ՄԻ ՀԱՏ ԿԱԹՆԱՏՈՒ ԿՈՎ ՈՒ ՀԵՔԻԱԹԻ ԳՐՔԵՐ
40-ամյա Սուրեն Ցակարյանը քսան տարուց ավելի է, ինչ իր երկու դստեր, որդու, ով այժմ ծառայում է Հայոց բանակում, եւ կնոջ հետ ապրում է Կոտայքի մարզի Արտավազ համայնքում: Ցակարյաններն այն խեղճ ընտանիքների շարքին են պատկանում, ովքեր եկամտի ոչ մի աղբյուր չունեն: Նրանք չեն օգտվում նույնիսկ ընտանեկան կամ օգնության նպաստից:
«Երկու տարի է նպաստից` կտրված ենք: Ոչ մի տեղից գումար չենք ստանում: Երեք ամսով միայն գյուղից մեկի անասուններն եմ պահում, որի համար 40 հազար դրամ են վճարում: Դրանով մի կերպ, ծայրը ծայրին հասցնում ենք: Լույսի փող ենք տալիս, խանութի պարտքերն ենք փակում ու վերջ»,- ներկայացրեց Սուրենը: Իսկ ամռան եւ աշնան ամիսներին նա գյուղի բնակիչների այգիներում հողագործական աշխատանքներ է կատարում, որի համար վճարվում է չնչին` 3000 կամ 5000 դրամի չափով:
Ցակարյանների ընտանիքի անդամները գյուղի խանութից պարտքով վերցնում են միայն առաջին անհրաժեշտության ապրանքները` հաց, մակարոնեղեն, ձեթ, սուրճ, շաքարավազ:
Սուրենի ավագ դուստրը` 18-ամյա Վարսենիկը, հորն օգնում է հողագործական աշխատանքների ժամանակ. «Շատ կուզեի վարսահարդարի դասընթացների մասնակցել, բայց ափսոս գումար չկա: Սպասում ենք, թե երբ է գալու կարտոֆիլի ցանքի ժամանակը, որպեսզի գոնե մի փոքր գումար աշխատեմ ու հորս ուսերին ընկած հոգսը թեթեւացնեմ»:
Վարսենիկն ունի առողջական խնդիրներ. նրան անհրաժեշտ է վահանաձեւ գեղձի շտապ վիրահատություն, որի համար, սակայն, նույնպես չկա անհրաժեշտ գումար: Սուրենի կինը` տիկին Կարինեն, երազում է մի օր սեփական կով ունենալու մասին. «Գոնե պանիր, կաթ, մածուն կունենանք»:
Ցուրտ տունը տաքացնելու համար Սուրենն իր 18-ամյա դստեր հետ գյուղին մոտ սարերից (մոտ 100 կմ) փայտ է կրում: «Գումար չունենք, որ մեքենայով իջեցնենք այդ փայտը, դրա համար ստիպված մենք ենք կրում բերում: Իսկ մեքենայով բերելու համար 40 հազար դրամ են պահանջում»,-նշեց Սուրենը:
Մի քանի օրից` մարտի 13-ին, Սուրենի կրտսեր աղջկա` 8-ամյա Լիաննայի ծնունդն է: Թե ինչպես պետք է ընտանիքն այդ օրը նշի, հայտնի չէ: «Ասում ա` բոլոր էրեխեքն էլ իրենց ծնունդը նշում են, իսկ դուք իմը` ոչ: Պապան էլ հույս է տալիս, թե կանենք, կանենք, մի մտածի: Բայց ո՞նց, ինքն էլ չգիտի: Հույս է տալիս, որ քույրիկս չնեղանա»,-թախծոտ ժպիտով ասաց Վարսենիկը:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչ նվեր է ցանկանում, փոքրիկ Լիաննան պատասխանեց. «Մի հատ կով, որ կաթ տա, հեքիաթի գրքեր ու տետրեր»: Հուսով ենք, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ով անընդհատ հայտարարում է, թե ճանաչում է իր մարզի բնակիչներին եւ տեղյակ է նրանց խնդիրներին, կարձագանքի հոդվածին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆՈՐ ՄԱՐԶԻՉԸ
Երեկ ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հանդիպումը լրագրողների հետ։ Նրան ներկայացրեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ հայտնելով, որ ՀՖՖ գործադիր կոմիտեն հաստատել է մարզչի թեկնածությունը։ Իսկ մինչ այդ ֆեդերացիան բանակցել է 49 մասնագետի հետ։
Լրագրողների խնդրանքով անդրադառնալով մարտի 5-ին կայացած Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպմանը՝ Ռ. Հայրապետյանն ասաց, որ երբեք մարտ ամսին մեր հավաքականի ֆուտբոլիստները թե՛ ֆունկցիոնալ, թե՛ խաղային առումներով պատրաստ չեն եղել, եւ այս խաղն էլ բացառություն չէր։ Եթե դրան էլ հավելենք, որ Յուրա Մովսիսյանն ու Ռոբերտ Արզումանյանը նոր են ապաքինվել վնասվածքից, ապա պատկերը կամբողջանա։ ՀՖՖ նախագահը հատուկ ընդգծեց, որ երբ հավաքականը հաղթում է, լրագրողները չեն խոսում պաշտպանների սխալների մասին, բայց երբ պարտվում է, մեղադրում են հիմնականում պաշտպաններին։ Մինչդեռ ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է, եւ ամեն մի խաղացողի վատ հանդես գալն ազդում է խաղի ելքի վրա. «Պաշտպանությունն սկսվում է հարձակումից»,- համոզված է բանախոսը։ Պատասխանելով «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ովքեր են ընդգրկված ազգային հավաքականի մարզչական շտաբում, Ռ. Հայրապետյանն անուններ չտվեց, միայն ասաց, որ գլխավոր մարզչի հետ կաշխատի 4 մասնագետ, որոնցից երկուսին նա բերելու է իր հետ, իսկ երկուսը կլինեն տեղի մասնագետներ։
Ինքը` Բեռնար Շալանդը, չցանկացավ շատ բան ասել Ռուսաստան-Հայաստան հանդիպման վերաբերյալ, միայն նշեց, որ մեր հավաքականն իր լավագույն խաղը չխաղաց, եւ որ խաղացողների ֆիզիկական վիճակը շատ վատ էր… Որպես իր ասածի վկայություն` նա ներկայացրեց հանդիպման վիճակագրությունը, ըստ որի, մասնավորապես, Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները վազել են 122 կմ, իսկ մեր ֆուտբոլիստները՝ 116 կմ։ Եվ այդ 6 կմ-ը շատ մեծ տարբերություն է։ Բայց նա համոզված է, որ մեր ազգային հավաքականը ներուժ ունի, եւ իր նպատակը հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս բերելն է։ Իհարկե, այսօր թիմը դրան պատրաստ չէ. շատ-շատ աշխատանքներ կան անելու, բայց «վաղը պատրաստ կլինի»։ Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնությանը, ապա ընդամենը երեք հանդիպում դիտած մասնագետը չցանկացավ ինչ-որ եզրահանգումներ անել։
Եվ վերջում` մի տհաճ միջադեպի մասին։ Հենց սկզբում զգացվեց, որ ՀՖՖ նախագահը նյարդայնացած է, ասուլիսի ընթացքում էլ պարզվեց, որ նա շտապում է օդանավակայան։ Եվ քաղաքական հարց տալու «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի ցանկությունը վերջնականապես զայրացրեց ՀՖՖ նախագահին։ Նա նախ ասաց, որ դա ասուլիսի թեմայից դուրս է, ապա նկատողություն արեց ձեռքերը կրծքին խաչած խոսելու համար, իսկ դահլիճը լքելիս էլ, ինչպես ռուսներն են ասում՝ «մի զույգ քնքուշ» խոսք ասաց լրագրողի հասցեին։ ՀՖՖ նախագահն, ըստ ամենայնի, տեղյակ չէ, որ ասուլիսին հրավիրված լրագրողները իրավունք ունեն հարցեր տալ ցանկացած թեմայի շուրջ: Ինքն էլ իրավունք ունի որոշելու` պատասխանել դրանց, թե ոչ: Եվ ցանկալի է` քաղաքակիրթ բառապաշարով ու տոնայնությամբ:
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ
ՄԱՐԶԵՐ
ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐՏՎԵՑԻՆ
Մարտի 9-ին Տավուշի մարզի Խաչաղբյուր, Աղավնավանք, Հովք, Զորական, Դեբեդավան համայնքներում կայացան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Նշենք, որ այդ ոչ մեծ գյուղերը բնակեցված են Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցներով: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից (տեղակայման վայրը` Իջեւան) ստացված նախնական տվյալներով՝ Հովքի գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Յուրիկ Ցուգունյանը ստացել է 99, իսկ Հովքի դպրոցի ուսուցիչ, ՀՅԴ անդամ Գրիգոր Գեւորգյանը՝ 125 քվե, 7 քվեաթերթիկ անվավեր է համարվել: Հավելենք, որ Յուրիկ Ցուգունյանն այդ համայնքը ղեկավարում էր 1996թվականից: Խաչարձանում համայնքի ղեկավարի միակ թեկնածուի՝ ՀՀԿ անդամ Գագիկ Շահնազարյանի օգտին քվեարկել է 168 ընտրող, 11-ը՝ դեմ, 3 քվեաթերթիկ անվավեր է համարվել: Աղավնավանք համայնքի ղեկավարի ընտրություններում գյուղի դպրոցի տնօրեն, ՀՀԿ անդամ Սերգեյ Թաիրյանը ստացել է 79, նույն դպրոցի ուսուցիչ, ՀՀԿ անդամ Վարդան Գրիգորյանը՝ 104 քվե, 7 քվեաթերթիկ անվավեր է համարվել: Թիվ 41 ԸԸՀ-ից հայտնեցին, որ ընտրությունների վերաբերյալ բողոքներ չեն ստացվել: Տավուշի թիվ 40 ԸԸՀ-ից (տեղակայման վայրը՝ Նոյեմբերյան) ստացված նախնական տվյալներով՝ Վրաստանին սահմանակից Դեբեդավան համայնքի ղեկավարի ընտրություններում գործող գյուղապետ, անկուսակցական Վանյա Դամիրչյանը ստացել է 200, ՀՀԿ անդամ Ֆեդյա Էլչիբեկյանը 167 ձայն, 6 քվեաթերթիկ անվավեր է համարվել: Ցուցակային 836 ընտրող ունեցող Զորականի գործող գյուղապետ, համայնքի ղեկավարի միակ թեկնածու, ՀՀԿ անդամ Սուրեն Մարտիրոսյանը ստացել է 447 քվե, 15-ը՝ դեմ, 10 քվեաթերթիկ անվավեր է համարվել: Դեբեդավանում եւ Զորականում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ եւս բողոքներ չկան:
9.5 ՄԼՆ-Ի «ԱՅՖՈՆ»
Տավուշի մարզի դատարաններում շատ են Վրաստանից հեռախոսների, նոութբուքների, մաքսանենգ ներկրման գործերով դատերը: Երեւանի բնակիչ, 1975թ. ծնված Տիգրան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. նոյեմբերի 6-ին օդափոխման համակարգեր ներկրելու նպատակով մեկնելով Վրաստան, չի կարողացել դրանք գնել, փոխարենը Թբիլիսի քաղաքում, ոմն Գիյայից ձեռք է բերել 24 հատ «Այֆոն Ս 5» մոդելի բջջային հեռախոս: Տ. Պետրոսյանն իր վարած «Նիսան» ավտոմեքենայի սրահի նստատեղի դիմացի պահոցներում եւ ետեւի երկու նստատեղի տակ թաքցնելով՝ Բագրատաշենի մաքսակետով Հայաստան է տեղափոխել ընդհանուր 9 միլիոն 570 հազար դրամ արժեքով բջջային հեռախոսներ: Սակայն մաքսային բեռնահամալիրում դրանք հայտնաբերվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Տ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով («Մաքսանենգություն»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում այսօր կկայանա սույն գործով դատավարության երկրորդ նիստը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ