ՈՐՈՏԱՆԻ ՀԷԿ-Ի ՎԱՃԱՌՔԻ ԴԱՌԸ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Որոտանի հէկ-ի վաճառքի վերաբերյալ նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս: Հայաստանի էներգետիկ համակարգի համար կարեւոր նշանակություն ունեցող այս օբյեկտը վաճառվել է ՀՀ օրենսդրության կոպտագույն խախտումներով, իր իրական գնից բավականին էժան: Ավելին, այս գործարքի հետեւանքով առաջիկայում բավականին տհաճ անակնկալներ են սպասվում՝ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման առումով:
Շուռա, միայն կողոպուտ
«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 25-26-ի համարներում անդրադարձել էր կառավարության 2013թ. նոյեմբերի 21-ի նիստում «Որոտանի հէկ-երի համալիր» ՓԲԸ գույքի առքուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» N1496-Ա գաղտնի որոշմանը: Հիշեցնենք, որ կառավարությունն այն ընդունել է թաքուն, որոշման նախագիծը նույնիսկ ընդգրկված չի եղել գործադիրի՝ այդ օրվա նիստի օրակարգում, իսկ այն ընդունելուց հետո չի հրապարակայնացվել: Պարզվում է՝ այն մինչեւ հիմա չի հրապարակվել ՀՀ պաշտոնական տեղեկագրերում, այլ՝ գաղտագողի տեղադրվել է կառավարության պաշտոնական կայքի՝ «կառավարության որոշումներ» բաժնում:
Ասել է թե՝ կառավարությունն այս ողջ ընթացքում արել է հնարավոր ու անհնար ամեն ինչ, Որոտանի հէկ-ի վաճառքի գործարքը մութ քողով շղարշելու համար: Բացի այդ, Որոտանի հէկ-ի վաճառքի մասին որոշումն ընդունելիս կառավարությունը դիմել է իրավաբանական մանր ժուլիկության: Բանն այն է, որ կառավարությունն իր 21.11.2013թ. N1496-Ա որոշումը համարել է «անհատական իրավական ակտ» (այդ իսկ պատճառով, որոշման վերջում նշված է «Ա»): Իսկ ահա ««Ձորահէկ» ՓԲԸ կողմից գույքի օտարման խոշոր գործարք կնքելուն հավանություն տալու մասին» կառավարության 16.12.2010թ.N 1660-Ն որոշումը, որն իր բովանդակությամբ ու վերնագրով բավականին նման է Որոտանի հէկ-ը վաճառելու որոշմանը, ժամանակին համարվել է նորմատիվ իրավական ակտ (որոշման հերթական համարից հետո նշված է «Ն»):
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է անհատական ու նորմատիվ ակտեր հասկացությունները: Ըստ այդմ, «նորմատիվ ակտը …պաշտոնական գրավոր այն փաստաթուղթն է, որն ուղղված է իրավական նորմի կամ նորմերի սահմանմանը, փոփոխմանը կամ գործողության դադարեցմանը: Իրավական ակտը համարվում է նորմատիվ, եթե պարունակում է թեկուզ մեկ իրավական նորմ»: Իսկ «անհատական ակտը …չի պարունակում իրավական նորմ եւ սահմանում է վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակի անհատապես նշված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, կամ պետական, կամ տեղական ինքնակառավարման մարմինների, կամ պետական կամ համայնքային հիմնարկների համար»:
Բացի այդ, այստեղ կա նաեւ մեկ այլ նրբություն. նորմատիվ իրավական ակտի ընդունումը վերոհիշյալ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ «պետք է լինի հրապարակային», բացի այդ, օրենքի 52-րդ հոդվածի համաձայն՝ «կառավարության նորմատիվ որոշումները ենթակա են պարտադիր հրապարակման», իսկ անհատական որոշումների հրապարակումը պարտադիր չէ. օրենքի 52 հոդվածի 4-րդ կետը նշում է. դրանք «կարող են հրապարակվել»: Այսինքն՝ կարող են հրապարակվել, կարող են՝ ոչ: Փաստորեն, կառավարությունը Որոտանի հէկ-ի վաճառքի մասին որոշումը մակնշելով «անհատական», այդպիսով նաեւ որոշակի իրավական հիմքեր է ստեղծել այն թաքցնելու համար: Թե ինչ նպատակ է հետապնդել այս ամենը, դժվար չէ կռահել. Որոտանի հէկ-ի վաճառքից առաջացած 180 մլն դոլարն ուղղելու է ոչ թե ՀՀ պետական բյուջե, այլ՝ հէկ-ի հաշվեհամարին, որովհետեւ՝ այսպես ավելի հեշտ է 180 մլն դոլարը գրպանել: Ինչպես կասեր մեծ կոմբինատոր Օստապ Բենդերը. «Ես մաս-մաս կվերցնեի, բայց ինձ միանգամից է պետք»:
Ամանորյա զեղչեր
Ի դեպ, նկատենք, որ 180 մլն դոլարը, որով վաճառվել է Որոտանի հէկ-ը, այս համալիրի համար չնչին գումար է: ՀՀ էներգետիկ համակարգի համար ռազմավարական նշանակության այս օբյեկտը վաճառվել է իր արժեքից շատ էժան: Որոտանի հէկ-ի կայքում տեղադրված են ընկերության ֆինանսական վիճակի վերաբերյալ տարեկան հաշվետվությունները: Վերջին հաշվետվությունը կազմվել է 2013թ. մարտի 29-ին: Այստեղից երեւում է, որ Որոտանի հէկ-ի կապիտալը 2012թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է: Եթե 2011թ. Որոտանի հէկ-ի սեփական կապիտալը եղել է 103 մլրդ 946մլն 474 հազար 914 դրամ, ապա 2012 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, այն ավելացել է` դառնալով 110 միլիարդ 897 միլիոն 66 հազար 586 դրամ: Այդ ժամանակվա միջին փոխարժեքով (ԱՄՆ 1 դոլարը՝ 405 դրամ), Որոտանի հէկ-ի սեփական կապիտալը կազմել է 273 մլն 819 հազար 917 դոլար: Այլ կերպ ասած` Որոտանի հէկ-ը գնահատվել է մոտ 93.8մլն դոլար պակաս, քան վերջինիս իրական արժեքն է: Չնայած, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ համալիրի կապիտալը տարեցտարի ավելացել է, կարելի է ասել, որ Որոտանի հէկ-ը գնահատվել է շատ ավելի պակաս: Ու այս պայմաններում, կառավարությունը Որոտանի հէկ-ը վաճառել է ոչ թե մրցույթ հայտարարելով, այլ՝ բանակցությունների արդյունքում:
Երբ «անշահասիրաբար» փող են սիրում
Որոտանի հէկ-ի «ողջ հմայքն» այն է, որ այս ընկերությունը տալիս է Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի մոտ 40-42 տոկոսը, ընդ որում՝ բավականին ցածր ինքնարժեքով: Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2013 թ. հունիսի 7-ի թիվ 191Ա որոշման, Որոտանի հէկ-ի համար երկդրույք սակագնային համակարգում որոշվել է առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը սահմանել 8.2 դրամ/կՎտժ, ներառյալ` ավելացված արժեքի հարկը: Համեմատության համար նշենք, որ փոքր հէկ-երը էլեկտրաէներգիան վաճառում են 1 կՎտ/ժամը՝ 19-20 դրամով:
Այնինչ, առաջիկայում, կթանկանա նաեւ Որոտանի հէկ-ի արտադրած էլեկտրաէներգիան: Ըստ 2014թ. հունվարի 29-ին ՀՀ կառավարության եւ ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության միջեւ ստորագրված պայմանագրի՝ 2015թ. հուլիսից նախատեսվում է սակագնի փոփոխություն. 1 կՎտ/ժամ էլ.էներգիան ներկայիս 8 դրամի փոխարեն կվաճառվի 15,58 դրամով, իսկ 2018-ից՝ 16.4 դրամ: Ակնհայտ է, որ սա էլ իր հերթին կբերի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների լրացուցիչ բարձրացման: Ընդ որում, այս անգամ սակագնի բարձրացումը տեղի կունենա կտրուկ, քանի որ էլեկտրաէներգիայի գինը բարձրացնում է այն հէկ-ը, որը մինչ այդ համարվում էր ամենաէժան արտադրողը:
Հէկ-ի վաճառքի պայմանագրի հավելվածում ներկայացված են ինչպես սակագների, այնպես էլ՝ արտադրանքի ծավալների նախատեսված փոփոխությունները: Որոտանի հէկ-ն իր արտադրանքի ծավալները նախատեսում է ավելացնել 7 տարվա ընթացքում, իսկ ահա 2020թ.-ից հետո Որոտանի հէկ-ում արտադրված էլ.էներգիայի ծավալները չեն մեծանա՝ այսօրվա 1մլրդ կվտ/ժամի փոխարեն կսկսեն արտադրել 1.250 կվտ/ժամ եւ այդպես՝ մինչեւ 2039թ.՝ ինչպես նշված է պայմանագրում: Փոխարենը, սակայն, հէկ-ը կավելացնի սակագները: Իսկ դա, ինչպես կարելի է ենթադրել, լավ բան չի խոստանում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ՏՄՊՊՀ
Երեկ «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը խոսել է մարտիության թանկացումների մասին եւ փաստել, որ մի շարք ապրանքների գների թռիչք է տեղի ունեցել: Նրա խոսքով՝ ծաղիկների գների աննախադեպ՝ 50 եւ ավելի տոկոս աճ է գրանցվել, ինչի կապակցությամբ իրենք պատրաստվում են դիմել ՏՄՊՊՀ: «Մինչեւ հիմա չեմ դիմել, բայց մինչեւ միամսյակի ավարտը դեռ ժամանակ կա եւ խոստանում եմ դիմել: Գների աճը բնականոն երեւույթ է, բայց եկամուտները եւս պետք է համապատասխանեն այդ աճին,-ասել է Ա. Պողոսյանը եւ հավելել,-մեր երկրում ես տնտեսական քաղաքականություն չեմ տեսնում: Կառավարությունը թող փորձի ինձ հակառակն ապացուցել»:
«Հայաստանի սպառողների միության» նախագահն անդրադարձել է նաեւ առկա սոցիալական ծանր պայմաններին, որոնք վտանգում են հատկապես մանուկների ապագան: Ա. Պողոսյանի հաղորդմամբ՝ մեր երեխաների 15%-ն ունի թերաճության եւ առողջական այլ խնդիրներ, որոնք պայմանավորված են թերսնմամբ: «Զսպման գործընթաց պետք է լինի»,- նկատել է ՀԿ-ի նախագահը եւ օրինակ բերել Գերմանիան, որտեղ տարիներ առաջ երկրի ղեկավարն ասել էր, թե ինքը կարագ չպետք է ուտի, որովհետեւ կարագ պետք է ուտեն երեխաները եւ զինվորները:
ՆՈՐ ՎԱՐԿ ԵՆՔ ՎԵՐՑՆՈՒՄ
Մարտի 7-ին արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը նիստ է անցկացրել, որի ընթացքում հավանություն է տվել Հայաստանի համար 82.21 մլն SDR (127,6 մլն դոլար կամ ՀՀ քվոտայի 89,4%) «Ընդլայնված վարկավորում» 38-ամսյա վարկային ծրագրին: Հիմանդրամի խորհրդի որոշումը թույլ կտա առաջիկայում Հայաստանին տրամադրել շուրջ 18,2 մլն դոլար (11,74 մլն SDR), իսկ մնացած վճարումները կիրագործվեն փուլ առ փուլ: Քննարկումների ժամանակ ԱՄՀ կարգադրիչ-տնօրենի տեղակալ եւ վարչության նախագահի պաշտոնակատար Նեմաթ Շաֆիկը հաղորդել է, որ 2010-2013թթ. Հայաստանում արդեն իրականացվել է հիմնադրամի «Ընդլայնված ֆինանսավորում» եւ «Ընդլայնված վարկավորում» ծրագիրը:
Հիշեցնենք, որ ազգային միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը եռամյա EFF/ECF ծրագրի շրջանակում 2013 թվականի հուլիսի 1-ի նիստում հավանություն էր տվել Հայաստանին 84 մլն դոլարի (55 մլն SDR) հերթական (յոթերորդ եւ վերջին) տրանշի տրամադրմանը: Հաշվի առնելով յոթերորդ տրանշը` ԱՄՀ ընդհանուր փոխառությունների գումարը, պայմանավորվածություններին համապատասխան, կազմել է 407,2 մլն դոլար (266,8 մլն SDR):
ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ