Մեր բանակը միշտ պատրաստ է պատասխան տալուն. Սեյրան Սարոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրենք են նեղված, իրենք են ամեն կերպ ուզում պատերազմ սկսել, ագրեսիա են ուզում տարածել, բայց մենք այդքան խելք ունենք, որ նրանց սադրանքներին չտրվենք»,- այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը` անդրադառնալով երեկվա միջադեպին:

Հիշեցնենք, երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «ՄԻ-24» ուղղաթիռը: Կա երեք զոհ:

«Մեր բանակը միշտ պատրաստ է պատասխան տալուն , տեսե՞լ եք էսքան ժամանակ հակառակորդը որևէ գործողություն անի, և մենք պատասխան չկարողանանք տալ»,- ասաց գեներալը հավելելով, որ Ադրբեջանն այդ քայլին գնացել է վախից և «թուրքությունից»:

«Ադրբեջանական կողմը ինչ ուզում է թող անի, մենք հո չե՞նք կարող անընդհատ լսել, թե թուրքը ինչ է ուզում, թող իրենք իմանան` մենք ինչ ենք ուզում: Այս ամենից պետք է շատ կարևոր եզրակացություն անենք. միասնական պետք է լինենք: Պետք չէ ուրիշի ջրաղացին ջուր լցնել: Մեր ազգի խնդիրն այն է, որ հենց մի լավ բան տեսնում է, անմիջապես մոռանում է կարևորի, ազգի մասին»,-նշեց Սեյրան Սարոյանը` հավելելով. «Ղարաբաղի ճանաչումը միայն մեզանից կախված չէ: Գոյություն ունի գեոպոլիտիկա, որը շատերը չեն էլ հասկանում: Եթե մեր ճանաչելով՝ ինչ-որ բան փոխվի, հենց այսօր էլ կարող ենք հավաքվել և ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Բայց մենք չենք կարող մեր ձեռքով մեր գեոպոլիտիկային հարված հասցնել: Դրա վառ օրինակը Հունաստան -Կիպրոս պատմությունն է»:

«ԵԿՄ-ն պատրաստ է,  Աստված մի արասցե, եթե դրա անհրաժեշտությունը լինի, մենք կազմ ու պատրաստ ենք: Եթե մեր նախագահները որոշեն, հենց այսօր էլ պատրաստ ենք զենք վերցնել ու գնալ պատերազմելու: Երկրապահները միշտ էլ կանգնած են մեր բանակի կողքին: Մենք հենց այնպես ոչինչ չենք ասում: Մենք միշտ պատրաստ ենք»,- եզրափակեց Սեյրան Սարոյանը:




Լրահոս