշտպանում էր Աղվան Հովսեփյանի նախկին օգնական, այժմ՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը, ով կոչ էր անում չանձնավորել նոր ստեղծվելիք համակարգը: «Այսօր կատարվում է փորձ՝ ձեւավորելու կայուն օրենսդրական հիմքեր՝ ինստիտուցիոնալ նոր համակարգ ձեւավորելու համար»,- փորձում էր համոզել նա՝ պնդելով, որ անկախ նրանից, թե ով է ձեւավորելու անկախ քննչական կոմիտեն, շատ էական կլինի, թե ինչպիսի համակարգ է ձեւավորվում, ինչպիսի լիազորություններով է այն օժտված լինելու:
Անհարմար վիճակ
Թերեւս, իզուր չէր, երբ Աղվան Հովսեփյանը, թողնելով գլխավոր դատախազի պաշտոնը, փաղաքշանքով համբուրեց դատախազության դուռը: Քննչական կոմիտեի ստեղծման դեպքում այս դուռը նրա առաջ կրկին կբացվի, բայց՝ մի փոքր այլ վիճակով: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազը վերահսկողություն է սահմանում նախաքննության նկատմամբ, քանի որ հետագայում դատախազներն են դատարաններում ներկայացնելու մեղադրանքը: Իսկ սա նշանակում է, որ քննչական կոմիտեն, իրականացնելով նախաքննություն, հաշվետու է լինելու նաեւ ՀՀ գլխավոր դատախազին: Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչպես է Աղվան Հովսեփյանը թղթապանակով մտնելու իր նախկին աշխատասենյակ ու հաշվետվություն ներկայացնելու իր նախկին տեղակալ Գեւորգ Կոստանյանին: Բայց, սա է ընթացակարգը: Մասնագետները նաեւ պնդում են, որ այս ամենի հետեւանքով միջգերատեսչական պայքար է սպասվում. ի վերջո, շատերը կհիշեն, թե Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման տարիներին ինչպիսի հակասություններ էին դատախազության ու ՀՀ արդարադատության նախարարության, դատախազության եւ մի շարք այլ իրավապահ մարմինների՝ ոստիկանության, ԱԱԾ-ի միջեւ:
«Ժողովուրդ»-ը երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Աղվան Հովսեփյանի խնամի Գարեգին Նուշիկյանից հետաքրքրվեց՝ ինչպես է պատկերացնում, որ նախկին դատախազը հաշվետու է լինելու իր նախկին տեղակալին: «Եթե ըստ օրենքի՝ ինքը հաշվետու է, ինչ կարեւոր է՝ նախկին տեղակալն է, թե ով: Բայց դրանք տարբեր մարմիններ են: Նախաքննության նկատմամբ դատախազությունը վերահսկողություն է սահմանում, սա չի նշանակում, որ քննչական կոմիտեն հաշվետու է դատախազությանը»,-ասաց Նուշիկյանը՝ պնդելով: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, թե պետք է խնդիրը չանձնավորել, մանավանդ՝ դեռ պաշտոնապես հայտնի չէ՝ Աղվան Հովսեփյանն է գլխավորելու այդ մարմինը, թե մեկ ուրիշը: Ավելին, ըստ Մարուքյանի, եթե անգամ Ա.Հովսեփյանը նշանակվի, «կարող է նա 6 ամիս աշխատի, հո դրանից հետո այդ մարմինը չե՞ն լուծարելու»: Մարուքյանը նաեւ պնդում էր՝ եթե քննչական կոմիտեն իրեն արդարացնի, հնարավոր է՝ առաջիկայում դրա կազմում ընդգրկեն նաեւ մյուս իրավապահ համակարգերի քննչական մարմինները:
Փորձած թանը անփորձ մածնից լավ է
Նկատենք, որ Աղվան Հովսեփյանը 2008թ. մարտի 1-ի օրերին զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, իսկ դա նշանակում է՝ Սերժ Սարգսյանը չի կարող «հենց այնպես» ձերբազատվել նրանից: Ինչպես երեկ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ Ս.Սարգսյանը չի ուզում, որ Ա.Հովսեփյանն իր ստվերային եւ այլ կապերով համալրի Ս.Սարգսյանի իշխանությունից դժգոհողների բանակը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԶԲԱՂՎԱԾ Է
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առաջիկայում փոփոխություն է սպասվում ԱԺ էթիկայի հանձնաժողովի ղեկավար կազմում: Հանձնաժողովի նախագահ, ապա՝ ավելի ուշ փոխնախագահ է դառնալու ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Այժմ այս պաշտոնը զբաղեցնում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դ.Հարությունյանը հաստատեց այս փաստը` նշելով, որ նման որոշում կայացնելու պատճառն իր աշխատանքային ծանրաբեռնվածությունն է: Հիշեցնենք, որ այս պաշտոնը ռոտացիոն սկզբունքով 6 ամիս զբաղեցնելու են ընդդիմադիր ամենամեծ խմբակցության` ՀԱԿ-ի, եւ իշխանական ամենամեծ խմբակցության` ՀՀԿ-ի ներկայացուցիչները: Նշենք, որ Դ.Հարությունյանը ղեկավարում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը, հիմա նաեւ` գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը:
ՄԻԱՄԻՏ ՀԱՐՍՏԱՑԱՎ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում հետաքրքիր դրվագներ կան: Տիկին Պետրոսյանը, ով 2009թ.-ից զբաղեցնում է դատավորի պաշտոնը, 2012թ. տարեվերջին հայտարարագրել է 20 մլն ՀՀ դրամ, ու սա այն դեպքում, երբ տարեսկզբին նրա հաշվին ոչ մի դրամ չի եղել: Թե որտեղից մեկ տարվա ընթացքում 20 մլն դրամը, դատավորը չի մանրամասնել, չնայած` նրա եկամուտներից պարզվում է, որ նա տարեկան 14 մլն 154 դրամ եկամուտ ունի, որով ե՛ւ պետք է ապրի, ե՛ւ խնայողություններ անի: Նշենք նաեւ, որ դատավորը հայտարարագրել է 7.8 մլն դրամ արժողության Ռենո մակնիշի ավտոմեքենա:
ՈՉ ԲԱՎԱՐԱՐ ՀԱՐԳԱՆՔ
Նախօրեին ՀՀ 40 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Իշխող ՀՀԿ-ից առաջադրվել էին 40 համայնքի ղեկավարի թեկնածուներ եւ 110 ավագանու անդամի թեկնածու: ՀՀԿ-ական թեկնածուները 3 գյուղերում, որտեղ մրցակցություն է եղել, մի դեպքում զիջել են ՀՅԴ թեկնածուին, իսկ մյուս երկուսում՝ ԲՀԿ-ական թեկնածուներին: Իսկ իշխող մյուս կուսակցությունը՝ ՕԵԿ-ը, ընդամենը մեկ համայնքում՝ Վայոց ձորի Եղեգիսում է ղեկավարի թեկնածու առաջադրել եւ այն էլ պարտվել է: «Ժողովուրդ»-ը ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից հետաքրքրվեց, թե ՕԵԿ-ն ինչու էր առաջադրել ընդամենը մեկ թեկնածու, որը պարտվել է: «Մեզ համար ընտրություններին մասնակցելը ինքնանպատակ միջոցառում չէ: Մենք դրան ավելի շատ լուրջ ենք վերաբերվում եւ թեկնածուներն առաջադրում ենք այն համայնքներում, որտեղ կան ռեալ հնարավորություններ: Օրինակ՝ տեսեք այս դեպքը, երբ թեկնածուն պարտվել էր ընդամենը 9 ձայնով: Դրա համար մարդուն առաջադրել ենք, այսինքն՝ հարգանք է վայելում, ընդունված է համայնքի բնակիչների կողմից»:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԹԱԳԱՎՈՐ ԿԱՐԳԵՑԻՆ
««Սերժիկ հեռացիր» գոչելով 2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի ճանապարհը մաքրածները, 2008-ին Սերժի հետ Երեւանում տասը քաղաքացի սպանածների հետ լուր են հորինել Սերժ Սարգսյանի հետ իմ հանդիպելու հնարավորության մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Սերժ Սարգսյանի հետ հանդիպեք դու՛ք, Ամանորին պարտաճանաչ նրա տուն այցելողներ, նրան նվերներ եւ ընծաներ մատուցողներ, առանց նրա կենացի հաց չուտողներ, օդանավակայանում նրան դիմավորող-ճանապարհողներ, ինքնակոչ այդ մարդասպանին «Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյան» տիտղոսով պատվողներ, եւ ի վերջո՝ նրա հետ Հայաստանը ավերակի վերածելու ճանապարհը՝ որպես ղեկավար եւ որպես ենթակա անցածներ»:
ՖՐԱՆՍԻԱՑԻ ՓԱՍՏԱԲԱՆ
Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպանությանը մասնակցելու համար Ֆրանսիայից Հայաստան կժամանեն փաստաբաններ Հարի Տոսեյին եւ Ժիրայր Ցոլակյանը: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ ինքը դեռ վերոնշյալ փաստաբանների հետ կապ չի հաստատել: Բաղդասարյանը մեզ տեղեկացրեց նաեւ, որ Ֆրանսիայից ժամանող փաստաբանները Հայաստանում կլինեն մարտի 25-ից հետո: Նիկոլայ Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Վարդան Պետրոսյանի կինը փաստաբաններին արդեն ծանոթացրել է գործի հանգամանքներին:
ԿՏՈՆԻ ԼՈՆԴՈՆՈՒՄ
Երիտասարդ երգիչ Գուրգեն Դաբաղյանն այսօր դարձավ 26 տարեկան: Նա իր տարեդարձը կտոնի Լոնդոնում, ուր Լիլիթ Հովհաննիսյանի, Միհրան Ծառուկյանի եւ Արամեի հետ մեկնել է համերգային շրջագայությունների: Այդ մասին Armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց Գուրգեն Դաբաղյանի հորեղբայրը՝ հայտնի եւ սիրված դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը: Հորեղբոր հավաստմամբ՝ ի տարբերություն շատ երգիչ-երգչուհիների, ովքեր իրենց տարեդարձը տոնում են ճոխ ռեստորաններում, մեծաթիվ մարդկանց ներկայությամբ, իսկ հետո երբեմն էլ այն հրապարակում լրատվամիջոցներով, Գուրգենը նման «թիթիզ» բաներ չի սիրում, նախընտրում է իր ծննդյան տարեդարձը տոնել մտերմիկ մթնոլորտում կամ էլ տանը՝ հարազատների հետ: